Այս բաց նամակում մի հարց է բարձրացվում, որը կարծես թե ավելի արդիական է ու կարեւոր, քան ամբողջ նամակն ընդհանրապես: Այդ հարցը կարելի է վերաշարադրել հետեւյալ կերպ. կարելի է արդյո՞ք եկեղեցու զավակներին խոսել Եկեղեցու առջնորդների մասին, քննարկել նրանց խոսքերը, տալ գնահատական նրանց գործերին եւ վերջապես անել եզրակացություններ, թե բավարարո՞ւմ են արդյոք մեր այսօրվա առաջնորդները ժամանակի մարտահրավերներին եւ ժողովրդի պահանջներին, թե ուրիշներին սպասենք:

Ոմանք կտրականապես եւ հստակ շեշտադրումով «ո՛չ» են ասում եւ առաջնորդների հասցեին ասված ամեն մի խոսք ընկալում որպես Եկեղեցու հասցեին արված բամբասանք, հերյուրանք, զրպարտություն, զրախոսություն եւ չարախոսություն, ապա պնդում են, որ չդատենք եւ նախ մեր աչքի գերանը հանենք եւ շարունակաբար աղոթենք առաջնորդների համար: Շատ բարի. եկեղեցին ամեն օր աղոթում է հոգեւորականների համար ժամերգությունների եւ սուրբ Պատարագի ընթացքում, եւ հաճախ որոշ քահանաներ էլ իրենց հոտի անդամներից աղոթք են խնդրում իրենց իսկ անձերի համար:

Սակայն մի հարց է մնում չպարզաբանված. եթե մեր բոլոր առաջնորդներն էլ անթերի են, ապա ովքե՞ր են այն վարձկանները, որոնց մասին ասում է Տերը. «Ես եմ քաջ հովիվը. քաջ հովիվը իր անձը դնում է ոչխարների համար: Իսկ վարձկանը, ով հովիվ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսանում է, որ գայլը գալիս է, թողում է ոչխարներին եւ փախչում է. եւ գայլը հափշտակում է նրանց ու ցրում. քանզի վարձկան է, եւ նրան փույթ չեն ոչխարները» (Հովհ. Ժ 11-13): Այստեղ Տերն ասում է, որ հոգեւորականների շարքերում կան նաեւ այպիսիները, որոնք դրամի համար են ծառայում եւ չեն հոգում հոտի անդամների կարիքները, իսկ վտանգի դեպքում թողնում են հոտը եւ փախչում: Հետեւաբար՝ եկեղեցու ոչ բոլոր ծառայողներն են բարի հովիվներ: Ավետարանը մեզ սովորեցնելով հնազանդվել առաջնորդներին՝ ասում է. «Մովսեսի աթոռին նստեցին դպիրներն ու փարիսեցիները: Այն ամենը, ինչ ասեն ձեզ՝ արեք եւ պահեցեք. բայց ըստ նրանց գործերի՝ մի՛ արեք, քանզի նրանք ասում են եւ չեն անում» (Մատթ. ԻԳ 2-3): 
Այսինքն՝ արդեն իսկ Տիրոջ առաջին գալստյան օրերին առաջնորդի աթոռին նստել էին դպիրներն ու փարիսեցիներ, եւ չի բացառվում, որ հետագայում դարձյալ պատահեն նման առաջնորդներ, ուստի եւ պետք է առաջնորդների ե՛ւ խոսքերը լսել, ե՛ւ գործերը քննել, որպեսզի նրանց ասածներն անենք, սակայն նրանցից վատերին չնմանվենք: Եւ սա Տիրոջ հրամանն է: Հետեւաբար՝ մենք ունենք լիարժեք իրավունք քննել մեր առաջնորդների խոսքերն ու գործերը եւ եզրակացություններ անել, որպեսզի զգուշանանք վարձկաններից ու փարիսեցիներից:

Հիշենք տիեզերական ժողովները, երբ, ի լուր ամբողջ աշխարհի, քննության էին առնվում պատրիարքների գործերը եւ խոսքերը, ապա նրանցից հերետիկոս ճանաչվածները զրկվում էին հայրապետական իշխանությունից եւ աքսորվում, ինչպես Նեստորի հետ վարվեցին, ով հայրապետ էր՝ պատրիարք: Եւ այն ժողովներում բացառվում էր ամեն մի ծածկադմփոց ու կեղծ բարեպաշտության դրսեւորում, այլ առկա էին միայն ուղիղ հանդիմանությունները: Մի՞թե Կյուրեղ հայրապետին չէր անհանգստացնում Եկեղեցու հեղինակության հարցը, որը կարող էր քննության առարկա դառնալ հեթանոսների շրջանում, անտարակույս մտահոգել է, սակայն Եկեղեցու ուղղափառ դավանության խնդիրը եղել է առաջին տեղում: Ինչպես եւ այժմ Եկեղեցու զավակների հոգիների փրկության հարցն է առաջնայինը, որը կարող է խաթարվել վատ հովվության պատճառով, եւ պետ չէ առաջ քաշել այն սին պատճառաբանությունը, որ եթե մենք քննություններ ծավալենք, ապա ինչ կմտածեն մեր մասին օտարները: Օտարներն առանց այդ էլ ամեն ինչ խոսում եւ քննարկում են, եւ նրանք բավականին լավ տեղեկացված են, ի տարբերություն մեզ:

Բացի այդ մեր Եկեղեցում առաջնորդները եւ կաթողիկոսները ընտրվում են ժողովրդի կողմից, իսկ նախկինում նաեւ ծխական քահանաներն են ընտրվել համայնքի կողմից, իսկ որտեղ կա ընտրություն, այնտեղ կան նաեւ քննարկումներ, քանի որ մարդը բանական է եւ կուրորեն՝ առանց դատելու եւ առարկելու չի անում իր ընտրությունը: Ուստի Հայ Եկեղեցու համար օտար չէ առաջնորդի գործերը քննելը եւ գնահատական տալը, իսկ այն մարդիկ, ովքեր արգելում են արտահայտվել, թող բացատրություն տան, թե ինչ իրավունքով են փակում Եկեղեցու զավակների բերանները, ովքեր սուրբ Ավազանից վերստին ծնվելով, եղան Աստծու զավակներ, զարդարվեցին Սուրբ Հոգու շնորհներով եւ ունեն Քրիստոսի միտքը, ինչպես ասում է Պողոս առաքյալը (տե՛ս Ա Կորնթ. Բ 16):

Այսինքն՝ մենք անմիտ զանգված չենք, որ մեզ ինչպես ուզեն, այնպես տարուբերեն, որը ձեռնտու է միայն այն վարձկաններին ու փարիսեցիներին, որոնք գրավել են մեր հայրերի տեղերը եւ իրենց ապահովության համար, Ավետարանի խոսքով, փակում են մեր բերանները: Եւ ո՞վ է այն հանդուգն անձը, ով փորձում է արգելել Քրիստոսի շնորհներին գործել, եւ թո՛ղ չշփոթեն Եկեղեցու զավակներին այն չարախոսների ու ապստամբների հետ, ովքեր Եկեղեցին ավերելու համար են միայն իրենց բերանները բացում: Եւ չի կարելի ժողովրդի միջից ասված ամեն մի խոսք ներկայացնել որպես հակառակություն:

Հետեւաբար՝ Եկեղեցին սուրբ Ավազանից վերստին ծնված Աստծու զավակների համախումբն է, ովքեր ունեն բոլոր իրավունքները տնօրինելու Եկեղեցու գործերը, վայելչությամբ եւ Աստծու երկյուղով, իսկ առաջնորդները նույն ժողովրդից ընտրված եւ Աստծուց կարգված տնտեսներ են, հովվելու համար Աստծու հոտը, սիրով ու երկյուղով: Վարձկանները անմիջապես ի հայտ են գալիս առաջին իսկ փորձության պահին, քանի որ վախկոտ են եւ առաջին իսկ վտանգից փախուստի են դիմում, ինչով էլ այդպիսիները զանազանվում են բարի հովիվներից, ովքեր մարտի են նետվում հոտի յուրաքանչյուր անդամի համար: Եւ Աստված հարգում է մեր ընտրությունը, ինչպիսին էլ այն լինի: Երբ մենք վատ հովիվ ենք ընտրում, Աստված թույլ է տալիս, որ վատը մեզ իշխի, որպեսզի գիտակցենք մեր արածը եւ ապաշխարենք:

Կից նյութն  այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել