Սենյակը մութ էր ու դատարկ, այն աստիճանի, որ միջանցքում նայելով հայելու մեջ՝ ոչինչ չտեսավ…
Դատա՜րկ…
« Երևի սրտումս էլ նույն պատկերն է», անցավ մտքով ու առանց լույսը միացնելու առաջացավ:
Ինչ որ բան էր խանգարում, չէր հասկանում ի՞նչ, հետո մտածեց ու դա երեք թույլ առակայծող լույսերն են, երկուսն իր աչքերից մեկն էլ համակարգչի էկրանի թույլ լույսը:
« Երևի կամաց կամաց գժվում եմ», անցավ մտքով ու մեքենայորեն սեղմեց ինչ որ կայքի վրա:
Մի պահ ուժեղացավ էկրանի լույսը, կարծես ճնշեց ու…
Ինչ որ բան էր խանգարում, չէր հասկանում ի՞նչ, անհանգիստ էր, աչքե՜րը մթության մեջ, էկրա՜նը…զգաց, որ խանգարողը կարճ, իրեն ամուր գրկած շրջազգեստն է, փորձ արեց վրայից հանելու, մերկանալու ու վազվզելու մթության մեջ, ազատվելու ինչ որ բանից, որը տանջում էր…
Երբ կիսահանված էր, սենյակում երևացին երկու զույգ աչքեր՝ նրա Կապույտ աչքերը և մի ինչ որ կնոջ Սև աչքեր, հետաքրքրասե՜ր ու ծակո՛ղ…
Նրա աչքերը, որոնք կրկնում էին. «Մենք իրար չե՜նք հասկանում» և կնոջ աչքերը որոնք ասում էին «Ես կլինեմ ձեր թարգմանիչը…դո՛ւ չհասկացար նրան, ե՛ս հասկանում եմ…»

Ձեռքերով ակամայից ծածկեց կրծքերն ու նստեց բազմոցին, նրանք էլ տեղավորվեցին իր դիմաց:
Կապույտ աչքերն ասացին
- Մի՞գուցե հագնվես:
Չհասկացավ ինչ էր ասում, հարցական նայեց Սև աչքերին, որոնք թարգմանեցին:
- Կարող ես չհագնվե՛լ, ինձ քո մերկությունը չի՛ հուզում:
- Ինչո՞ւ ես եկել, ի՞նչն է քեզ բերել, բավակա՞ն չէ տանջես ինձ:
Սև աչքերը թարգմանեցին:
- Հեռացի՛ր, ես ատո՛ւմ եմ քեզ:
Կապույտ աչքերը լցվեցին ինչ որ հեղուկով:
- Ես միշտ սիրել եմ քեզ, հիմա էլ չեմ կարողանում առանց քեզ:
Սև աչքերը թարգմանեցին:
- Ես ուղղակի սովորել էի քեզ, հիմա ինձ հանգիստ եմ զգում:
Դեմքը դանդաղ իջավ, մազերը կախվեցին կրծքի վրա:
« Չեմ հասկանո՜ւմ, չեմ հասկանո՜ւմ, մի՞թե իրոք ճիշտ էր, երբ ասում էր, որ իր լեզուն չեմ հասկանում…» 
Կապույտ աչքերն ինչ որ բան էին խնդրում, նայելով նրան:
- Մեկ ժամից ինքնաթիռս է, մի՞գուցե մի խոսք ասես, մի կերպ պահես ինձ, ես կմնամ, հավատա՛, ես քեզ սիրում եմ ու ոչինչ չեմ կարող անել, եթե դու ինձ չօգնես:
Սև աչքերը թարգմանեցին:
- Ինչպես որ ցանկացար, ես հեռանո՜ւմ եմ, եկել եմ հրաժեշտ տալու, մնա՜ս բարով:
- Մնա՛, խնդրո՜ւմ եմ, մնանք երկուսով, ես քե՛զ, քո՛ լեզուն կհասկանամ, խոստանո՜ւմ եմ, խնդրո՜ւմ եմ, դեռ ամեն ինչ կորած չէ, հասկանո՞ւմ ես ինձ:
Սև աչքերը թարգմանեցին:
- Դե քանի որ հեռանում ես, քեզ հաջողությո՜ւն, այդպես ստացվեց, ուրեմն թող լինի այդպես…
Կապույտ աչքերը իջան ծնկի ու ծնկաչոք մոտեցան, գրկեցին ոտքերը, նայեցին աչքերի մեջ:
Սև աչքերը մոտեցան, բարձրացրեցին Կապույտ աչքերին ու հանգիստ տարան նստեցրեցիր նախկին տեղում:
Հասկացավ, որ ինչ որ բան այնպես չէ, որ սիրո լեզուն ենքակա չէ թարգմանման, ենթակա չէ մի երրորդ անձի ներկայության, հասկացավ, որ պետք է մի բան անել, լարել իրեն, սթափվել…ոչի՜նչ չգտավ:
- Ես չե՛մ կարող առանց քեզ, նույնիսկ արդեն քանի օր է չեմ կարողանում վառել լույսը, մնում եմ մթության մեջ, փնտրում եմ քեզ իմ սենյակի ամեն մի անկյունում, ձեռքերով շոշափում եմ վերնաշապիկներդ, հոտոտում, նույնիսկ չեմ դատարկել մոխրամանդ, մի՞թե չես հասկանում ինձ, խոսի՛ր, խոսի՛ր իմ լեզվով, քո՛ լեզվով, պետք չէ թարգմանչուհի, ես հաստատ կհասկանամ…

Լացը խեղդում էր, բերանի անկյուններում թախիծն իր սարդոստայնն էր սկսել հյուսել, ձեռքերն համաչափ դողում էին կրծքերի վրա ու կարծես ուսերի հետ մտած ռեզոնանսի մեջ բարձրանում ու իջնում էին…
Սև աչքերը թարգմանեցին:
- Գնա՛, քեզ բարի ճանապարհ, ես նույնիսկ արդեն քանի օր է լույսս չեմ վառում, որ դու տեսնես դրսից ու հասկանաս, որ տանը չեմ, քո թողած ամեն իր իմ մեջ առաջացնում է կարեկցանք, դու տղամա՛րդ չես ու ես երբեք քո լեզուն չե՛մ հասկանա: Հեռացի՛ր…

Կապույտ աչքերը ոտքի կանգնեցին, հարցական նայեցին ու փորձ արեցին հեռանալու:
Սև աչքերն էլ ոտքի կանգնեցին, բռնեցին Կապույտ աչքերի թևը, գլուխը հենեցին ուսին ու պատրաստվեցին հեռանալու…
Մնում էր մի վերջին, մի հուսադրող փորձ անել հասկացնելու կամ հասկանալու կատարվածը… ոչինչ չէր ստացվում:
Ձեռքերը բարձրացան սրբելու աչքերն ու բացեցին կուրծքը:
Կապույտ աչքերը փայլեցին, փորձ արեցին սլանալու ու…
Սև աչքերի ձեռքերը փակեցին Կապույտ աչքերը ու շշնջացին.
- Տղամա՛րդ եղիր, նա քեզ ատո՛ւմ է, իսկ ես պաշտում եմ, սթափվի՛ր, գնալու ժամանակն է, այստեղ դու ոչինչ չունե՛ս:

Անճարությունից սկսեց հանվել, մերկացավ, փորձ արեց մոտենալու Կապույտ աչքերին, որոնք փակված էին Սև աչքերի ձեռքերով…
Կապույտ աչքերը չէին տեսնում իրեն, բայց զգում էր, որ անհանգիստ են, ալեկոծ, փորձ են անում դուրս պրծնել, ազատվել ինչ որ կապանքներից, չէր ստացվում…
Իսկ Սև աչքերի մոտ ստացվեց Կապույտ աչքերին փակ, դանդաղ իր ետևից դեպի դուռը տանել:
- Ես կվերադառնա՜մ, սպասի՜ր,- բղավում էին Կապույտ աչքերը:
- Քեզ հաջողությո՜ւն, մոռացի՛ր ինձ, մենք չենք հասկանում միմյանց,- թարգմանում էին Սև աչքերը…

Սենյակը մութ էր ու դատարկ, այն աստիճանի, որ միջանցքում նայելով հայելու մեջ ոչինչ չտեսավ…
Դատա՜րկ…
« Երևի սրտումս էլ նույն պատկերն է», անցավ մտքով ու առանց լույսը միացնելու իր մերկությամբ ճեղքելով մութը՝ առաջացավ դեպի պատուհանը:

Բակում իրար հետ վիճելով հեռանում էին Կապույտն ու Սևը…
Կապույտը հաճախակի գլուխը շրջում էր ու նայում իր պատուհանին, որը լուսավորված չէր ու հուշում էր որ տանը մարդ չկա:
Սևը՝ ձեռքերով ինչ որ բան էր հասկացնում, բացատրո՜ւմ, համոզո՜ւմ…
Հասկացավ, որ ինչ որ բան այնպես չէ, որ սիրո լեզուն ենքակա չէ թարգմանման, բայց Սև աչքերի ձեռքերի լեզուն հեռվից հասկացավ ու անօգնական նստեց հատակին…
Ձեռքում ինչ որ շորի կտոր էր հայտնվել, որը մոտեցրեց աչքերը սրբելու համար, բայց մի ծանոթ ու հաճելի բույր թուլացրեցին ձեռքերն ու մատների արանքից հատակին գցեց Նրա վերնաշապիկը…

- Կվերադառնա՜, անպայմա՛ն կվերադառնա:
Նա հասկացավ ինձ, իսկ ե՞ս, ես չէի հասկանում նրա լեզուն, չեմ էլ ուզում հասկանալ, ես Վերադարձի լեզուն գիտեմ, ես քայլերի լեզուն գիտեմ, ես ետ շրջվելու լեզուն գիտեմ, ես կարոտի լեզուն գիտեմ…ես սիրո լեզուն գիտեմ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել