Աշխարհում, ես այն շատերից մեկն եմ, ով ամիսներառաջ գլխիկոր, բայց հպարտ կանգնած էր նրանց պանթեոնի առաջ, որտեղ հուզմունքն ավելորդ է, որտեղ խեղճությունն ու տկարությունը անզորությունից նահանջում են:
Որտեղ ոչ մի կերպ տառդ բառ չի դառնում, որտեղ քեզ ավելի վստահ, ապահով ու պաշտպանված ես զգում: Որտեղ աղոթքդ դառնում է երդում ու մի ավելորդ անգամ խոստանում. «Եթե հարկ լինի...»:
Այսօր, նորից պիտի թերթենք Հայոց պատմության քառհատորյակի դյուցազներգության բաժինը... Այս ընտիր բաժնի այն գլուխը, որն իրենց արյունով գրեցին մեր նահատակ սրբերը, մեր ռազմի ճերմակափայլ տաճարի ադամանդափայլ քրմերը:
1983 թվականի հուլիսի 27-ի առավոտյան, մեր անթաղ մեռելների ու մոխրացած ոսկորների խոր շառաչը, քամին տնքալով հասցրեց Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոն... ուր,
ուխտին հավատարիմ, Հայոց ազատագրության բագինին իրենց զոհաբերության ժամին էին սպասում նրանք...
ուխտին հավատարիմ, Հայոց ազատագրության բագինին իրենց զոհաբերության ժամին էին սպասում նրանք...
Ովքե՞ր էին նրանք... որտեղի՞ց էին եկել... Այս պարզ ու հասարակ հարցադրման մեջ պատասխանը հասկանալու համար պարտադիր է, եւ հարկ է, որ թերթենք Հայոց պատմության խունացած էջերն ու այնտեղ գտնելով, կարդանք... Սեդրակ, Սիմոն, Սարգիս, Արա, Վաչե...
Այդ նրանք էին, որ անտեսելով ամեն ինչ երդվեցին. հավատարիմ մնալ... երդվեցին, եթե հարկ լինի...Հրամայական դարձած հարկ լինին, միավորվեց... բռունցքվեց ու պայթեց:
Փշրվեց օդում, իր հետ փշրելով աշխարհի լռությունը...
Այդ օրը Տեր Զորի անապատներից մեր խաչված հայուհիների խոլ տառապանքներից հյուսված տխուր նվագը պիտի փոխակերպվեր մարտաշունչ հաղթերգի:
Այդ օրը Լիսաբոնի երկնակամարը պիտի ներկվեր հեղափոխական կարմիրով ու կամաց-կամաց վերածվեր ամպագոլ թրթիռի, թողնելով հավատարմության ուխտի դաշինք ծիածանը...
Այդ օրը, պիտի գար ու եկավ լրացնելու, ամբողջացնելու հայոց պատմության ռազմաշունչ մատյանի փառահեղ էջերը...
Այդ օրը, հայ մարդը նորից պիտի հավատար իր ռազմի աստծո պաշտամունքին ու նվիրեր իր համար այնքա՛ն թանկը...
Զոհաբերության այս աննախադեպ դրվագը հեղաշրջեց իր սեփական ուժի ու կարողության հանդեպ անվստահություն ձեռք բերած ժողովրդին...
Խռովքի չափ ալեկոծեց հոգիները:
Որտեղի՞ց եկան այս տղաները... Ո՞վ վառեց նրանց ներսում անթեղված կրակը... ո՞վ եւ ե՞րբ հայտնաբերեց այս փայլուն հոգիները...
Որտեղի՞ց եկան այս տղաները...
Փորփրեցի հիշողությանս մատյանն ու հասկացա...
Բոցաշունչ արյան ժառանգություն ստացած, ազգային-գաղափարական դաստիարակության ճամփով եկան այս հեղափոխական 5-ը... Եկա՞ն, որ կիսատը ավարտեն... եկա՛ն, որ շարունակողը լինեն, եկա՛ն, որ ոգու դաստիարակություն ներարկեն իրենցից հետոներին...
Հայոց պատմության աստվածաշունչ մատյանի այս գլուխը պիտի լավ սերտենք, ուշադիր ու վստահ...
Թերթենք ու գտնենք մեր հեղափոխական ժամանակների հերոսների հարություն առած կերպարները...
Լավ սերտենք այս դասը, Լիզբոնի դասը, Սիմոնի ու Արայի իմաստավորված կյանքը, Սագոյի լեցուն հավատքը, Վաչեի կամքն ու Սեդրակի հերոսին վայել խոնարհումը:
Նրանց փարումը ազատության խորանին մի նոր դաս էր զանգի նման էր, կոչի պես...
Նրանց զոհաբերումը գաղափարի տաճարին աղոթքի նման էր, խունկ ծխելու պես...
Ովքե՞ր էին այս տղաները, որտեղի՞ց եկան: Ինչու՞ չկարողացանք նրանց մեր մեջ պահել: Ի՞նչը խանգարեց մեզ նարնց մեր մեջ ունենալու: Ախր դա այնքան հե՛շտ էր, այնքա՜ն կարեւոր հետագայում մեզանից հետոներին փոխանցելու համար:
Ինչու՞ պիտի Արայի Հեղինե մայրիկը ափսոսանք ապրեր, որ առանց գիտենալու հերոս է մեծացրել, եւ ցավում է, որ ուրիշ զավակներ չի ունեցել ուրիշ անգամ էլ զոհաբերելու, նվիրաբերելու համար հայիս ազատության բագինին:
Ինչու՞ պիտի Սիմոնի Մարալ քույրը, եղբոր ֆիզիկական կորստի այդ անբուժելի ցավի մեջ հոգեկան բարձր բավականություն գտներ մխիթարվելու համար նրա վեհ արարքով...
Ինչու՞ պիտի վարպետ Օննիկը իր որդուն ամեն անգամ հիշելուց ասեր. «Առօրյա իր կյանքի մեջ հանդարտ, բայց ազգային ու հատկապես Հայ Դատի հետ կապված հարցերի մեջ միշտ ջղուտ ու վճռակամ կեցվածք ուներ Սեթոս...»:
Աստված իմ, որքան մեծ է Սագոյի Մարի մայրիկի սփոփանքը, երբ որդու դագաղին թեքված, բայց հպարտորեն ու վստահությամբ պիտի ասի թե. «Սագոս ու իր ընկերները աշխարհին ապացուցեցին, որ հայ ժողովուրդը մշտապես պատնեշի վրա է, եւ որ անձնազոհ մարտիկները երբեք չեն պակասում, եւ որ պիտի չհուսահատվել, որովհետեւ նրանք արթուն են եւ վճռել են շարունակել պայքարը...»:
Կամքի ինչպիսի՛ դրսեւորումով է խոսում Վաչեի Նազար հայրը, որ «...ժամանակին շատ նահատակներ ենք տվել ու պատրաստ ենք ավելին զոհելու մինչեւ, որ հասնինք մեր նպատակին...»:
Այս տղաների ու նրանց հարազատների արտահայտությունները ընկալելու, նրանց ներաշխարհի մեջ թափանցելու, նրանց գաղափարական ու քաղաքական գիտակցության արմատներին հասնելու, հայտնաբերելու համար, բավարար է թերթել նրանց դաստիարակության Սրբազան Մատյանները հանդիսացող մեր հեղափոխական գրականությունը, նաեւ հասկանալու համար թե որտեղի՞ց եկան այս տղաները:
Նիկոլ Դումանների ու Արաբոների ազատատենչ ոգին շնչած այս տղաները, ամեն կերպ ջանում էին հեռու մնալ ինքնացուցադրումից ու առօրյա, կենցաղային մանր-մունր անիմաստ աղմուկից:
Նրանք գիտակցում էին, որ շառավիղն էին Տեր Զորի բյուրավոր նահատակների վերապրած բեկորների: Նրանք գիտակցում էին, որ ոգու եւ գաղափարի մահը, նախ մահ է ազգային արժանապատվության: Անարգանք, գլխատված կամ գլուխն ի վայր խաչված հայ կանանց ու երեխաների անթաղ դիակներին:
Ու այս գիտակցումով եկան այս հեղափոխական 5-ը: Եկան փաստելու, որ միայն լացով ու ողբալով հայրենիք չի կառուցվի:
Հայ ժողովրդի պատմական ամբողջ ընթացքում առյուծածին մայրերը հերոսներ կերտելու ճանապարհին, գաղափարի կաթով սնեցին իրենց զավակներին, օրոցքի կողքին մշտապես «Զարթի՛ր որդյակը» շուրթերին: Ծնեցին, սնեցին ու նվիրաբերեցին աստվածների տաճարին:
...Ահա՛ հերոսը, ժողովրդի ընտրյալը, պատրաստ զոհաբերության, ինքնամատուցման...
Հերոսներն այսպես են լինում... հեռու կյանքի աղմուկից... ինքնամոռացության տալով իրենք իրենց, նետվում են ազգային յուրօրինակ տեսակի պահպանման ձեւի դրսեւորման խարույկի մեջ:
Նույնացվող նախատիպեր մեր պատմության ընթացքում մշտապես ունեցել ենք եւ դեռ պիտի ունենանք... Թեկուզ եւ հենց Բանկ Օտոմանի օրինակով կամ Շուշիի լեգենդով:
Գարեգին Նժդեհն մարդու այս տեսակին բնորոշելիս ասում է. «Մեծ Մեռելները», նրանք են, որոնք իրենց ապրած կյանքով ու թափված արյունով սրբագործում են հայրենի հողը, իմաստավորում են գաղափարը: Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճիւնից կը բարձրանայ:
Մի ժողովուրդ բարոյապես այնքան ուժեղ է, որքան ջերմ է նրա պաշտամունքը դէպի իր մեծ մեռելները»:
Լիզբոնի մարտիկները իրենց նահատակությամբ միացան մեր «Մեծ Մեռելներին» ու դարձան ներշնչանքի աղբյուր, պայքարի կորով, հավատ ու ոգեւորություն ներարկելով հայ երիտասարդության մեջ, փոխակերպվեցին դյուցազներգության մեր Սասմա Ծռերի:
Յիշածս ու յիշածս անունները կը ներկայացնեն այն սերունդը, որ իր զոհաբերութեամբ, իր յեղափոխական խառնուածքով, իր բարոյական ըմբռնումներով մէկ անգամ միայն ծնաւ մեր կեանքին մէջ եւ երկրորդ անգամ այլեւս աշխարհ չտեսաւ: Անոցմէ ոմանք միայն յիշեցի, …բայց ուրիշ ատեն, երբ կարելի լինի, պէտք է տալ անոնց բոլորին նկարագիրը, որովհետեւ անոնցմէ ոմանք հայոց կեանքի մէջ վճռական դեր կատարեցին: Ես շատ սերունդներ տեսայ տարբեր վայրերու մէջ, բայց այդ սերունդին համն ու հոտը տարբեր էր, ինչպէս Արտամետի խնձորինը, թէկուզ մէջը որդ ինկած լինի…
Ասում էր ՌՈՒԲԵՆԸ իր «Հայ յեղափոխականի մը հիշատակարանը» հատորյակի չորրորդ բաժնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել