Ամուսնալուծությունը նշանակում է ընտանեկան կյանքի ավարտ: Իսլամական օրենքում ամուսնալուծությունը` տալակ (արաբ.` طلاق), ամուսնու կամ դատարանի որոշմամբ հարաբերությունները հարթելու անհնարինության կամ մեկ այլ պատճառով ընտանեկան հարաբերությունների խզումն է: Երջանիկ ընտանեկան կյանքը հնարավոր է միայն փոխադարձ սիրո և հարգանքի առկայության դեպքում: Ընտանիքը, որտեղ յուրաքանչյուրը փորձում է ապացուցել իր իրավացիությունը` չընդունելով մյուսների կարծիքը, չի կարող երկար պահպանել իր ամբողջականությունը: Մարդը, ով գիտի ուժգին սիրել, ընդունակ է նաև ատելու: Այսպիսով, մարդը, ով հանրության կողմից համարվում է համակրելի և սիրալիր, լինի նա կին թե տղամարդ, ընտանեկան կյանքում նրա մեջ կարող են բացահայտվել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ագրեսիվությունը, անգթությունը կամ հույզերով, զգացմունքներով կիսվելու անկարողությունը և այլն:
Իսլամի համաձայն Ալլահը մարդու վրա ավելորդ պարտականություններ չի դրել: Ամուսնալուծության հարցում իսլամի պահանջները բխում են մարդկային բնույթի առանձնահատկություններից: Իսլամում թույլատրվում է ամուսնալուծությունը, և նրա ընթացակարգը լուսաբանված է Ղուրանի այաթներում և հադիսներում: Ամուսնալուծության թույլատրելիությունը իսլամում չի նշանակում, որ մարդը կարող է հեշտությամբ ամուսնալուծվել: Սակայն իսլամը ազատում է այդ միությունը պահպանելու անհրաժեշտությունից տարբեր բնավորություն և ներաշխարհ ունեցող երկու մարդկանց, ովքեր չեն կարող ապրել միասին: Ամուսնալուծության թույլատրելիությունը մեծ բարիք է և հնարավորություն երկու անձանց համար գտնել իրենց համապատասխան զույգ, նորից ամուսնանալ և երկար տարիներ ապրել երջանիկ։ Ղուրանում ասվում է. «Եթե ամուսինները ամուսնալուծվեն, ապա Ալլահը մեծահոգաբար կապահովի նրանց: Ալլահը առատաձեռն է, իմաստուն»: Այսինքն` ամուսնուն արգելված է բաժանվել կնոջից առանց որևէ պատճառի: Իսլամական գիտնականների մեծամասնությունը չի խրախուսում առանց որևէ լուրջ պատճառի ամուսնալուծությունները: Ինչպես նաև ամուսնալուծվելու կնոջ ցանկությունը, որը հիմնավորվոծ չէ զանազան պատճառներով, ենթակա է մերժման: Մուհամմադն ասել է. «Կինը, ով կցանկանա բաժանվել իր ամուսնուց առանց լուրջ պատճառների, չի զգա նույնիսկ դրախտի բույրը»: Թեև ամուսնալուծությունը իսլամում թույլատրված է, սակայն հարցին առավել լավ է դիմել որպես մի վերջին միջոցի: Մուհամմադն ասել է. «Թույլատրվածներից ամենատհաճը Ալլահի համար ամուսնալուծությունն է (տալակ)»:
Ամուսնալուծության ընթացակարգը իսլամում
Ամուսնալուծվելու համար բավական են ամուսնու արտասանած մեկ կամ մի քանի բառերը, ուստի նա պետք է ուշադիր լինի իր խոսքերին: Բառերը, որոնք մատնանշում են ընտանեկան կյանքի ավարտը, կարող են լինել ուղղակի և բացահայտ կամ այլաբանական և փոխաբերական: Այսինքն` կախված հասարակության մշակույթից և ավանդույթներից` ցանկացած բառ, արտահայտություն, ակնարկ, որը նշանակում է հարաբերությունների խզում, հանգեցնում է ամուսնալուծության: Օրինակ` «ես բաժանվել եմ քեզանից» արտահայտությունը ուղղակի արտահայտություն է, որը նշանակում է ամուսնալուծություն, թեև որոշ մշակույթներում ձևակերպումը կարող է փոքր ինչ քողարկված լինել և օգտագործվել այլաբանորեն: Այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են «դու ազատ ես, գնա ուր կկամենաս», «հիմա դու ես քո ղեկավարը» թեև ուղղակիորեն չեն նշանակում ամուսնալուծություն, սակայն այն դեպքում, երբ արտահայտում են հարաբերությունները խզելու ցանկություն, ապա ամուսնալուծությունը դառնում է իրական: Բացի այդ, եթե ամուսինը հայտնի ամուսնալուծության մասին հեռախոսի կամ համացանցի միջոցով, ապա ամուսնալուծությունը կհամարվի կայացած: Սակայն տղամարդը պետք է համոզվի, որ հաղորդալարի մյուս կողմում իսկապես իր կինն է: Հակառակ դեպքում ապահարզանը, որը հաեռախոսի կամ համացանցի միջոցով տրվում է մի կնոջ, որը չի հանդիսանում տվյալ տղամարդու կինը, ուժ չունի:
Ամուսնալուծություններ հատուկ իրավիճակներում և դրանց հետևանքները
Ամուսնալուծությանը վերաբերվող մի շարք հարցեր
Աղբյուրները՝ Коран. Перевод И. Ю. Крачковского
Ислам. Энциклопедический словарь
Боголюбов А. - Талак
Թարգմանեցին՝ Հ. Լոքյանը, Լ. Արզաքանցյանը և Գ. Հակոբյանը



