Հայաստանի հավաքականի ընկերական հերթական հանդիպումը սպասվում էր մեծագույն հետաքրքրությամբ՝ հաշվի առնելով թե մեր հավաքականի առաջատար խաղացողների հիանալի մարզավիճակը թե այն հանգամանքը, որ այս հանդիպումը վերջին փորձամրցումն էր Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներից առաջ:
Մեկնարկային կազմում անակնկալներ գրեթե չկային: Եվ եթե դարպասապահի հարցում Բերեզովսկու հայտնվելը կարելի է դասել այդպիսինների շարքին (անկասկած, ավելի ճիշտ կլիներ փորձարկել Արթուր Հարությունյանին) ապա համապատասխանաբար ձախ պաշտպանի և հենակետայինի դիրքերում Եդիգարյան եղբայրների հայտնվելը կարելի էր կանխատեսել՝ հաշվի առնելով թե նախօրեին մամուլիս ասուլիսի ժամանակ Վարդան Մինասյանի պատասխանը կապված կրտսեր Եդիգարյանին ազգային, այլ ոչ թե երիտասարդական հավաքական հրավիրելու վերաբերյալ, և թե Կառլեն Մկրտչյանի՝ վնասվածքից նոր ապաքինված լինելու հանգամանքը:
Հավաքականը խաղում էր վերջին շրջանի համար սովորական դարձած 4-1-4-1 դասավորությամբ, սակայն ի տարբերություն նախորդ խաղերի, Մարկոս Պիցելլին հանդիպման սկզբում խաղում էր ավելի մոտ պաշտպաններին, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ առջևի գծին: Նոր փորձը հենց սկզբից չարդարացրեց իրեն, քանի որ Մարկոսը, խաղալով ավելի խորքից, չէր կարողանում արագություն հաղորդել գրոհներին այնպես, ինչպես դա կարողանում է անել Մխիթարյանը, և փոխարենը առջևի գծում պակասում էին Մարկոսի կատարմամբ խաղը սրող փոխանցումները: Ինչևէ, կամ Մինասյանի հրահանգով, կամ սեփական նախաձեռնությամբ Մխիթարյանն ու Մարկոսը շուտով վերադասավորվեցին, և մեր ֆուտբոլիստները, չնայած մեծ դժվարությամբ, բայց սկսեցին մեկը մյուսի ետևից պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Ցավոք, ոչ Մարկոսի, ոչ Օզբիլիսի, ոչ Գևորգ Ղազարյանի հարվածները չհասան նպատակին: Փոխարենը բելառուսներն օգտագործեցին իրենց եզակի հնարավորություններից մեկը և Բրեսանի օգնությամբ առաջ անցան հաշվի մեջ: Բնականաբար, այդ ամենից անմասն չմնացին նաև մեր կենտրոնական պաշտպանները, որոնցից Ալեքսանյանը, ձգտելով հեռացնել գնդակը, այն էլ ավելի հարմարացրեց բելառուս խաղացողի ոտքին: Բերեզովսկու հուսահատ ցատկը չփրկեց, և Հայաստանի հավաքականը 2010 թվականի սեպտեմբերից հետո առաջին անգամ սեփական հարկի տակ հանդիպումներում հայտնվեց հետապնդողի դերում: Չնայած դրան, երկրորդ խաղակեսից առաջ հույս կար, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որովհետև վերջին հաշվով հավաքականը ստեղծում էր բազմաթիվ պահեր, որոնք չէին կարող չվերածվել գոլի:
Ցավոք, 2-րդ խաղակեսը սկսվեց դանդաղ տեմպով, մերոնք չօգտագործեցին ևս մի քանի գոլային պահեր, իսկ հետո գործեց ֆուտբոլում չգրված օրենքը, և բելառուսները երկրորդ անգամ գրավեցին մեր դարպասը: Միայն դրանից հետո մեր ֆուտբոլիստներն ակտիվացան և կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Իսկ երկրորդ խաղակեսի վերջնամասը հիշատակվեց ավելի շատ իր ճանապարհին ամեն ինչ ավերող քամիով և “Հանրապետական” մարզադաշտի վրայով սավառնող ցելոֆանների և աղբի տեսարաններով, քան մեր խաղացողների խելամիտ գործողություններով: Իսկ այդ ամեն ինչի գագաթնակետը դարձավ “Հանրապետական” մարզադաշտի հոսանքազրկումը, որը տևեց մոտ 10 րոպե: Այսպիսով, ինչպես և անցյալ տարվա օգոստոսին, հավաքականը կրկին պարտվեց ընկերական խաղում, որի պատճառներն էլ կփորձենք հասկանալ:
1.Ժամանակն անցնում է, հավաքականի մրցակիցները փոխվում են, իսկ պաշտպանության կենտրոնը շարունակում է մնալ ամենախոցելի կետը:
Արզումանյանի բացակայությամբ Մկոյան-Ալեքսանյան զույգն ուղղակի այընտրանք չունի: Սակայն Մկոյանն արդեն մի քանի ամիս է՝ գտնվում է վատ մարզավիճակում, իսկ Ալեքսանյանը շարունակում է սխալվել պարզագույն իրավիճակներում: Բացի այդ, եթե անհատական պայքարում մեր երկու պաշտպաններն էլ վատ չեն նայվում, ապա դիրքային պաշտպանության ժամանակ շատ հաճախ մանկական սխալներ են թույլ տալիս, ինչն էլ անխուսափելիորեն հանգեցնում է գոլերի:
Սարգիս Հովսեփյանի մասին արդեն շատ է խոսվել ու գրվել, ուստի չէի ցանկանա մանրամասն անդրադառնալ մեր ավագին: Պարզապես նշեմ, որ մյուսների ֆոնի վրա Հովսեփյանի խաղում ավելի մեծ ցանկություն էր նկատվում: Մեր ավագը, բնականաբար ունեցավ թեթևակի վրիպումներ, բայց այս անգամ զերծ մնաց լուրջ սխալներից: Այլ հարց է, որ դժվար է պատկերացնել, որ Սարգիս Հովսեփյանը կկարողանա պահպանել գոնե այս մարզավիճակը մինչև ընտրական փուլի ավարտը: Մի բան, որ անտեսվում է հավաքականի մարզչական շտաբի կողմից:
Այս հանդիպումը լավագույններից չէր Արտակ Եդիգարյանի համար: Եվ ընդհանրապես, ինչպես ցույց տվեց նաև երկրորդ խաղակեսը, այս դիրքում շատ ավելի նախընտրելի է Լևոն Հայրապետյանը, որը ոչ միայն ավելի լավ է դիրք ընտրում և միանում գրոհներին, այլև, լինելով ձախլիկ, ստիպված չի լինում անընդհատ փորձել տեղափոխվել կենտրոն՝ գնդակ խաղարկելու կամ դարպասին հարվածելու համար: Բացի այդ, Հայրապետյանը ավելի լավ է համագործակցում ինչպես պաշտպանությունում իր խաղընկերների, այնպես էլ Գևորգ Ղազարյանի հետ:
2. Կիսապաշտպանության կենտրոնում միջանցիկ քամիներ են:
Դեռևս առաջին խաղակեսում զգացնել տվեց Կառլեն Մկրտչյանի բացակայությունը: Նկատելի էր, թե որքան հեշտությամբ են բելառուսներն անցնում դաշտի կենտրոնը: Եդիգարյանը միայնակ չէր կարողանում դիմակայել մրցակցի գրոհներին, բացի այդ, ի տարբերություն Կառլեն Մկրտչյանի դանդաղում էր նաև գրոհները սկսելու ժամանակ: Իսկ երբ երկրորդ խաղակեսում նրա փոխարեն խաղադաշտ մտավ Դավիթ Մանոյանը, բելառուսներն սկսեցին էլ ավելի անարգել հաղթահարել դաշտի կենտրոնը: Զարմանալի է, որ նախորդ խաղում արդեն առանձնապես չստացված փորձից հետո Մինասյանը կրկին դիմեց նույն քայլին՝ դաշտից հանելով մաքուր հենակետային և խաղադաշտ մտցնելով նուրբ ոճի ֆուտբոլիստ համարվող Դավիթ Մանոյանին: Նույնիսկ եթե մոոանանք, որ Մանոյանը վաղուց պաշտոնական ոչ մի հանդիպում չէր անցկացրել և հետևաբար չէր կարող գտնվել ֆունկցիոնալ իդեալական վիճակում, Մինասյանի՝ Մանոյանին այդ դիրքում խաղացնելն առնվազն զարմանալի է: Եթե դրանով Մինասյանն ուզում էր թեթև կիսապաշտպանության շնորհիվ ապահովել արագ անցումը պաշտպանությունից հարձակման, ապա երկրորդ խաղում անընդմեջ դա չստացվեց: Մանոյանի փոխանցումները հիմնականում մոտ տարածության վրա էին, չկային արագացումներ: Բացի այդ Հենրիխ Մխիթարյանը ստիպված եղավ ավելի մեծ ուժեր ծախսել և հաճախակի նահանջել՝ կենտրոնում խաղընկերոջը միայնակ չթողնելու համար: Այստեղ խնդիրը կապված չէ միայն այս խաղի հետ: Պարզապես ակնհայտ է, որ մեր հավաքականը, որ ամբողջ նախորդ շրջափուլն անցկացրեց 4-2-3-1 մարտավարությամբ, կամ ավելի պարզ ասած՝ երկու հենակետայինով, չի կարողանում հարմարվել նոր՝ 4-1-4-1 մարտավարությանը պարզ պատճառով: Հավաքականը չունի համապատասխան կատարողներ այդպես խաղալու համար: Կառլեն Մկրտչյանի կամ Արթուր Եդիգարյանի հանդեպ խորին հարգանքով հանդերձ՝ նրանցից ոչ մեկը ոչ Բուսկետս է, և ոչ էլ Յայա Տուրե: Հետևաբար, հատկապես ուժեղ հավաքականների դեմ խաղում մեկ հենակետայինով խաղալը ինքնասպանության նման մի բան կլինի: Գերագրեսիվ հարձակում ունենալն իհարկե լավ է, բայց այն ոչինչ չի տա առանց ամուր և հաստատուն ողնաշարի:
Շարունակությունն՝ այստեղ



