unnamed1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ հուլիսի 30-ը սահմանվել է թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օր:

Օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանը ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը հայտարարեց, որ տարեցտարի նման դեպքերը նվազելու միտում են ցուցաբերում: Նրա խոսքով՝ դա հիմնականում պայմանավորված է հասարակության, մարդկանց իրազեկվածության աստիճանի բարձրացմամբ:

Ռոբերտ Գրիգորյանը նշեց, որ հիմնականում հայերի թրաֆիքինգի հաճախ հանդիպող տեսակը հարկադիր աշխատանքն է: Նա ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնությունում հարկադիր աշխատանքային թաֆիքինգի 90 տոկոսով տղամարդիկ են ենթարկվում. «Հայտնաբերված զոհերի քանակն էլ է պակասում. եթե նախկինում ունենում էինք բազմաթիվ զոհեր, ապա այժմ հիմնականում՝ մեկ կամ երկու զոհ»:

Նա հավելեց նաև, որ ըստ վերլուծության՝ Հայաստանում հավաքագրման ժամանակ բռնություն չի կիրառվում, բուն բռնությունը հենց շահագործման պահին է սկսվում:

Հարցին՝ Հայաստանում գրանցվե՞լ են արդյոք օտարերկրացիների շահագործման դեպքեր, բանախոսն ասաց, որ վերջին անգամ 2009 թվականին է նման դեպք գրանցվել. «Ինչ վերաբերում է ներքին տրաֆիքինգին, ապա վերջին զոհերը եղել են ՀՀ քաղաքացիներ»:

«Աուդովիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արզուման Հարությունյանն էլ նշեց, որ լրագրողները մեծ դերակատարում ունեն թրաֆիքինգի դեմ պայքարի գործում՝ իրենց հրապարակումներով օգնում են հասարակության իրազեկվածությանը. «Երկու տարի անընդմեջ մրցանակաբաշխություն է անցկացվում, և լրագրողները մրցանակ են ստանում իրենց հոդվածների համար. հանձնաժողովն է որոշում, թե ով է լավագույն հոդվածի (հեռուստառադիո, առցանց) հեղինակը: Հայաստանում իրազեկվածությունը բարձր մակարդակի վրա է, և դրա շնորհիվ է, որ հիմա չկա թրաֆիքինգի աճ»:

Ասուլիսի բանախոսներից՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուվետոն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում այս օրը նշելով՝ օգնում են, որ մարդկանց իրազեկվածության աստիճանը բարձրանա. «Ինձ համար դա ամենասարսափազդու, նողկալի հանցագործությունն է: Թրաֆիքինգ իրականացնողները մարդկանց զրկում են հույսից, դա արհավիրք է ու ողբերգություն է պատճառում մարդկանց: Կարևոր է նաև, որ ՀՀ կառավարությունը կարևորում է այդ հարցը և հետևողական է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել