Սովորաբար դեսերտների մասին վատ կարծիքի են` դրանք օգտակար չեն, շատ քաղցր են (բոլորի համար չեն) ու առհասարակ կարելի է դրանց մասին հիշել մեկ-մեկ` ծնունդներին ու տարբեր առիթներով:
Այս մեկը դրանցից չէ` նախ այն շատ հեշտ է պատրաստվում ու առանց որևէ գազօջախի միջամտության և ամենակարևորը, այն օգտակար է ու կարող է դառնալ նաև շատ լավ նախաճաշ:
Մեզ պետք է ընդամենը`
Յուղազրկված կաթնաշոռ (կարող եք վերցնել նաև սովորական)
1 շիշ ձեր նախընտրած մրգի համով ըմպելի յոգուրտ
* օգտագործեք տեղականը` դրանք ավելի բնական են, քան արտասահմանից բերված սինթետիկ համերով յոգուրտները:
1 բաժակ վարսակ
100 գր գետնանուշ
10-15 գր դառը շոկոլադ 80%
3 ճգ մուգ կակաոյի փոշի
* Կակաոն գնեք կիլոյով` կողմնորոշվեք դրա մուգ գույնով ու գնելիս անպայման փորձեք:
1 բաժակ ձեր նախընտրած հատապտուղից (ես փորձել եմ մոշ և մորի)
Պատրաստման եղանակը բարդ չէ`
Վերցրեք այն ամանը, որի մեջ տորթ եք պատրաստում, ավելի լավ, եթե այն ռետինից է: Վարսակը խառնեք գետնանուշի հետ, դրեք տոպրակի մեջ ու գրդնակով մի փոքր անցեք վրակով: Պետք չի դրանք շատ փշրել, ուղղակի մի փոքր մանրացրեք: Հիմա այն տեղափոխեք ամանի մեջ ու հավասար բաշխեք բոլոր անկյուններով:
Խառնեք յոգուրտն ու կաթնաշորը` միքսերով կամ ձեռքով (նայեք ձեր հարմարությանը): Լցրեք լուծույթի մի մասը վարսակի շերտի վրա: Հիմա ավելացրեք հատապտուղի շերտը:
* Եթե շատ քաղցրակեր եք ու չեք դիմանում` ուզում եք շաքարավազ ավելացնել, ապա փորձեք այն փոխարինել մեղրով…թե չե իմ առողջ ռեցեպտը կփչացնեք :)
Հատապտուղի շերտից հետո ավելացրեք մնացած յոգուրտային լուծույթն ու ծածկեք այն վարսակի շերտով: Վրան ավելացրեք կակաոյի փոշի ու մանրեցված շոկոլադ, դրեք սառնարանի ամենացուրտ հատվածը:
5-6 Ժամից կամ հաջորդ առավոտ ձեր տորթը կպնդանա` կարող եք այն ամանից հանել: Շուռ տալուց հետո կրկին ցանեք կակաոյի փոշի:
Մատուցելիս տորտի վրա ավելացրեք թարմ հատապտուղ:
Անպայման փորձեք այս ռեցեպտն ու կիսվեք տպավորություններով :)
P.S.
Ռեցեպտում գործածվող բոլոր բաղադրիչները լավ են սրտի, մաշկի, արյան շրջանառության ու իմմունիտետի կարգավորման համար:
Հատապտուղները հարուստ են C վիտամիններով ու անտիօքսիդանտներով (սրանք վերացնում են ծխախոտի կամ վնասակար սննդի միջոցով մեր օրգանիզմ թափանցող ազատ ռադիկալները):
Սիրով`
Նյամիկ Էլլա Կանեգարիան