Lurer.com-ը գրում է.

2014-2015 ուստարվա ընդունելության համար ԵՊՀ-ում երկու փուլը միասին հայտագրվել էր 3720 դիմորդ:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանի հավաստմամբ անցած տարվա համեմատ ընդհանուր դիմորդների թիվը նվազել է շուրջ 2000-ով, ինչը պայմանավորված է շրջանավարտների թվի նվազմամբ:

Այս տարի ԵՊՀ-ն հայտագրել էր 356 անվճար և 3046 վճարովի տեղեր. անվճար համակարգ են ընդունվել 389 հոգի, որոնցից 358-ը՝ հիմնական մրցույթով, 29-ը՝ այլ արտոնություններով, իսկ 2-ը ԼՂՀ-ից եկած դիմորդներն են: Դիմորդներից 2745-ը ընդունվել են վճարովի համակարգ:

Հուլիսի 15-20-ը անցկացվեց թափուր տեղերի համար մրցույթը, որը դրական միավորներով դուրս մնացած դիմորդներին հնարավորություն է տալիս ընտրելու այլ մասնագիտություններ:

«Այս տարի, ցավոք սրտի, թափուր տեղեր շատ ունեինք՝ 461, որի համար դիմել էր 70 հոգի: Մինչև հուլիսի 25-ը կհրապարակվեն թափուր տեղերի համար մրցույթի արդյունքները, և առկա ուսուցման համակարգի ընդունելությունը կավարտվի: Այն դիմորդները, ովքեր պատրաստվում են զորակոչվել բանակ, 118-ն են: Նրանք կարող են վճարել մեկ կիսամյակի ուսման վարձը` այսօրվա գործող վարձաչափով, և հրամանագրվել որպես ուսանող կամ վճարել զորացրվելուց հետո այդ ժամանակ գործող վարձաչափով»,- ասում է պարոն Գալստյանը:

Այս տարի մրցակցությունը բարձր էր հատկապես Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերենի թևում, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում: Տեղերը թափուր են մնացել հիմնականում Ֆիզիկայի, Կենսաբանության, Ռուս բանասիրության, Աստվածաբանության ֆակուլտետներում:

«Ընդհանուր առմամբ ընդունելության գործընթացը գոհացուցիչ է: Մտահոգության տեղիք է տալիս որոշ ֆակուլտետներում չափից ավելի թափուր տեղերի քանակը: Դա, սակայն, նաև ազդակ է մեզ համար, որպեսզի հասկանանք՝ ինչ փոփոխություններ է պետք անել մյուս տարվա ընդունելության համար: Այս տարի մասնագիտությունների ցանկում կատարել ենք բավականին շատ փոփոխություններ, ինչը արդյունք տվեց: Օրինակ՝ գոհ ենք ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունների համալրումից»,- առաջիկա ուստարվա ընդունելության արդյունքներն է ամփոփում ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել