1994 Մարտի 16-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները: Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիներն սկսեցին հարձակումը։ Թեժ կռիվներում նրանց հաջողվեց գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր։ Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Գագիկը վիրավոր էր, վերջանում էր ռազմամթերքը: Գագիկը հրամայեց իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեին շրջափակումից: Իսկ ինքը, վիրավոր ոտքով, մնում է դիրքերում և միայն մեկ գնդացիրով շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը: Ադրբեջանցիները գրոհում էին, սակայն Գագոն շարունակում էր պաշտպանությունը: Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները (дымовые шашки)՝ նա տեղից տեղ էր անցնում, ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ: Թշնամին ընկնում էր՝ խոցված Գագիկի գնդակներից։ Չդիմանալով, թշնամին դադար առավ։ Գագոն հնարավորություն ուներ նահանջելու, սակայն իսկական ռազմիկը շարունակում էր մարտը՝ ապահովելով սեփական մարտիկների անվտանգ նահանջը: Ադրբեջանցիները մարտի մեջ մտցրին իրենց բոլոր ուժերը։ Վիրավոր ոտքը սառել ու ծանրացել էր: Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվեց ու թողեց գնդացիրը: Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկեց հանձնվել։ Գագիկը շարունակեց կռիվը, սակայն դա երկար չէր կարող շարունակվել։ Նա չափից շատ արյուն էր կորցրել։ Նա ուժասպառ եղած ընկավ և դիմադրությունը դադարեց։ Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտեցան խրամատներին։ Նրանք չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ ռազմիկ։ Իր աչքերին չհավատացող հրամանատարը որոշեց տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում տասնյակ թշնամական զինվորի գետին փռել։ Նա շրջեց ընկած Գագոյին։ Ընդմանենը մեկ ակնթարթ Գագոն բացեց աչքերը և քաշեց նռնակը։ Ահա այսպես զոհվեց «Հեթանոս Գագոն»՝ իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցի։ Մարտի 19-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի և «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ գրավեցին երեք դիրքերը։ Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած էր Գագոն։ Թշնամին հարգելով Գագոյի խիզախությունը, նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա։ Նրա ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել