Եկեք խոստովանենք, որ ցուրտ ամիսներին հաճախակի բրինձ պատրաստելուց հետո ամռան շոգին մեզանից շատերն առհասարակ չեն ուզում այն ուտել:
Անկախ դրանից բրինձը շատ օգտակար է օրգանիզմի համար ու պարունակում է մեզ այդքան անհրաժեշտ վիտամին B1-ի մեծ պաշարներ, որոնք լավ են արյան ճնշման համար, ու նաև (կանայք այս մեկի համար կսկսեն պաշտել բրինձը) լավ են մաշկի համար`դանդաղեցնում են ծերացման պրոցեսսը: Ու սա դեռ վերջը չէ, ուղղակի Մալիշեվայի հաղորդում չեմ ուզում դարձնել բլոգս :)
Այսքանից հետո կարծում եմ արժե բրինձը չանտեսել անգամ ամռանը…եկեք ուղղակի մի փոքր այլ կերպ այն պատրաստենք ու փորձենք թարմացնել մեր ու բրնձի լարված հարաբերությունները:
Սա այն ռեցեպտն է, որի շնորհիվ ես կրկին սիրեցի բրինձ ուտել:
Ամեն ինչ շատ հեշտ ու արագ է արվում: Դեռ 10 րոպեն չանցած ձեր ուտեստը պատրաստ կլինի: Դրա համար վառեք գազօջախն ու վրան դրեք կաթսա:
Մեզ պետք է
1 բաժակ բրինձ
1 լիմոն կամ ցիտրուսային կեղևի ջուր
5 հատիկ հիլ
2 ճգ քունջութ
3 հավի դոշ` առանց կաշի և ոսկոր
3-4 թարմ, քաղցր բիբար` դեղին, կարմիր, կանաչ
սոյայի սոուս
Լցրեք բրինձը կաթսայի մեջ ու ավելացրեք երկու անգամ ավել ջուր, մի փոքր աղ: 8-10 րոպեն բավական են, որպեսզի բրինձը պատրաստ լինի, իսկ մենք անցնենք մյուս գործերին:
Գազօջախին դրեք թավա, մեջը լցրեք քունջութն ու թողեք այսպես մի քանի րոպե` մինչև քունջութը գույնը չփոխի: Հիմա հանգիստ թողեք բրինձն ու քունջութը ևկենտրոնացեք այլ բաների վրա…օրինակ` հավի:
Բարակ ու երկար կտորների բաժանեք հավի կրծքամիսն ու վրան աղ, կարմիր պղպեղ (քաղցր և կծու) ավելացրեք, մի փոքր սև բիբար: Կտրատած մսերի վրա ավելացրեք 4-5 ճգ սոյայի սոուս ու 1 ճգ թարմ քամած լիմոնի հյութ:
Հավանաբար արդեն քունջութը թավայից հանելու ժամանակն է` տեղափոխեք այն չոր ամանի մեջ ու մոռացեք որոշ ժամանակով:
Քունջութի կողմից լքված թավայի մեջ լցրեք մի փոքր զեյթունի ձեթ:
Մի փոքր մասսաժ? Իհարկե, հավի միսը դրանից միայն գոհ կմնա: Ձեռքերով լավ տարածեք սոուսն ու համեմունքները ու միսը տեղափոխեք թավայի մեջ:
Լսում եք թշշոցը? Ուրեմն ամեն ինչ կարգին է :) Մեկումեջ խառնեք հավի միսն ու դրան հավասար կտրատեք բիբարները` երկար: Հենց հավի միսն իր գույնը փոխի ավելացրեք բիբարներն ու շարունակեք խառնելը` մեզ պետք չէ, որպեսզի բիբարները լինեն լխկած:
Հիմա բրինձը: Պատառաքաղով խառնեք այն, դատարկեք ավելորդ մնացած ջուրը (եթե այն կա) ու ավելացրեք կաթսայի մեջ դանակով ճզմած հիլն ու մի փոքր դարչին, սև բիբար, բահար: Լավ խառնեք բրինձն ու ավելացրեք մի փոքր լիմոնի հյութ: Կրկին խառնեք:
Վերջ, կարող եք անջատել կրակը (ու խնդրում եմ հարգելի կանայք`այո դուք, մի ավելացրեք կարագ կամ յուղ վրայից: Բրինձը համարվում է թեթև ու դիետիկ ուտելիք, այնպես որ խնդրում եմ` թողեք, որ այն մնա այդպիսին):
Մատուցեք բրինձը հավով ու քունջութով, կարող եք հետև մատուցել նաև սոյայի սոուս:
Սիրով`
Նյամիկ Էլլա Կանեգարիան