
-էս իմ փնտրտուքն ա, քոնը չի, դու մի խառնվի,_ասում ես:
Էս հիիի~ն երկրի հիիի~ն ասֆալտի քարերը մի բարաաաա~կ փոշու շերտով են բաժանված, ու էդ փոշին փոշի չի, որովհետև փոշին տարիներոոո~վ կպած պահել անկարող է, իսկ այ փոշով պատված ցեմենտը` կարող: ՈՒ ցեմենտի կարող ուժն է, որ ինձ կպած է պահում քեզ, ու ցեմենտի կարող ուժն է, սովետից մնացած խեղճուկրակատես, ամուր ցեմենտի ուժը, որ տարիներից խամրել է , բայց գնալու տեղ չունի, տեղ ուղարկող չունի, ու պիտի մնա, ու մնա, ու մնա….քեզ խառնվել չեմ կարող, այ հեր, ինչպես էս ասֆալտի երկու քարը մեկ չեն դառնա, բայց անջատվելն էլ անհնար է, էն է, հա~, ամուր ցեմենտը կողներին քսված, քարերը կողք կողքի նստել են:
Ցավս է գալիս, որ քեզ գտնելու համար Մոսկվա պիտի գնաս:
Ով ասաց, թե դու Մոսկվայում ես, ու պիտի գնաս ու գտնես, ու մեկ դառնաք: Կեղծ ես ես փնտրելու, կեղծ ես ես գտնելու:
Էս արնադավ փողադավադրությունը մի օր վերջ պիտի գտնի, թե չէ: Ես որ ինչ-ինչ, հայապահպան երբեք չեմ եղել, հիմա ստիպված դառել եմ, էն էլ մոլին, վատթար տեսակը. ախ բա ով պիտի հայ մնա: Էն որ բոլորը հայ մնալ էին ուզում, ես հայությունից տրաքվում էի.‘’Աշխարհաքաղաքացի~ եմ ես, աշխարհաքաղաքացի~, այ ազգայնամոլներ’’,_ծղրտում էի: Հիմա էլ ոչ մեկը հայ մնալ չի ուզում` բոլորը փախչում են հայությունից, որ էս պահին ծանր բեռ է, ես հայ մնալ եմ ուզում: Հայի լավը հին մշակույթ երգել-ազդարարելն է, իսկ հայի սովը…մշակութային բան չի…
Իմ ճակատին գրված անեծքն է` հոսանքին հակառակ, մենակ, մենակ, մենակ…
Մեկ գնում եք, երկու գնում եք, ամեն անգամ մի սլավոն մասնիկ քարշ տալով, մեջներդ խցկած էս հողը պիտի բերեք. հողն էլ շուտ է վարակվում, փոքր հող է, ու վաղը-մյուս օրը սլավոնախառը ցեխ պիտի թափենք, որ էն մոսկովսկի տներից, որ էնտեղ սարքում եք, էստեղ էլ սարքենք: Մոսկվա չեք գնում, է~, որ Մոսկվա գնալու լինեիք, կասեի` ջհաննամը.Մոսկվան եք էստեղ բերում: Չբերեք էլ` փեշներիցդ կպած գալիս է:
Հա~, այ հեր, Մոսկվան պոչներիդ կպած գալիս է, աներես բույսի նման, հենց պարարտ հողի կողքով անցնելիս լինես, հողին է ընկնում, ու աճում է, աճու~մ, բերք է տալիս: Եվրոպան համացանցի կիրթ էկրանից է էս հողը վարում, Մոսկվան` բռի, ռուսավարի, առանց կամքդ հարցնելու, հացի դիմաց քո հողն է ցանում, ու ջինջն էլ ‘’դաժե’’ ջնջած` նոր, կարմիր թղթից պիտի սկսենք…Ու ով գիտի` գուցե էսպես է լավ. մեր գյուղում Սովետի փռած ասֆալտի տերը ռուսն է, նա էլ ունի քանդելու ու նորը գցելու իրավունքը…Սպիտակած բիձու նման էս ռուսի կոխած հողը պիտի պաչեմ` թե սա մի նոր ասֆալտ փռի էս երկրում, հա~…Իսկական ասֆալտ, էն, որ պիտի քառասուն-հիսուն տարի ձգի, նախորդի պես: Պապս կասեր` հրեդ ա ասֆալտը, է~: Տատս կասեր` էս երկիրը ‘’սբոռնի պունկտ’’ են սարքել, ով ասես, ինչ երկրի կոշիկով ասես, էս հողի ամեն բուռը տրորեց, գնաց, պտտվեց, ֆոտոներ արեց, էլի տրորեց:
Գնալիս գոնե դուք գնացեք, դուք վերադարձեք, էդ Մոսկվան հետներդ մի բերեք…