168.am-ը գրում է«
«Իմ ցանկություններից մեկն այն է, որ Հայաստանն ունենա մի բալետային խումբ, որը կկարողանա Հայաստանը դնել 21-որդ դարի ռելսերի վրա ու ցույց կտա, որ Հայաստանն այսօրվա ժամանակակից, ժամանակի մեջ մտածող` առաջ նայող մի ազգ է»,- մեզ հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, ով այժմ թատրոնում աշխատում է` որպես հրավիրված խորեոգրաֆ: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլ ամսին Ռ.Խառատյանն իր ցանկությամբ հրաժարվել էր գլխավոր բալետմայստերի իր պաշտոնից, որին փոխարինելու էր եկել Վիլեն Գալստյանը: Yerkir.am-ի հետ զրույցում Ռ.Խառատյանն այսպես էր մեկնաբանել իր քայլը. «Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ելք էր պետք: Դեռ մեկ ամիս առաջ գիտեինք, որ հուլիսին պետք է ատեստացիա անցնեինք, և որակավորման միջոցով պետք է բալետի ամբողջ կազմը թարմացվեր, էսթետիկան փոխվեր: Ես փորձել էի դա անել, և կոլեկտիվը ջղայնացել էր, և նրանց բողոքը հենց դրա դեմ էր, բայց դա պետք է արվի, ու դա անհրաժեշտ է մեր բալետային արվեստի զարգացման համար: Ու քանի որ թատրոնում ջղային մթնոլորտ էր տիրում, մենք մի քանի անգամ ղեկավարության հետ քննարկում կազմակերպեցինք` հասկանալու` ի՞նչ կարելի է անել: Մենք որոշեցինք, որ Վիլենն ամենալավ տարբերակն է` նա փորձ ունի, 5-6 անգամ ղեկավար է եղել»: Մեզ հետ զրույցում Ռ. Խառատյանը նշեց, որ Մշակույթի նախարարության հետ բանակցություններ են վարում` հասկանալու համար, թե ինչ պետք է անել, ընդհանրապես ինչպես պետք է դուրս գալ արվեստի բնագավառում ստեղծված այսօրվա ճգնաժամից. «Դուրս գալու ճանապարհներից մեկն այն է, որ պետք է ստեղծել մի նոր խումբ, որը կարող է լինել միջազգային խումբ` դրսից և ներսից հավաքված լավագույն ուժերով, որովհետև այստեղ, 4.5 տարի է` չստացվեց, քանի որ մարդկանց մենթալիտետը մնացել է 19-րդ դարի»: Հարցին, թե` ինչպե՞ս եք գնահատում նոր բալետմայստերի` Վիլեն Գալստյանի աշխատանքը, Ռ. Խառատյանն այսպես պատասխանեց. «Նոր բալետմայստերին ես չեմ ուզում գնահատել: Իր աշխատանքը, արդեն գնահատական է: Մի խոսքով` կարող եմ ասել, որ անցած 30 տարիների ընթացքում նույնն է եղել, ոչինչ չի փոխվել, նույն մարդիկ այստեղ են, վերադառնում են: Դուրս են գալիս, վերադառնում են` որպես ղեկավար, ու ոչինչ չի փոխվում, չնայած ես շատ կուզեի, որ փոխվեր: Երբ նոր ներկայացումներ էի բեմադրում, առաջ էի մղում, ինչ-որ բաներ էի ուզում բերել, հասցնել մեր բալետային թատրոն` դրսի մակարդակներին համապատասխան: Այսօր նորից հետ ենք գնացել, ամբողջ 2 ամիս է` միայն 2 բալետային վերնագիր գիտենք` «Սպարտակ» և «Գայանե»: Գոնե դրանք լավ կատարվեն, ես դրան էլ եմ կասկածում»: Ռ.Խառատյանը նշեց, որ եթե ամեն ինչ կախված է հարգանքից, ապա հույս ունի, որ մի օր այդ հարգանքը կառաջանա նաև պարողների մոտ. «Ասում էին, որ պետք է հարգեն բալետմայստերին, որպեսզի աշխատեն: Ես շատ կուզենայի, որ մի օր արթնանային ու սկսեին հարգել, ու միանգամից սկսվեր աշխատանքը: Ես միշտ ուզում եմ հայկական բալետը համեմատել ոչ թե հենց հայկականի հետ, այլ դրսի տենդենցների հետ: Իսկ այստեղ սովորություն ունեն հայկական բալետը համեմատել պարի անսամբլի հետ, որն ունի իր ֆունկցիաները: Այսինքն` դրանք տարբեր բաներ են: Այսօրվա բալետը պետք է ներկայացներ այսօրվա մեր հասած մտքի, զգացողության ու արվեստի մակարդակները: Դա չկա այսօր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



