Հարց

Համարվում է արդյո՞ք անհրաժեշտ ինքնապաշտպանություն այն դեպքը երբ օրինակ՝  աղջկա վրա հարձակվում են և աղջիկն օգտագործում է գազային բալոնչիկ:

Պատասխան

Ինչպես հայտնի է, հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է քրեական օրենսգրքով:

Քրեական օրենսգիրքը սահմանել է նաև, որ հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:

Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք, պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում ոտնձգության բնույթին և վտանգավորությանը: Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է քրեական օրենսգրքի հատուկ մասով:

Հատկանշական է, որ անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին է պատկանում՝ անկախ ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաև անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից և պաշտոնեական դիրքից:

Օրենքը սահմանել է նաև, որ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում և քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի կամ ցանկացած այլ միջոցների կամ առարկաների գործադրումը զինված անձի հարձակումից կամ անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար, ինչպես նաև ապօրինաբար և բռնությամբ բնակարան կամ այլ շինություն ներխուժելը կանխելու համար` անկախ ոտնձգողին պատճառած վնասի ծանրությունից:

Տվյալ իրավիճակում, հաշվի առնելով այն փաստը, որ աղջկա նկատմամբ տեղի է ունեցել հարձակում և աղջիկն օգտագործել է գազային բալոնչիկ, թույլ է տալիս եզրահանգելու, որ վերջինիս գործողությունները գտնվում են անհրաժեշտ պաշտպանության տիրույթում և քրեական պատասխանատվության չեն կարող հանգեցնել:

Պետք է հիշել նաև, որ անձի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ:

Հայկազ Գալստյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

 Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել  editor@blognews.am հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել