Emedia.am-ը գրում է.
European Times լրատվական գործակալությունը, որը մասնագիտացած է Եվրոպայի քաղաքական գործիչների և գործարար աշխարհի միջև կապերի խթանման ուղղությամբ, Արցախին նվիրված շարք է պատրաստել:
Գործակալությունը հարցազրույցներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պաշտոնյաների և գործարարների հետ` ներկայացնելով նրանց տեսակետները Արցախի, ինչպես նաև այնտեղ ներդրումներ կատարելու և գործունեություն ծավալելու ներուժի և հնարավորությունների մասին:
ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը European Times-ի հետ զրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բաց է նոր ներդրողների համար, և կառավարությունը պատրաստ է ամեն կերպ թեթևացնել նրանց հոգսերը: «Ցանկանում եմ խնդրել աշխարհով սփռված մարդկանց անտեսել մեր երկրի մասին բացասական լրատվական հրապարակումները: Մեր հանրապետությունը երկար տարիների պատմություն ունի, մենք պատրաստ ենք ամեն կերպ թեթևացնել նրանց մտահոգությունները, ովքեր հետաքրքրված են այստեղ ներդրումներ կատարելով: Մենք երաշխավորում ենք յուրաքանչյուր ներդրողի, որ իրենց ներդրումները ապահով և անվտանգ կլինեն Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա:
Գիտության և կրթության նախարար Սլավիկ Ասրյանի խոսքով, կրթությունն Արցախում պետական քաղաքականության գերակայություններից մեկն է հանդիսանում: Նախարարությունն աշխատում է միջազգային և Հայաստանի համալսարանների հետ կրթական համակարգը զարգացնելու և ԵՄ կրթական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: «Թեև մենք պաշտոնապես չենք կարող մասնակցել Բոլոնիայի կրթական բարեփոխումների ծրագրին, սակայն փաստացի արդեն իրականացրել ենք բոլոր անհրաժեշտ բարեփոխումները Բոլոնիայի կրթական համակարգի չափանիշներին համապատասխանելու ուղղու թյամբ»,- հավելել է ԿԳ նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ