
ԾԱՆԻ՜Ր ԶՔԵԶ
«Մի ծանոթ տեսա. այնքան էր փոխվել՝ չճանաչեցի»: Այստեղ գործածված է երկու բառ՝ ծանոթ և ճանաչել:
Արդի հայերենի բառարաններում ծանոթ նշանակում է «նախապես ճանաչված, հայտնի»: Իսկ ճանաչել նշանակում է «ծանոթ լինել, գիտենալ մեկին, որևէ բան»: Տեսնենք, թե ինչ կապ կա ծանոթ և ճանաչել բառերի միջև:
Ծանոթ և ճանաչել երկու բառերն էլ ծագում են նույն ծան արմատից: Զարմանալի է, որ ճանաչել բառի նախավոր ձևն է ծանաչել: Այստեղ ծ-ն, ազդվելով չ-ից, վերածվել է ճ-ի:
Հետաքրքիր է, որ ծան արմատի հետ է կապվում նաև ծանակ «խաղք, խայտառակություն» բառը: «Նոր հայկազյան բառարանը» բառի իմաստը ներկայացնում է հետևյալ կերպ. «Իբր բոլոր մասերը ճանաչված, ծանոթ մորե մերկ ծնածի պես»: Այսինքն՝ ում բոլոր մասերը ճանաչված են կամ ծանոթ են, նա խայտառակված է, ծանակված է:
Կարծիք կա, որ խրախճան, դավաճան, ճակաճան, տիրաճան բառերի մեջ նույնպես ճանաչել բառի ճան արմատն է: Խրախճան՝ «խրախ (ուրախություն) ճանաչող», դավաճան՝ «դավ ճանաչող, դավին ծանոթ», ճակաճան՝ «էգին ծանոթ, իգամոլ», տիրաճան՝ «տիրոջը ճանաչող, սիրող»:
Ծան-ը բնիկ հայերեն բառ է: Այլ լեզուներում ևս պահպանվել են հնդեվրոպական նախալեզվից եկող այս արմատի զանազան դրսևորումները՝ հնդկերեն ջանը, զենդերեն՝ զանը, գերմաներեն՝ քենեն, ռուսերեն՝ ջվՈՑՖ և այլն:
Այս արմատով հնում ունեցել ենք հետաքրքրական նշանակություններով բառեր, որոնք հանիրավի դուրս են մղվել, բայց այսօր էլ շատ լավ կծառայեն մեզ: Օրինակ՝ դյուրածան, որ նշանակում է «դյուրին ճանաչվող, հեշտ վերծանվող»:
Ծան արմատի «հայտնի դարձնել», «ճանաչել տալ» նշանակությունները նկատի ունենալով՝ այսօր կարելի է, օրինակ, ռասկրուտկա անել անհեթեթությունը հայերենում արտահայտել ծանել բառով. որևէ երգչի, երգչուհու ձայներիզը, ձայնա-սկավառակը գովազդով ճանաչել տալը՝ գովածանում, նաև՝ երգչի, երգչուհու գովածանում: Այսինքն՝ գովազդելով հայտնի դարձնել, ճանաչել տալ, գովածանել: ՎԱՍ