Վերջապես մենք ձեռք բերել ե՞նք իրական իրավունք բացահայտ արտահայտվելու, թե հեռավոր ապագայում այդ ճոխության ակնկալությունն ունենանք: Զրուցակիցներիցս մեկն ասաց, որ արտահայտվելու իրավունք մենք իհարկե ունենք, բայց արտահայտման բոլոր ձեւերից ամենանախընտրելին բամբասանքն է, քանի որ դա ամենաանվտանգ է: Մեկ ուրիշն էլ ասաց. «Բամբասանքը մեղք է»:
Որոշ մարդիկ էլ հետեւյալ կերպ են արտահայտվում. «Եթե ինչ-որ մեկին կարգալույծ են արել, ապա դա Աստծու կամքն էր, իսկ բողոքելը ըմբոստություն է»: Մի խումբ մարդիկ էլ, չցանկանալով հայտնել իրենց ով լինելը, ուղերձներ են հղում, որն ամփոփ հետեւյալ բովանդակությունն ունի. «Մայր Աթոռի վարած քաղաքականության քննարկումները համացանցում խաթարում են մեր անդորրը, եւ մենք չեն ցանկանում, որ մեր կամ մեր մերձավորների կարյերան հարցականի տակ դրվի մի քանիսի պատճառով, որոնց հետ ծանոթ լինելու դժբախտությունն ենք ունեցել»: Ապա հետեւյալ ամփոփ մաղթանքով եզրափակում են. «Բավական է, որքան արտահայտվեցիք, եկեք վերադառնանք մեր անցած գնացած բարի ժամանակներին, երբ կոնկրետ ոչինչ չէինք ասում, բայց պատերի տակ մի լավ բամբասում էինք»:

Այսօր կան մի շարք իրողություններ, որոնք Հայաստանում խրախուսելի են: Դրանք են. նախ՝ արեւմուտքին գորշ գույներով ներկայացնելը, հատկապես՝ ԱՄն-ին, առանց Ամերիկան տեսնելու, երկրորդ՝ Եկեղեցի չգնալով հանդերձ հանդիմանել աղանդավորներին, երրորդ՝ տանը թախտին նստած ծաղրել թուրքերին ու ադրբեջանցիներին, չորրորդ՝ խոսակցություններ ծավալել գենդերային հարցի շուրջ, հենց այնպես, ժամանցի համար, եւ որ ամենակարեւորն է՝ հայտարարել, որ այսինչ հայտնի մարդը հայ է, իսկ իր պապը ազնվական ծագում ունի: Վերջինս համեմատաբար քիչ է հանդիպում:

Կան իրողություններ, որոնց շուրջ Հայաստանում չի խրախուսվում խոսել. դա եկեղեցական անցուդարձն է: Ոմանց կարծիքով Եկեղեցական թեմաները արգելափակված են, ուստի չի կարելի դրանք դարձնել քննության առարկա հանրության համար: Այսօր ժողովուրդը եկեղեցիական անցուդարձին մասնակից է լինում, երբ մի որեւէ քահանայի են կարգից զրկում: Սկզբում բուռն բանավեճեր են բռնկվում, որն աստիճանաբար դադարում է հետաքրքիր լինելուց, մինչեւ նոր կարգալույծի գույժը: Եւ քանի որ վերջին տարիներին դա մեր կյանքում հաճախ է հանդիպում, դրանից էլ մեր ժողովուրդը սկսում է ավելի շատ մասնակից լինել եկեղեցիական անցուդարձին:
Նման դեպքերում ոմանք պահպանում են իրենց անվրդով կեցվածք, ոմանք էլ շատ բուռն են արձագանքում, ոմանք ամեն կերպ փորձում են պաշտպանել Մայր Աթոռից եկած որոշման իրավացիությունը, ոմանք էլ՝ հակառակը: Ապա ինչ-որ մի նոր մանրամասնություն է ի հայտ գալիս ոմն հայտնի մարդու ապրելակերպից, որն իրականում ճշտել հնարավոր չէ, եւ սկիզբ է առնում բամբասանքի նոր ալիք:

Այսինքն՝ նախկին խորհրդային այս երկրում ժողովրդավարությունը, թափանցիկությունը, բացախոսությունը եւ նման այլ իրողություններ հնարավոր են միայն կենցաղային խոսակցությունների մակարդակով:
Իրականում մենք մեր ներաշխարհով մնացել ենք այն, ինչ եղել ենք նախկին ռեժիմի տարիներին, երբ նորություններն իմանում էինք բաղնիքում եւ ծխարաններում, երբ մեր զայրույթը ռեժիմի հանդեպ դրսեւորում էինք ստադիոններում, իսկ մեր արտահայտվելու միակ միջոցը անիկդոտներն էին: Ստացվում է, որքան ռեժիմը անմարդկային է, այնքան մեծ է կատակելու ցանկությունը: Ողբերգությունը ծնում է հումորի զգացում, եւ ստրուկը սատար է կանգնում իր բռնակալին: Հիմա հասկանում եմ, թե ինչու արեւմուտքում մեր հումորը չեն հասկանում:
Այդպիսով՝ վերադառնում ենք նրան, ինչից սկսել էինք, ինչպես հրեաները 40 տարի անապատում շրջելիս կարոտում էին եգիպտական ստրկությանը մի կտոր մսի, սոխի ու սխտորի համար՝ ըստ խոսքի. «Իսրայելացիները նստած լաց էին լինում եւ ասում. Ո՞վ մեզ ուտելու միս կտա: Մենք հիշեցինք ձուկը, որ Եգիպտոսում ձրի էինք ուտում, սեխը, ձմերուկը, պրասը, սոխն ու սխտորը» (Թվեր ԺԱ 4-5): Այդպես էլ այսօր մարդիկ երազում են վերադառնալ նախկին ռեժիմին, երբ ամեն ինչ որոշվում էր Կրեմլի պատերից ներս, որպեսզի իրենք մի կուշտ ուտեն եւ շարունակեն անիկդոտներ պատմել: Բայց կստանան արդյո՞ք այն սոխն ու սխտորը, որի համար պատրաստ են ծախելու իրենց ազատությունը, դա այլ հարց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել