Տարիներ շարունակ միջազգային հարթակում մեր շախմատիստների գրանցած հաջողություններն առիթ են հանդիսացել յուրաքանչյուր մրցաշարից առաջ մեր տղաներից ակնկալել միայն հաղթանակներ: Սակայն, ցավոք, վերջին մրցաշարերը մեզ համար, մեղմ ասած, այդքան էլ հաջող չեն ընթանում: Եվ ամենացավալին այն է, որ նախորդ մրցաշարերում կատարած սխալներից դասեր չենք քաղում: Դեռևս վերջին 2 մրցաշարերում ակտիվ շրջանառվում էին Սերգեյ Մովսիսյանի անկայուն խաղի մասին լուրերն ու 5-րդ պահեստային խաղացողի ընտրության հարցը:
Եվ ահա՝ ինչ տեղի ունեցավ այս պահին Տրոմսյոյում ընթացող շախմատի 41-րդ օլիմպիադայում: Նախ հավաքականի 5-րդ խաղացող ընտրվեց Տիգրան Քոթանջյանը, ում շախմատային վարկանիշը (ELO) ոչ միայն բավական ցածր է համեմատած մեր մյուս տղաների, այլև վերջին 2 ամսվա կտրվածքով անցկացրած պարտիաներում գրանցել է -24 ցուցանիշ: Նրա փոխարեն կարելի էր ընդգրկել հավաքականում խաղալու մեծ փորձ ունեցող Տիգրան Պետրոսյանին, ում վարկանիշային գործակիցը 2633 է: Իսկ եթե հաշվի է առնվել վերջին ամիսների ընթացքում խաղացած պարտիաները, ապա Արման Փաշիկյանին, ում գործակիցը ոչ միայն անհամեմատ բարձր է՝ 2631, այլև վերջին պարտիաներում գրանցել է +24 արդյունք: 
Եվ ահա, այս ընտրությունն էլ հանգեցրեց նրան, որ մենք 3-րդ տուրում պարտվեցինք ֆրանսիացիներին: Այն որ Սերգեյ Մովսիսյանը շատ վատ մարզավիճակում է, տեսանելի էր նաև առաջին 2 տուրերում. առաջին տուրում միայն հրաշքով կարողացավ հաղթահարել Ճապոնիան ներկայացնող Կոջիմային, ում անհատական վարկանիշն ուղղակի շատ ցածր է ՝ 2373, իսկ ահա 2-րդ տուրում չկարողացավ առավելության հասնել ընդամենը 2439 գործակից ունեցող ավստրալացի Իլլինգվորթի նկատմամբ: Իսկ ահա Ֆրանսիայի հետ խաղից առաջ մեր կազմում չունենալով Մովսիսյանին համարժեք փոխարինող, մեր տղաները կրեցին ցավալի պարտություն: 3-րդ խաղատախտակում Մովսիսյանի կրած պարտության պատճառով մեր հավաքականը կրեց իր առաջին պարտությունը:
Ժամանակն է թարմություն մտցնելու, որպեսզի հնարավորություն ունենանք հաղթանակներ ակնկալել ոչ միայն սրտով, այլև մտքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել