BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր

Հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած հայտնի իրադարձություններում տեղեկատվական դաշտի ունեցած դերակատարումն ու գործելակերպը, անշուշտ, արժանի են առանձին դիտարկման: Թեև գնդակոծություններ և դիվերսիոն գործողություններ ժամանակ առ ժամանակ արձանագրվել են արդեն 20-ամյա զինադադարի ողջ ընթացքում, սակայն նման մասշտաբի դեպքերն իսկապես աննախադեպ էին ու տեղեկատվական հոսքերը նույնպես աննախադեպ ծավալի եղավ: Սրանք, փաստացի, առաջին համեմատաբար լայնամասշտաբ ռազմական գործողություններն էին Հայաստանում առցանց լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի զարգացման փուլի մեկնարկից հետո և լուրջ քննություն էին վերջիններիս համար: Ըստ էության, սա այն իրավիճակն էր, երբ պետք է պատասխան տրվեր մի հիմնարար հարցի՝ արդյո՞ք խոսքի և մամուլի նման ազատությունը, որը տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է, ավելորդ ճոխություն չեն պատերազմող երկրի համար և արդյո՞ք խոչընդոտող հանգամանք չեն դառնա ռազմական գործողությունների պայմաններում:

Առաջին մի քանի օրերին հետևելով մամուլի միջոցների և սոցցանցերի օգտատերերի գործելակերպին՝ կարելի էր անթաքույց շփոթմունք ու անհստակություն նկատել նրանց վարքում, որը և լուրջ իրարանցման, նաև շատ ու շատ մեր հայրենակիցների տագնապի պատճառը դարձավ: Շատ լրատվականներ, փորձելով հագուրդ տալ իրենց ընթերցողի լրատվական քաղցին ու փորձելով լինել ամենաօպերատիվը, տարածում էին չճշտված լուրեր, որոնք երբեմն ադրբեջանական աղբյուրներից էին և ուղղված էին հայկական լսարանին շփոթության մեջ գցելուն:

Այնուհետև գիտակցելով իրավիճակի վտանգավորության աստիճանն ու հասկանալով, թե ինչ մեծ պատասխանատվություն է դրված իրենց ուսերին, լրատվական դաշտը շտապորեն իրեն թափ տվեց ու հաշված ժամերի ընթացքում ինքնամաքրվեց: Մենք մեր աչքերով տեսանք, թե ինչպես օպերատիվության մոլուցքն աստիճանաբար իր տեղը զիջեց օբյեկտիվության ապահովման հիմնարար նպատակին ու ինչպես հնարավոր դարձավ չեզոքացնել հակառակորդի խայծերը, որոնք միտված էին հայկական կողմի խրոնիկ բարոյալքմանը: Հակառակորդի գործողությունների ամենաթեժ պահերին նկատելի էր, թե ինչ հստակ ու անվրեպ է գործում մեր մամուլը, սոցցանցերը և ինչպես են հասարակական խուճապ առաջացնող միֆոլոգեմներին փոխարինում ճիշտ և սեփական ուժի նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված գաղափարական-արժեբանական տեղեկատվությունները:

Ընդ որում, պետք է ազնվորեն ընդգծել, որ այս մոբիլիզացիան որևէ իշխանական օղակի հրահանգավորում չէր, այլ ինքնակազմակերպմանն հրաշալի դրսևորում, որը ոգևորում է մեզ և գոտեպնդում:
Իհարկե նույնիսկ ամենփայլուն գրչով գրված պատմության էջերում են միշտ եղել դերակատարներ, որոնց վարքը մեղմ ասած հիշելու բան չէ: Լրատվական դաշտում էլ այնուամենայնիվ գտնվեցին լրատվամիջոցներ, որոնք, չանսալով համընդհանուր գործողությունների պլանին, շարունակում էին վերահրապարակել ադրբեջանական հիվանդոտ նյութերն ու հղումներ անել ադրբեջանական կայքերին: Բարբեախտաբար նրանց ձայնը լսելի չդարձավ հանրության լայն շերտերի համար և մատուցված պռոադրբեջանական աղբը չլքեց նրանց խմբագրությունների սահմանները:

Ամփոփելով այս ամենը պետք է հպարտությամբ արձանագրել, որ այն էներգիան, որը ներդրվել է մամուլի ազատականացման համար, ապարդյուն չէ և, որ մենք այժմ ունենք իսկապես խելացի, կողմնորոշվող և պետականամետ մամուլ, որը խաղաղ օրերին իշխանություններին նրանց բացթողումներն է մատնանշում, իսկ լարված պահերին կանգնում է պետության կողքին: Իհարկե նաև, աշխատելու դեռ շատ տեղ կա, բայց գրանցված հաջողությունները պարզապես պարտադրում են արձանագրել իրենց: Մամուլն այս օրերին ապացուցեց, որ նրա այսչափ ազատությունը ոչ միայն հակասության մեջ չէ պատերազմական իրավիճակի հետ, այլև կարող է հրաշալի գործիք դառնալ մարդկանց գոտեպնդելու ու հայրենասիրական ոգին բարձրացնելու:

Առջևում, նոր մարտահրավերներ են, որոնք անանցանելի են, երբ միասնական չենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել