Աշխարհի ամենահին մասնագիտությունը բոլորովին էլ այն չէ, ինչ դուք հիմա մտածեցիք: Ոչ էլ լրագրողությունը, որ հաճախ անվանում են երկրորդ հնագույնը: Ամենահինն է չարաբաստիկ «փի-առը» ` հասարակական հարաբերությունների արհեստը, արվեստն ու գիտությունը, նայաց թե ով է դրանով զբաղվում: Երկուշաբթի օրվա ճնշող մտնոլորտը թեթևացնելու համար պատմեմ թե իչպես մի անգամ ամերիկյան կինոաստղ Շերոն Սթոունը փրկեց ռուսական դեմոկրատիան սեփական բարեմասություններով: Սա զվարճալի հիշողություններ կարդնացնի իմ հասակակիցների մոտ, ուսանելի կլինի երիտասարդության համար ու միգուցե կրկին կօգնի մեր ռուս ընկերներին, թեև դրանում ես կասկածում եմ: Ուրեմն, գործը 1996 թվին էր, Ռուսաստանում պատրաստվում էին երկրորդ նախագահական ընտրություններին ու բոլորին արդեն ձանձրացրած հարբեցող Ելցինը հարցումներում ստանում էր 4% էլ պակաս ձայն: Սա խուճապ էր առաջացնում ժողովրդավարական բարեփոխումների ջատագովների մոտ, քանզի նրա մրցակիցն էր կոմունիստ Զյուգանովը, որը սպառնում էր վերանայել սեփականաշնորհումն ու վերականգնել ԽՍՀՄ: Չուբայս-Սոսկովեց-Կորժակով «բարեփոխիչների» թիմը դիմեց ամերիկյան «փի-առ» մասնագետներին, ճիշտ ինչպես հետագայում նկարահանված «Պոչն է շանը թափահարում» հրաշալի հոլիվուդյան ֆիլմում: Ելցինի վարկանիշը սկսեցին ուռճեցնել ու փչել անխնա ձևով: Շուտ ծերացած ռուս նախագահը պարում էր էստրադային երգչուհիների հետ ու մասնակցում էժանագին հեռուստաշոուների, բրեժնեվյան ոճով բարևում էր կթվորուհիներին ու գրողներին շքանշաններ բաժանում: Սակայն առանցքային խնդիրն այն էր, որ ընտրությունների օրը կիրակի էր, երբ Ելցինի հիմնական ժողովրդավարական ու առաջադեմ համարվող ընտրազանգվածը` Մոսկվայի ու Պետերբուրգի բնակչությունը մեկնում էր գյուղ, ամառանոցներում «ուիք-էնդ» անցկացնելու համար: Իսկ Ռուսաստանի գյուղական ու գավառական շրջանները համարվում էին սովետամետ «կարմիր գոտի» և աջակցում էին Զյուգանովին: Ուրեմն առաջնահերթ նպատակ դառձավ միլիոնավոր մոսկվացիներին ու պետերբուրժցիներին այդ շաբաթ ու կիրակի տներում ու քաղաքում պահելը, որպեսզի նրանք ներկայանան ընտրատարածք ու քվեարկեն(տարրական կեղծելու մասին այն բուսաբանական ժամանակներում չէին էլ մտածում): Խնդրի ճշգրիտ ձևակերպումը գործի կեսն է, սակայն ինչպե՞ս իրականացնել երկրորդ կեսը: Ի՞նչը կարող էր 1996 թվականի շոգ շաբաթ օրը քաղաքներում պահել շուրջ տասը միլիոն մարդու… Դժվար իրավիճակներում օգնության են հասնում դասականները, տվյալ դեպքում «փի-առի» ու հեղափոխության անվիճելի մասնագետ Լենինը, որը վաղուց դեռ ասել էր`«Բոլոր արվեստներից կարևորագույնն է կինոն»: Նոր դարում դա նշանակում էր հեռուստատեսություն: Պետք է հիշել երկու կարևոր հանգամանք. 1996 թ. ռուսական ու ողջ այսպես կոչված «կենտրոնական» հեռուստատեսությունը դեռևս համարյա խորհրդային էր, գորշ, վախվորած ու բոլոր կոճակներով կոճկված: Բացի դա հեռուստատեսությունը այն ժամանակ համարյա չեր հասնում նոր-նոր սեփականաշնորհվող քաղաքամերձ ամառանոցներ: Ուստի լուծումը գտնվեց և այն «հեղափոխական» էր: Ընտրությունների շաբաթվա սկզբից ի վեր ամեն օր, օրը քսան անգամ Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադվում էր շաբաթ ուշ երեկոյան ծրագրում հայտարարված ամերիկյան նոր աղմկահարույց «Հիմնական բնազդ» կիսաէրոտիկ ֆիլմի գովազդը, որտեղ կիսահագնված Շերոն Սթոունը ոտը ոտիմ էր գցում ու այդ չարաբաստիկ տեսարանը կտրվում է կեսից, կիսատ ու չհագեցած թողնելով չտես նախկին խորհրդային բնակչության բռնկված հետաքրասիրությունը` արթյո՞ք չարաճճի շիկահերի հագին կար ներքնազգեստ թե ոչ: Հետագա օրերին սույն դարակազմիկ տեսարանը ցուցադրվում էր ապշած ընտրազանգվածին մահմեդական նամազի հաճախականությամբ, զուգահեռաբար հայտնելով, որ «սենսացիոն» ֆիլմի հեռուստատեսայն շնորհանդեսը կայանալու է շաբաթ լույս կիրակի ուշ գիշերը: Չորեքշաբթի օրը անգամ Զյուգանովը հասկացավ, թե ինչպիսի իշխանական ծուղակ է թաքնված Շերոնի ոտքերի արանքում, սակայն «փչացած ամերիկյան կինոն արգելելու» նրա կրքոտ կոչերը միայն ավելացրեցին համատարած և անառողջ հետաքրքրությունը Շերոն Սթոունի անհետացած ներքնազգեստի հանդեպ: Այսօր դա կարող է թվալ անհավանական ու ծիծաղելի, բայց այս ամենը կատարվում էր մի հսկայական երկրում, որտեղ դեռ հինգ տարի առաջ «սեքս չկար», ինչպես հայտնեց մի կին սովետա-ամերիկյան հեռուստակամուրջներից մեկի ժամանակ, և որտեղ դեռ վերջերս բանտարկում էին «էրոտիկ» տեսաֆիլմեր դիտելու և բազմացնելու համար: Եվ ահա քեզ` Մոսկվայի Առաջին հեռուստալիքով Շերոն Սթոունը… ոտը ոտին է դնում… Նշված օրը ամեն ինչ պատրաստ էր ռուսական դեմոկրատիան փրկելու համար: Տարբեր պատճառաբանությամբ, քմծիծաղելով կամ ամոթխած, նախկին սովետական ժողովուրդը մինչև գիշերվա երկուսը սպասում էր երանելի տեսարանին: Մոսկվայի ու Պետերբուրգի բնակչության ճնշող մեծամասնությունը չեր մեկնել գյուղ ու ամառանոցներ: Մոլորակի ցամաքի 15% զբաղեցնող երկիրը լուսացնում էր անքուն գիշեր: Եվ ահա…Շերոն Սթոունը կպցրեց սիգարետը և դանդաղ, շատ դանդաղ դրեց ոտքը ոտքին… Հսկայական երկիրն արտաշնչեց: Կոմունիզմը տապալվեց: Մյուս օրը քնաթաթախ ազգաբնակչությունն ուզած-չուզած կիրակի կեսօրից հետո հասավ ընտրատուփերին ու քանի որ Մոսկվան ու Պետերբուրգը գյուղ այդպես էլ չգնացին այդ օրը` Ելցինը հաղթեց: Այսօր արդեն քչերն են հիշում այդ պատմությունը, բայց որ մեկ-մեկ մտածում եմ, թե ով կամ ինչը փրկեց ռուսական դեմոկրատիան և մեզ բոլորիս Սովետի վերադարձից 1996 թվին, մնացած մազերս բիզ-բիզ են կանգնում: Դե ուրեմն խմենք չքնաղ Շերոն Սթոունի կենածը, մեկ էլ նրա այն բարեմասության, որը մի անգամ փրկեց Ռուսաստանը: Քանի որ այսօր նման բանով նրան այլևս չես փրկի…I
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/803211436379079
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել