Սիրիայի կառավարական զորքերի` Հալեպի գործողությունը ղեկավարող գեներալը խոստացել է «մաքրել» քաղաքը ընդդիմադիրներից` 20 օրվա ընթացքում: 

Գեներալը, ով խնդրել է չհրապարակել իր անունը, հայտարարել է, որ ընդդիմության շարքերում կռվում են թուրքեր, չեչեններ, աֆղաններ, լիբիացիներ, ինչպես նաև «սիրիացի մարդասպաններ և մաքսանենգներ»: Նրա խոսքերով` բազմաթիվ օտարերկրյա զինյալների գոյության մասին վկայում են նաև Հալեպի բնակիչները:

The Independent-ի` Սիրիայում գտնվող թղթակից Ռոբերտ Ֆիսկը նշել է, որ իր աչքերով է տեսել ապստամբներից վերցված զենքերը, որոնց մեջ ռուսական և խորհրդային զենքերից բացի եղել են իսպանական, բելգիական զենքեր, ինչպես նաև անհայտ ծագման ձեռքի նռնակներ:

Բացի այդ, սիրիացի զինվորականները պատմել են, որ ընդդիմադիր յուրաքանչյուր խմբավորում ունի բուժկետ, որտեղ օգտագործվում են արտասահմանյան արտադրության դեղորայք և նյութեր:

Ֆիսկի տվյալներով` քաղաքի կենտրոնը կառավարական զորքերի վերահսկողության տակ է, սակայն մարտերը չեն դադարում, իսկ ընդդիմադիրները ակտիվորեն դիպուկահարների է օգտագործում:

Ավելի վաղ բրիտանական The Guardian-ի թղթակից Մարտին Չուլովը պատմել էր, որ Հալեպում լավ զինված իսլամիստ-զինյալների խմաբվորում է գործում: Նրանց թվում կռվում են չեչեններ և ուզբեկներ:

Չուլովը նշել է, որ զինյալները չեն թաքցնում, թե որտեղից են եկել:

«Այստեղ կան մարդիկ ամեն տեղից. Պակիստանից, Սաուդիան Արաբիայից, ինչպես նաև չեչեններ և ալժիրցիներ»,- ասել է նա:

Չուլովը նշել է, որ այդ տղամարդիկ հիմնականում սև հագուստով են, գլխաշորերով. «Նրանց մեծ մասը մորուքավոր են և նրանց մեծ մասը իսլամիստ արմատականների է նման»:

Նյութը՝ Tert.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել