ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ իսրայելական զորքերի կողմից պաղեստինյան Ռաֆահ քաղաքում գտնվող դպրոցի գնդակոծումը միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում է, «անբարոյական արարք և հանցագործություն», որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության:
Ռաֆահի դպրոցը կառավարվում էր ՄԱԿ-ի կողմից և ծառայում էր նաև որպես ապաստարան մարտական գործողությունների վայրերից հեռացած պաղեստինցիների համար, իսկ ՄԱԿ ապաստարանները պետք է լինեն անվտանգ գոտիներ անգամ մարտական գործողությունների վարման վայրերում:
Դե ինչ, ևս մեկ անգամ պետք է փաստել, որ ՄԱԿ-ը վաղուց վերածվել է ֆիկտիվ կառույցի, որի նորմերն ու կանոնները չի խախտում միայն նա, ով պարզապես զլանում է դա անել:
Ակնհայտ է, որ այդ կազմակերպությունն ի սկզբանե ուներ իրական հնարավորություններ ակտիվորեն միջամտելու գործընթացին և զսպելու երկու կողմերին էլ, սակայն դրա փոխարեն այն սահմանափակվեց դեկլարատիվ հայտարարություններով և քիչ թե շատ «արթնացավ» միայն այն ժամանակ, երբ հարվածը հասցվեց անմիջականորեն իր համակարգում գործող կառույցին:
Չի բացառվում նաև, որ այդ հարվածը իսրայելցիների կողմից կրում էր միտումնավոր բնույթ և նպատակ ուներ ևս մեկ անգամ նսեմացնելու ՄԱԿ-ի գործունեությունը, և, ինչպես ասում են, «ցույց տալու նրան իր տեղը»:
Իհարկե, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի, ելքն էլ դեռևս անհայտ է:
Իսկ Պան Գի Մունը մինչ այդ ազդարարում է. «Անմտությունը պետք է կանգնեցվի, իսկ կողմերը պետք է դադարեցնեն մարտերը և վերադառնան խաղաղության արահետ»... Սակայն կանեն արդյոք դա կողմերը, ու մինչ անեն, դեռ քանի՞ հոգի հրաժեշտ կտա այս աշխարհին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1453841798215093&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել