Emedia.am-ը գրում է.
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ վերջին շրջանում, սահմանային գոտում, Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների առիթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայկակոչելով Հայ դատի կենտրոնական խորհրդի կայքը, նամակի պատճեները հասցեագրվել են Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, 2014 թվականին ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալտերին:
«Ադրբեջանի կողմից ձեռնարկվող հարձակումներն ու գնդակոծումները Հայաստանի սահմանամերձ գյուղերի վրա և Լեռնային Ղարաբաղի շփման գոտում, ինչպես նաև կրակի բացումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակի պատվիրակության անդամների վրա, կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների՝ ամբողջ տարածաշրջանում: Ձեր ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այս իրողության, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մշտական ռազմատենչ հայտարարությունների վրա՝ հայության և Հայաստանի հանդեպ»,- ասվում է նամակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ