Ամռան շոգին միակ բանը, որ իսկապես քեզ կարող է երջանկացնել դա խմիչքն է` սառը ու հագեցնող…Իհարկե, մեեծ սեփական լողավազանն էլ չէր խանգարի, բայց դժվար կարողանամ ձեզ սովորեցնել լողավազան սարքել…
Լողավազանի հարցը դնում ենք մի կողմ ու կենտրոնանում մյուս խնդրի վրա` ի՞նչ խմել: Սառը, համեղ մրգային համերով թեյը, կարծում եմ, լավ լուծում է…էլ չասած, որ այն ավելի լավ է ծարավ հագեցնում, քան Cola, Sprite ու նման ըմպելիքները, ու իհարկե շատ հեշտ է պատրաստել:
Մեզ ընդամենը պետք է մեկ մաքուր կաթսա (կամ այն տարան, որի մեջ կաթ ես եռացնում)
ու ևս մեկ-երկու բան` 1 ճգ քո սիրած թեյից (կամ, եթե չունես գնիր սովորական բերգամոտ)
* գնիր թեյի խոտ մասնագիտացված խանութներից ու հեռու մնա Lipton-ատիպ թեյերից, դրանք համեղ չեն
6 հատիկ հիլ (կարդամոն)
* սովորաբար այս բաղադրատոմսում հիլ չի օգտագործվում, բայց ես այն մի քիչ փոփոխել եմ՝ ավելացնելով հնդկական նյուանսներ. վերջիվերջո հնդիկների մոտ թեյն ավելի համեղ է ստացվում
1 դարչնի փայտիկ
4 թեյի բաժակ ջուր
ձեր նախընտրած մրգային օշարակը կամ հյութը
Պատրաստում ենք մեր սառը թեյը: Հիլն ու դարչինը լցրեք չոր կաթսան ու մարմանդ կրակի վրա թողեք մի քանի վայրկյանով` դրանց բույրը էլ ավելի կուժեղանա: Հանում ենք դրանք կաթսայից, ավելացնում ջուր, թեյի խոտեր, դանակով ճզմում ենք հիլն ու դարչնի հետ վերադարձնում կաթսա: Անջատում ենք այն ժամանակ, երբ ջուրը եռա ու թողնում ենք այդպես այնքան, մինչև լուծույթը չսառի: Այս ընթացքում լցնում ենք օշարակը կամ հյութը գրաֆինի մեջ, եթե այն քաղցր չէ, ապա ավելացնում ենք մեղրաջուր ու հետո մեր թեյի լուծույթը: Խառնում ենք ու տեղափոխում սառնարան:
*Բոստոնյան ոճի սառը թեյում համար օգտագործվում է միայն լորամրգի հյութ, բայց, կարծում եմ ոչ ոք ձեզնից չի նեղանա, եթե օգտագործեք այն, ինչը սիրում եք:
Վերջին անգամ ես պատրաստեցի այս թեյն ու օգտագործեցի սառնարանում արդեն մի քանի շաբաթ տանջվող վարդի օշարակ, հետո նույնը փորձեցի սառեցրած բալից տեղում պատրաստած քաղցր օշարակով…կարծեք թե բոլորը գոհ էին:)
*Եթե չունեք օշարակ ու չեք ուզում խանութից գնված հյութով պատրաստել սառը թեյ, ապա կարող եք վերցնել կես բաժակ կեռաս (կամ խառը հատապտուղ), 5 ճգ շաքարավազ ու եփել այն 1 կամ 2 բաժակ ջրի մեջ, մինչև շաքարը լուծվի ու ստանաք մրգային սոուս:
Եվ վերջապես ամենակարևոր մասը` մատուցելիս ավելացրեք բաժակի մեջ որևէ հատապտուղ ու սառույց թե գեղեցկության թե հագեցած մրգային համի համար:
Դեռ այսքանը…շուտով կկիսվեմ այլ ամառային խմիչքների ու ուտեստների բաղադրատոմսերով, իսկ մինչ այդ բոլորն իմ վրա կփորձարկեմ ;)
Սիրով`
Նյամիկ Էլլա Կանեգարիան