Այն, որ ջուրն աստվածային և կենսաբեր բարիք է և չպիտի ենթարկվի որևէ խտրական մոտեցման, թերևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Սակայն Հայաստանի իշխանություններն այդ հարցի վերաբերյալ ևս ունեն հատուկ կարծիք: Մասնավորապես, ջրի իրացման ոլորտում կիրառվում է բացահայտ կրկնակի ստանդարտ: Այսպես, գյուղատնտեսական գործունեության ոլորտում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գյուղացիական տնտեսությունները 1 խորանարդ մետրը 11 դրամ սակագնով, որը հաստատված է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Գյուղատնտեսների գնահատմամբ, 1 հեկտար հողատարածքի ոռոգման համար անհրաժեշտ է 9-11 հազար խմ ջուր, ինչը համարժեք է 99-121 հազար դրամի։ Սա, անշուշտ, գյուղացիական տնտեսության համար ֆինանսական մեծ ծանրաբեռնվածություն է, թեև պետական ատյաններից հաճախ լսվում է կարծիք, ըստ որի՝ գինը պետք է լիներ շատ ավելի բարձր, սակայն պետությունը կիրառում է սուբսիդավորում և այդպիսով օժանդակում գյուղացիական տնտեսություններին, սակայն նույնիսկ այդ գումարի վճարումը դժվարություններ է հարուցում, ինչի հետևանքն է, պաշտոնական տվյալների համաձայն, վարելահողերի առնվազն 38 տոկոսի չմշակված լինելը: 

«ԷկոԼուր» լրատվական գործակալության այն հարցին, թե ինչո՞ւ պետք է գյուղացին վճարի ջրի համար, երբ գետն անցնում է նրա տան կողքով, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը պատասխանեց. «Մեր բոլոր ռեսուրսները, այդ թվում և ջուրը, հանրային հարստություն են, ինչ-որ մեկի հարստություն չէ, որ մեկի տանը մոտ լինի՝ ձրի օգտագործի: Պետք է վճարեն..»։
Սա ինչ-որ տեղ հասկանալի է, սակայն հասկանալի չէ մի արտառոց հանգամանք՝ սահմանված չէ օգտագործվող ջրի սակագին մեծ ու փոքր ՀԷԿ-երի համար, ուստիև ստացվում է, որ այս սուբյեկտների համար «հանրային հարստությունն» անվճար է, մինչդեռ սա նույն գետերի ջուրն է:
Ստացվում է, որ մի դեպքում պետությունը գյուղացուն պարտադրում է վճարումներ կատարել ջրի դիմաց, մեկ այլ պարագայում այդ ջուրն անվճար մատակարարում է ՀԷԿ-երին, նույնն է թե՝ վերջիններիս սեփականատերերին։
Ու կրկին ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել