lerner

«Ես երբեք չեմ հավատացել ինքնանպատակ ճշմարտության ուժին:  Այս աշխարհն ինչպես որ կա, անտանելի է, հետևաբար լուսին եմ ուզում, կամ երջանկություն, կամ անմահություն, կամ ինչ-որ բան՝  նման խենթության, միայն թե ոչ այս աշխարհից:»

Քամյու

 

Հենց նոր ավարտեցի Քամյուի «Օտարը»: Ծանր էր, ես կասեի՝ եռաչափ ծանր…

Գուցե այդպես թվաց, որովհետև կարդալու ընթացքում միաժամանակ երկու՝ նույնքան ծանր գործեր էի հիշում ու մտովի զուգահեռներ տանո՞ւմ: (Խոսքը Դոստոևսկու «Ոճիր և պատիժ», Սարտրի «Պատի» մասին է):

Գուցե:

Գուցե այդպես թվաց, որովհետև օտարի մեջ ես ինձ տեսա, քեզ, կամ էլ՝ նրա՞ն…

Գուցե այդպես թվաց, որովհետև այդ օտարը ես եմ, դու ես, նա է, մենք բոլո՞րս ենք…

Կամ էլ գուցե օտար կդառնանք, եթե շարունակենք ապրել օտարի նմա՞ն…

Չգիտեմ:

Մի բան ակնհայտ է ու լույսի նման պարզ՝ մենք ապրում ենք «քնքուշ անտարբերության մեջ» ու դա տանում է դեպի օտարացում:

Մենք օտարվում ենք ինքներս մեզնից:

Մենք օտարվում ենք  մարդկանցից:

Մենք օտարվում ենք Աստծուց:

Մենք կարող ենք հանգիստ մարդ սպանել, որովհետև …արև է, ու նույնքան հանգիստ շարունակել ապրել,  որովհետև…դեռ արև՞ է:

Ապրել, քանի դեռ մեր մահվան օրը չի հասել:

Չէ՞ որ վաղ, թե ուշ բոլորս ենք մեռնելու, ուրեմն ի՞նչ կարիք կա մորը պահել ծերության օրերին, ի՞նչ կարիք կա հիշել մոր տարիքն ու մահվան օրը, ի՞նչ կարիք կա արցունք թափել միայն նրա համար, որ այլևս չկա նա՝ մայրը:

Չէ՞ որ մի քանի օր հետո հանգիստ շարունակելու ես քո աշխատանքը, սիրելու ես, անկողին ես մտնելու մի կնոջ հետ, ում չես սիրում: Թեև … էդ ինչ կարևոր է որ…

Գուցե մարդասպանությունը օտարի դեպքում պատի՞ժ է՝ գործած ոճիրի դիմաց:

Չկա տառապանք, չկա մեղքի գիտակցում, ուրեմն չկա նաև սե՞ր, չկա նաև վա՞խ:

Իսկ, եթե չկա սեր ու տառապանք, չկա մեղքի գիտակցում ու վախ, ուրեմն չկանք նաև մե՞նք:

Մենք դառնում ենք օտա՞ր…հա՞:

Ամենայն հավանականությամբ, հենց էլ՝  հա:

Կարող եք ծանոթանալ նաև՝  Ալբեր Քամյու

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել