* * *
- Մամ,գնում եմ,- դռան մոտից բղավեց ու ներս մտավ:
- Բայց տարեկետում ունեիր չէ՞,հայրդ էլ փող չուղարկեց:
- Մամ,ամեն ինչ լավ կլինի,ես սերժանտ եմ լինելու,հեշտ կանցնի,մի մտածիր:
- Ամեն ինչ այդ փչացածից սկսվեց,քի՞չ աղջիկ կա Արման ջան,ինչու՞ սխալվեցիր…
- Լավ էլի մամ ջան,ճակատագիր է,դե ուրիշին ընտրեց,ես ի՞նչ անեմ:Բոլորն էլ ունեն սխալվելու իրավունք:
- Ե՞րբ ես գնում,- կոտրված էր ձայնը:
- Տասնութին,ամեն ինչ լավ կլինի:
- Երկու օրի՞ց…

* * *
- Փարիշա,ոչխարը գոմն արա,ինչ ես շշմել կանգնել,հիմա էլ եղբայրդ չկա,դու ես ամեն ինչ անելու:
Պատերազմ կոչված մահվան վկայականը գրանցվել էր նաև Հայ-Ադրբեջանական սահմանի այս քրդական գյուղում:
Բեհմենիքենդից միայն երկուսը չկային,Փարիշայի հայրը` Դինդարը և եղբայրը` Ազոն:
Հոր մահվան բոթը ստացել էին երեք ամիս առաջ` մահացել էր հայերի դիպուկահարի գնդակից,իսկ եղբոր մասին լուր չկար:
- Օ, հո~ հո~, օ հո~ հո~,- լուռ,հնազանդ ոչխարները մեկիկ մեկիկ մտնում էին փարախը:
Փարիշայի ձայնը արձագանքվում էր մոտակա լեռներից ու մոտենում աղջկան եղբոր ձայնով: 
Օ, հո~ հո~, օ հո~ հո~….
Վերջին ոչխարը դեռ չէր մտել փարախ,երբ նկատեց հեռվից փոշու ամպ բարձրացնելով մոտեցող մի զինվորական մեքենա:
Մեքենայից իջան երկու ադրբեջանցի սպաներ,փայլուն ,շողշողացող կոճակներով համազգեստներով:
- Ազոյենց տու՞նն է,- ադրբեջաներեն հարցրեց նրանցից մեկը:
- Հա,-չգիտես ինչու հայերեն պատասխանեց Փարիշան:
Երևաց մայրը:
- Աչքերս քոռանան,բա՞ն է պատահել տղայիս:
- Դու Ազոյի մերն ես,այ լիրբ,Բեյզա՞ն ես-հարցրեց մյուսը:
Հետո,արդեն տանը պատմեցին, որ Ազոն ինքնաձիգը անզգույշ օգտագործելուց վիրավորել է մի ազեր զինվորի ու հիմա ռազմական ոստիկանությունում է, երկու հազար դոլլար փող է հարկավոր ազատելու համար:
Ոչ Փարիշան, ոչ էլ մայրը այդքան փող երբեք չէի ունեցել:
- Ախչի,դու խի՞ հայերեն պատասխանեցիր,գիտե՞ս գյավուրների լեզուն:
- Գիտեմ,մեզ մոտ քրդական դպրոց չկա,ես հայկական եմ գնացել,մինչև յոթ դասարան:
- Լավ է,խոսելու բան կա…պտի չսխալվես,հասկացա՞ր:

* * *
Պատերազմական գործողությունների այդ տեղամասը մեծ նշանակություն ուներ:
Հիսուն երկու հոգի էին:
Պահում էին Սպայակույտի թիկունքը միաժամանակ և Իրանի և Ադրբեջանի կողմից ու պատահական չէր որ հրամանատարի մականունը զինվորների մոտ “Մառոզ” էր,իր խստության համար:
Հինգ կիլոմետր շառավղով բնակչություն չկար,եղեգնուտներ էին ու անտեր գերեզմաններ:
Ամբողջ գիշեր հերթապահ զինվորները պտտվում էին տեղամասի շուրջը երեք կիլոմետր շրջանագծով, չորս հոգով,երկու զույգով իրար հակառակ ուղղությամբ,մինչև առավոտյան ժամը չորսը:Հետո նրանց փոխում էին մյուսները:
Սխալվելու իրավունք չկար:
Գինը չափազանց մեծ էր` հիսուներկու կյանք:
Օրն այստեղ սկսվում և ավարտվում էր ոչ սովորական`ժամը 20.00 –ին: 
- Շարվիր:
Այստեղ շարվելը ուղիղ գծով չէ,այլ ծառերի տակ,քողարկված:
- Կիրակոսյան, այսօր գնում ես Վաչիկի հետ,ժամսլաքի ուղղությամբ,հակառակ ուղղությամբ գնում են Ասլանյանն ու Գարիկը:
- Պարոն մայոր,այսօր Մարջանլիից սնունդ բերելու օրն է,Գարիկը Ձեզ հետ է գալու:
- Ասլանյան Աշոտի հետ կուղարկես նորեկներից մեկին արդեն երեք օր է այստեղ են:
- Արմանին ուղարկե՞մ:
- Հատուկ կզգուշացնես,որ սխալվել չկա:

* * *
Գիշերով ամայի տարածքով շրջելը դա նման է գաղտագողի դժոխքի միջով քայլելուն,ականջներդ սրած,աչքերդ չորս արած ու ամբողջ մարմինդ ձգված ու պատրաստ ցատկելու կամ հետ,դեպի յուրայիններ – ու հաստատ մեջքիդ գնդակ կստանաս,կամ առաջ - դեպի առյուծի բացված երախը…
Առաջին օրը ամենածանր օրն է նորեկների համար,չնայած վախից ու լարումից, կարող են տեսնել այն, ինչ հին ծառայողը կարող է և չնկատել: 
<Լավ է ցույց չտամ, որ վախենում եմ,միգուցե սուլեմ ինչ որ եղանակ>-Արմանը չգիտեր ինչպես քողարկեր վախը:
- Հո հիմար չե՞ս, ի՞նչ ես սուլում,գիտե՞ս քանի կիլոմետրից է լսվում:
- Դե լավ,Աշ,ինչ լարվել,չե՞ս զգում որ մարդ չկա:
Անցնում էին գերեզմանների մոտով:Լուսինը պարզ լուսավորում էր - սարսափելի էր:
Հանկարծ Արմանը ստվեր նկատեց գերեզմանաքարերից մեկի մոտ,քաշեց Աշոտի թևն ու ցույց տվեց դեպի գերեզմանի խորքը:
- Կարող է ոզնի՞ էր,կամ մոլորված ոչխար,-շշնջաց Աշոտը:
- Մոտենա՞նք:
Պետք չէր ցույց տալ որ վախենում է,բայց իրոք որ սարսափելի էր Արմանի համար:
Մոտեցան:
Մի աղջիկ էր կքանստած քարի մոտ,գյուղացի մի աղջիկ:
Ինքնաձիգը ուղղած առաջինը մոտեցավ Աշոտը:
- Վեր կաց,այնպես որ ձեռքերդ երևան:
Արմանը շուրջն էր նայում:
Աղջիկը կանգնեց,մուգ, շատ մուգ գույնի աչքեր ուներ,սև մազեր խնամքով հավաքած ծործրակին:
Վայրի գեղեցիկ էր:
-Չսպանես,ես մամայիս գերեզմանին եմ եկել,- ցույց տվեց գերեզմանաքարը,-այսօր մահանալու տարին է,գիշերով եկա որ չհանդիպեմ ոչ մեկին:
Արցունքները թափվում էին:
- Ես հաճախ եմ լինում այստեղ: Բեհմենիքենդից եմ`Դինդարի աղջիկը:Հայրս էլ եղբայրս էլ զոհվել են…քանի~ անգամ եմ եկել,բայց դեռ ոչ ոք չէր նկատել ինձ:
Երբ երեքով մոտեցան ուղեկալին,հերթապահ զինվորը աշտարակից ցած իջավ,հեռվից տեսել էր որ երեք հոգի են մոտենում:
- Լրտես եք բռնե՞լ,-ծիծաղեց,- մեդալ եք ստանալու Աշոտ:
- Լավ քիչ խոսա ամեն դեպքում թող մնա,առավոտյան կթողնենք կգնա,համ էլ Մառոզը եկած կլինի,բեր կապյորկայի բանալին,թող գիշերն այնտեղ մնա,դուռը կփակենք,մեղք է թող քնի:
Աղջիկը հեծկլտում էր:
Արմանը բացեց պահեստի դուռը,դե պահեստում կարտոֆիլից ու կեղտոտ սպիտակեղենից բացի ոչինչ չկար:
Աշոտն աղջկան հրեց ներս:
- Ես վախում եմ մթությունից,խնդրում եմ…
- Լավ,Արման միացրու քողարկված լույսը,դեռ չորս ժամ կա լուսանալուն,գեներատորը կհերիքի:Դու էլ դռան մոտից չհեռանաս ես քեզ մի երկու ժամից կփոխեմ:Բանալին չկորցնես:
Լռությունը մեռած մարդու նման սուս էր ու տանջալից տխուր ձեռքերով փակում էր Արմանի աչքերը,շոյում քունքերը ու լուռ օրօր էր ասում ականջին:
… Բացեց դուռը,թույլ լույսի տակ տեսավ աղջկան,կեղտոտ սավանների վրա պառկած:
Մոտեցավ,պառկեց կողքը,աղջիկն իր սև ածուխ աչքերով նայում էր:
Հետո սկսեցին խոսել,պատմում էր աղջիկը,հետո Արմանը սկսեց պատմել,հետո էլ չգիտես ինչու սկսեցին միասին լաց լինել:
Արմանը չհասկացավ թե ինչպես ձեռքը ձգվեց ու շոյեց աղջկա կուրծքը,հետո սահեցրեց ձեռքը…աղջիկը մերկ հայտնվեց իր գրկում,համբուրեց վայրի մեղրի համ ունեցող շրթունքները,ձիգ ու բաղձալի կրծքերը,փորը…լսեց աղջկա շշնջոցը <Էլի եմ ուզում,էլի>…
Հասկացավ թե ինչ քաղցր բան է կյանքը,երբ սավառնում ես,սավառնում ու վայրեջքդ լինում է կնոջ գրկում,հետո էլի ես սավառնում…ու հաճույքով փակեց աչքերը:
Երբ արթնացավ չհասկացավ թե ինչքան է քնել,ձեռքը պարզեց դեպի…
Փարիշան չկար,պահեստի դուռն էլ բաց:
Վազեց արթնացրեց Աշոտին:
Չգիտեր թե ինչ է կատարվում,ամեն ինչ մշուշի մեջ էր:
- Հարցրեց զուգարանի տեղը,գնաց այն կողմ մի քսան րոպե առաջ,-ասաց աշտարակի վրայի զինվորը:
- Արման քաշվանք,շուտ արա մի երկու երեք ժամից Մառոզը կգա,կորանք:Ես վազեմ դեպի գետը դու դեպի գերեզմանների կողմը:Կհանդիպենք խաչմերուկում:
Լուսանում էր:
Գերեզմաններին չհասած լսեց ցածր խոսակցություն:
Կռացավ,զգույշ մոտեցավ,գլուխը գետնից բարձրացրեց ու տեսավ Փարիշային մի զինվորականի հետ խոսելիս,մեջքով դեպի իրեն:Խոսում էին ադրբեջաներեն:
Արմանը բան չէր հասկանում,բայց սպասում էր:
- Դե ասա,քանի՞ հոգի են,փողը չես ստանա թե որ խաբես:
- Հիսուներկու հոգի են,ամեն չորս ժամը մեկ պակասում են ութ հոգով:
- Խաբու՞մ ես,տո պոռնիկ գիշերով ո՞նց իմացար:
- Պահեստում հարյուր չորս սավան էր,մեկը տակը գցելու մյուսը վրան,հիսուներկու բարձի երես,ինքդ հաշվիր:Դե տուր փողը,ես պետք է դեռ հասնեմ ռազմական ոստիկանություն,դու խոսք ես տվել:
Սպան գրպանից հանեց փողի տրցակը,հետո ձեռքը գցեց ու աղջկա ուսի կողմից քաշեց պոկեց շորը:Աղջիկը ձեռքով ծածկեց բաց կուրծքը…
- Դու որ չտաս բա ես քեզ կտա՞մ,ծիծաղեց սպան ու ընկավ աղջկա վրա փորձելով բարձրացնել շրջազգեստը:
Ձեռքի փողերը թափվեցին գետնին:Աղջիկը դեռ դիմադրում էր, երբ վրա հասած Արմանը ինքնաձիգի կոթով հարվածեց սպայի գլխին ու ոտքով հրեց:
Սպան գլորվեց կողքի:Գոտուց ատրճանակն էր կախված ու զինվորական դանակը:
Աղջիկը վեր թռավ պառկած տեղից,փաթաթվեց տղային,արագ-արագ սկսեց համբուրել այտերը,վիզը,շրթունքները…տղայի ձեռքից ընկավ ինքնաձիգը:
Փարիշան արագ կռացավ,սպայի գոտկատեղից քաշեց դանակն ու բարձրանալիս խրեց տղայի սիրտը:
Փարիշան հավաքեց գետնին թափված փողերը.<Ազո ջան,ցավդ տանեմ,դու կգաս տուն>,հեռացավ առանց ետ նայելու:

* * *
Երբ հրամանատարը զինվորների հետ մտավ գերեզմանոց, միայն տեսավ արյան մեջ ընկած զինվորին:
Լուռ էին,
- Ո՞րն է այդ աղջկա մոր գերեզմանը Ասլանյան:
- Սա էր,- մատով ցույց տվեց Աշոտը:
Գերեզմանին գրված էր <Ակմուխամեդով,Նուրմուխամեդ Աբդուլ Սադիկ օղլի>
- Քանի անգամ եմ ասել սխալվելու իրավունք չկա, սա տղամարդու գերեզման է,-դառնացած ասաց հրամանատարը:

* * *
Հաջորդ օրը նամակ եկավ Արմանին:
<Արման ջան, ցավդ տանեմ,տղաս,իմ միակ մխիթարանք,չպետք է գրեի բայց չեմ կարողանում հանգստանալ,երեկ հայրդ փող էր ուղարկել ու նամակ,որ փողը հասցնենք ինչ որ Գուրգենի քեզ բանակից ազատելու համար….
…Քեզ լավ նայիր,Արման ջան,հանկարծ չհիվանդանաս…
…Չէի ցանկանում գրել բայց պետք է որ իմանաս,հայրդ կապվել է մի ռուս կնոջ հետ,էլ չի վերադառնալու,հանկարծ չսխալվես ու գրես հորդ,դու իմ միակ հույսը մնացիր…
Աստված իմ,ե՞րբ ես գալու տուն…
Համբուրում եմ տղաս,չտխրես, կապրենք,ի՞նչ է եղել որ…>

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել