Այս օրերին Ֆեյսբուքի իմ էջում բազմաթիվ նամակներ եմ ստանում` կապված Նոյեմբերյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հնարավորության հետ: Առ այսօր չեմ արձագանքել այդ նամակներից որևէ մեկին, այդ պատճառով ընդհանրացրել եմ ինձ ուղղված հարցերը, որոնց պատասխանները շարադրված են ըստ հերթականության.

1, Տարածված լուրերն այն մասին, որ ես ակտիվ հանդիպումների մեջ եմ ազդեցիկ նոյեմբերյանցիների հետ` քաղաքապետի պաշտոնի համար իմ թեկնածությունը սատարելու խնդրանքով` ուղղակի աբսուրդ են. այս օրերին ես գտնվում եմ Մոսկվայում և Հայաստանի քաղաքական անցուդարձին հետևում եմ բացառապես համացանցի միջոցով:

2, Մեծամասնական ընտրակարգով իմ թեկնածության առաջադրումը ԱԺ ընտրություններին որևէ կապ չի ունեցել իմ` քաղաքապետ դառնալու հավակնությունների հետ, ինչպես ժամանակին պնդում էին որոշ թերթեր և իմ ընդդիմախոսներից ոմանք: Ես հանդես եմ եկել բարեփոխումների ծրագրով, որն արժանացել է հազարավոր ընտրողների հավանությանը, սակայն ընտրողների առավել մեծ հատվածը քվեարկել է իմ մրցակցի օգտին և ես հարգանքով եմ վերաբերվել ընտրողների որոշմանը: Ասեմ ավելին, այսօր էլ ջանք ու եռանդ չեմ խնայում իմ նախընտրական ծրագրերի իրականացման համար:

3, ՏԻՄ ընտրությունների մասին իմ հայտնի հոդվածից հետո շատերը նամակ ուղարկեցին և, միգուցե արդարացի կերպով, դժգոհեցին, որ եթե ես գիտակցում եմ ՏԻՄ ընտրությունների կարևորությունը` ինչու ինքս չեմ առաջադրվում և չեմ փորձում պայքարը տեղափոխել քաղաքական դաշտ... Նախ ասեմ, որ ես որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չեմ և իմ պայքարը, լավագույն դեպքում, կարող է դառնալ փոքրիկ պարտիզանական կռիվ: Իմ հոդվածում ես մտահոգություն էի հայտնել, թե ինչու քաղաքական ուժերը համակարգված կերպով չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, հետևաբար խնդիրը ՏԻՄ համակարգի ընդհանուր բարելավման մեջ է, ոչ թե մեկ-երկու անձի տարերային պայքարի:

4, Հոդվածը բացարձակապես ակնարկ չէր իմ առաջադրման վերաբերյալ, ինչպես պնդում էին ոմանք, հետևաբար բոլոր նրանք, ովքեր կեղծ լուրերի միջոցով փորձեցին իմ անձի նկատմամբ իրենց ատելության մաղձը տարածել` իզուր ժամավաճառությամբ զբաղվեցին: Սոց. ցանցում կեղծ պրոֆիլներով ինձ հարցախեղդ անելու փոխարեն թեկնածուացուներից ոմանք զանգահարեցին ինձ և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Վերջում ուզում եմ շեշտել, որ չեմ առաջադրելու իմ թեկնածությունը ոչ քաղաքապետի, ոչ ավագանու պաշտոնների համար: Ասեմ ավելին, ես Մոսկվայից վերադառնալու եմ թեկնածուների փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո: Ավագանու կազմում յոթնամյա գործունեությունը ինձ համար եղել են հասարակական ակտիվության բեղուն տարիներ: Բոլոր թերություններով հանդերձ Նոյեմբերյանի ավագանին եղել է ամենաքննարկվող, սկզբմունքային և թափանցիկ ավագանիներից մեկը ամբողջ հանրապետությունում, և, կարծում եմ, որ իմ համեստ լուման ես ունեմ այդ կառույցի գործունեության բարելավման ուղղությամբ: Պարզապես ես ընտրել եմ օրենսդրական աշխատանքը, չեմ պատկերացնում ինձ գործադիր իշխանությունում, և, աստծո կամոք, հաջորդ ԱԺ ընտրություններին հավանաբար կրկին կփորձեմ պայքարել ԱԺ պատգամավորի մանդատի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել