Azatutyun.am-ը գրում է.
Հայկական կողմը չի կարողացել այնպիսի փաստեր ներկայացնել, որ համանախագահների հայտարարությունը ավելի նպատակային լինի և մեղադրանքն ուղղված լինի հենց Ադրբեջանի կողմին։ «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների չորեքշաբթի երեկոյան հրապարակած հայտարարությունը:
Միջնորդները իրենց հայտարարությունում մտահոգություն են հայտնում շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին լարվածության և բռնությունների աճի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց թիրախավորված սպանությունների կապակցությամբ: Հուլիսի 22-ին Բրյուսելում համանախագահները առանձին հանդիպումներ էին ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարարԷլմար Մամեդյարովի հետ:
«Նկատելի է, որ հավասարակշռությունը փորձում են համանախագահները պահել իրենց հայտարարության մեջ։ Եվս մեկ կարևոր հանգամանք կա՝ կարծես թե հերթական անգամ բարձր մակարդակի հանդիպումը հետաձգվում է. արդեն երկուսուկես տարի է, ինչ միայն մեկ հանդիպում է տեղի ունեցել բարձր մակարդակի վրա, և Ֆրանսիայի նախագահի հրավերը՝ անցկացնել հանդիպում Ֆրանսիայում, կարծես թե օրակարգից դուրս է եկել», - ասաց Կարապետյանը։
Երեկ տարածած հաղորդագրությունում համանախագահները նաև նշել են, որ շարունակում են կողմերի հետ դիտարկել անվտանգության նկատմամբ վստահության ամրապնդման միջոցները և հասարակ քաղաքացիների միջև հանդիպումների ծրագրերը՝ ընդգծելով, որ նման ծրագրերը ամրապնդում են տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ վստահությունն ու հավատը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



