unnamed1in.am-ը գրում է.

Ոստիկանությունում, բացի առանձին վարչությունների կառուցվածքային փոփոխություններից, պարզվում է՝ առաջիկայում սպասվում են նաև այլ ուշագրավ փոփոխություններ:

Մասնավորապես, ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում օրնսդրական փոփոխությունների միջոցով Ոստիկանական համակարգից հանվելու է վճարովի արձակուրդի հնարավորությունը: Այսինքն՝ համակարգի աշխատողներն այդուհետ արձակուրդի մեկնելիս չեն վճարվի, անկախ այն հանգամանքից՝ այդ արձակուրդը նրանց հասանելիք հերթական ամենամյա արձակո՞ւրդն է, թե՞ ոչ: Արձակուրդի մեկնած ցանկացած աշխատակցի աշխատավարձից կգանձվի նրա հանգստացած օրերի գումարը:

Համակարգի աշխատակիցների խոսքով՝ այս օրերին որևէ արձակուրդի դիմում համատարած չի ընդունվում, քանի որ խոսվում է, որ առաջիկայում կառավարությունը պետք է համապատասխան որոշում կայացնի կարգի վերացման հետ կապված:

«Դիմումը գրում ենք, որ գնանք արձակուրդ, չեն ընդունում, ասում են՝ շուտով վճարովի արձակուրդը հանելու են, կառավարության որոշմանն են սպասում, դրա համար էլ ոչ մեկը չի կարողանում արձակուրդ գնալ»,-դժգոհեց համակարգի աշխատակիցներից մեկը:

Նշենք, սակայն, որ և Սահմանադրությամբ, և Աշխատանքային օրենսգրքով անձն ունի հանգստի իրավունք: Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածը սահմանում է, որ աշխատողին նախատեսվում է ամենամյա արձակուրդ, որը տրամադրվում է աշխատողի հանգստի և աշխատունակության վերականգնման համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:

Թե այս դեպքում ինչ լուծում է գտնելու կառավարությունը՝ հասկանալի չէ:

Սա, թերևս, արվում է գումարի խնայողության համար: Եթե յուրաքանչյուր աշխատող օգտվի իր արձակուրդի հնարավորությունից, որը ըստ Աշխատանքային օրենսգրքի՝ 28 օր է, այսինքն՝ 21 աշխատանքային օր, ապա կպահվի նրա գրեթե 1 ամսվա աշխատավարձը: Իսկ դա նշանակում է, որ պետությունը, այս դեպքում նաև՝ ոստիկանական համակարգը հսկայական գումարներ կխնայի իր աշխատողների հաշվին:

Այս փաստը բավական վրդովեցրելէ համակարգի աշխատակիցներին: Նրանց խոսքով՝ առանց այդ էլ առանձնապես բարձր աշխատավարձ չեն ստանում, իսկ հիմա, եթե այդ աշխատավարձից արձակուրդի համար պահումներ էլ արվեն, ապա բան չի մնա: Իսկ առանց արձակուրդի աշխատել բոլորը չէ, որ կարող են և ցանկանում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել