Գերմանա-ուկրաինական տնտեսական ֆորումի անդամ, Ուկրաինայում և Ռուսաստանում աշխատած դիվանագետ և տնտեսական խորհրդատու Յոհաննես Պոստը «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությանը տված իր հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայում և դրա շուրջ ծավալվող իրադարձություններին:
Գնահատելով ԵՄ կողմից Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին որոշման կայացումը՝ Պոստն ասաց, որ այդ հանգամանքը վաղուց էր հասունացել, սակայն դրանց արդյունավետության հավանականությունը գնահատեց 50/50 հավանականությամբ, քանի որ մի կողմից Ռուսաստանի տնտեսությունը կապակցված է համաշխարհայինին և տարանջատվելն այնքան էլ հեշտ չէ և ռուսական որոշ տնտեսական շրջանակներ կորցնելու բան ունեն:
Մյուս կողմից, մասնագետը խոստովանում է, որ Ռուսաստանի վրա ճնշումը նոր չէ, այլ երկար ժամանակ է, ինչ գործադրվում է: Իսկ Պուտինը դրան հետևողականորեն դիմակայում է և դիմակայելու է, քանզի այլընտրանք չունի:
Ավելին, պրոֆեսորը գտնում է, որ սա ճնշման վերջին փորձն է, և ճնշումը որևէ արդյունք չի տա: Պետք է առաջարկել պլան, որում Ռուսաստանն իրեն կկարողանա գտնել ինչպես քաղաքականապես, այնպես էլ տնտեսապես: Հարցն այն է, որ Ուկրաինայի խնդիրը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի և պետք է հաշվի առնվեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևելյան Ուկրաինայի ազգաբնակչության շահերը: Արևմուտքը դա ցայսօր չի արել, փոխարենը քաջալերել է ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը:
Այսպիսով, Յոհաննես Պոստը, լինելով տարածաշրջանի քաջ գիտակ, վերահաստատում է այն տեսակետը, ըստ որի՝ ճնշումների և պատժամիջոցների ճանապարհը կարող է տանել միայն դեպի փակուղի: Ավելին՝ նա համամիտ է այն տեսակետին, որ Ռուսաստանի արածը ոչ այլ ինչ է, քան դիմադրություն իր դեմ կառվող ճնշումներին, իսկ հիմա նաև պատժամիջոցներին:
Շարունակելի …
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1451845215081418&id=100007678606149
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել