Երվանդունիներ՝ հայկական թագավորական և սատրապական տոհմ մթա VI-II դարերում։ Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։ Ուստի, հավանական է Երվանդունիների ծագումը այս թագավորներից։ Պերգամոն քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես II արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երավնդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։ Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մթա III դ վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում են, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են Հայոց Երվանդունիների տոհմի հետ։Մ.թ.ա. VI-րդ դարի 70-ական թթ. Երվանդյան Հայքը, բախվելով Մերձավոր Արևելքում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը՝ այնուամենայնիվ պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում։ Հայաստանի պետական սահմանները համընկել են ճիշտ Արարատյան տերության և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին։ Հույն պատմագիր Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ.թ.ա. VI-V դդ. Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև Փոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հարավում՝ մինչև Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արևմուտքում՝ մինչև Պոնտոս, արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն Կապադովկիա, իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև Կիլիկիա։ Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ Փոքր Հայք) երկրամասին։ Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը։ Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» (որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է պատմահայր Մովսես Խորենացին), մ.թ.ա. VI-IV դդ. Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրած Հայկազյան արքայատան ներկայացուցիչները։ Պատմագիտության մեջ այդ արքայատունը հաճախ անվանում են Երվանդունի կամ Երվանդական՝ մ.թ.ա. 570-ական թթ. սակավ տարիներ գահակալող Երվանդ Ա Հայկազյանի անունով։ Վերջինիս հաջորդած որդին՝ Տիգրան Ա Հայկազյանը (մ.թ.ա. մոտ 560-530-ական թթ.), Պարսից Աքեմենյան արքա Կյուրոս Ա Մեծի հետ մ.թ.ա. 550-ին մասնակցել է Մարաստանի, իսկ 538/537-ին Բաբելոնիայի թագավորությունների կործանմանը։ Հայկազյան-Երվանդունիները շարունակաբար գահակալել են մինչև մ.թ.ա. III դարի վերջը։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և մ.թ.ա. 331-ին Աքեմենյան տիրակալության անկումից հետո, Հայաստանում գահակալող Երվանդ Գ իրեն հռչակել է անկախ թագավոր (մ.թ.ա. 331 - մոտ 300) և պայքարել հունա-մակեդոնական նվաճողների դեմ։ Նրա աջակցությամբ մ.թ.ա. 331-ին Փոքր Հայքի թագավոր է հռչակվել զորավար և նրա թերևս մերձավոր ազգական Միթրաուստեսը (Միհրվահիշտ)։ Երվանդ Գ արքան, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնի և Սելևկոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանել է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանել են նաև Փոքր Հայքի, Պոնտոսի և Կապադովկիայի թագավորությունները։
Մեծ Հայքի անտրոհելի տիրույթ է կազմել նաև Կոմմագենե «աշխարհը»։ Մ.թ.ա. III դ. կեսին Ծոփքի և Կոմմագենեի հայոց կուսակալ Սամոս (Շամ) Երվանդունին հռչակվել է թագավոր։ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղը Մեծ Հայքի սատարմամբ մինչև մ.թ.ա. III դ. վերջը պահպանել է իր ինքնուրույնությունը։ Սամոսի անունով հիմնվել են Սամոսատ (Կոմմագենեում) և Սամոկրատ (Ծոփքում) հելլենիստական քաղաքները։ Մ.թ.ա. 240-ական թթ. Սամոսին հաջորդել է որդին՝ Արսամեսը (Արշամ), որը հիմնել է Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում)։ Մ.թ.ա. III դ. վերջին Սելևկյանները նվաճել են Կոմմագենեն և հպատակեցրել Ծոփքը, որի արքա Քսերքսեսը մ.թ.ա. 201-ին սպանվել է դավադրությամբ, Սելևկյան արքա Անտիոքոս Գ Մեծը Կոմմագենեում կուսակալ է կարգել հույն զորավար Պտղոմեոսին, իսկ Ծոփքում՝ հայազգի Զարիադրեսին (Զարեհ)։
Մ.թ.ա. III դ. վերջին քսանամյակին Մեծ Հայքում գահակալել է Երվանդ Դ Վերջինը, որն Ախուրյանի և Երասխի գետախառնման մոտ հիմնադրել է Երվանդաշատ նոր մայրաքաղաքը, որից քիչ հյուսիս՝ Երվանդակերտը և Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին՝ Բագարան ավանը։ Մ.թ.ա. 200-ին սելևկյան զորքերի աջակցությամբ հայ զորավար Արտաշեսը տապալել է Երվանդ Դ-ին և կարգվել Մեծ Հայքի կուսակալ։
Հայկազյան-Երվանդյան արքայատան, այդ թվում՝ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները հատել են դրամներ իրենց պատկերներով, խթանել երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=274515379316983&set=a.274515372650317.46534.260698287365359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել