Մինչև հոդվածիս բուն նյութին անցնելը նշեմ, որ ես ,լինելով աթեիստ,իրականում ոչինչ չունեմ իմ շրջապատում մեծամասնություն կազմող քրիստոնյաների, ինչպես նաեւ ինձ հազվադեպ պատահող աղանդավորների եւ այլ կրոններ դավանողների դեմ: Ես խորապես հարգում եմ մադկանց՝ կրոնի ազատ ընտրության իրավունքը եւ ի սրտե կարողանում եմ ուրախանալ այն մարդկանց համար, ովքեր համերաշխության մեջ են իրենց խղճի ու դավանանքի հետ: Իմ քննադատության առարկան հենց Հայ Առաքելական եկեղեցին է՝ որպես «կրոնական» կառույց, քանի որ այսօր ,ըստ իս, այդ կառույցը մեղմ ասած այն չէ, ինչ նախատեսված էր լինել:
Չցանկանալով կասկածի տակ դնել պատմության որոշ դրվագներում եկեղեցու վճռորոշ դերը մեր ազգի գոյատևման հարցում, ես այնուամենայնիվ կուզեի նախ անդրադառնալ ՀԱԵ-ի պատմության որոշ մեղմ ասած կասկածելի հատվածների, որոնցում էլ իմ կարծիքով թաքնված է եկեղեցու անսահման սերը դեպի աշխարհիկ հարստությունը:
Բոլորս էլ գիտենք, որ 301 թ. Հայաստանն ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, դառնալով այդ հարցում առաջինը: Դրանից հետո Տրդատ 3-րդ արքան սահմանում է նոր հարկ՝ տասանորդը: Դա փաստացի նշանակում էր, որ հայ գյուղացին իր արդար քրտինքով վաստակած բերքի մեկ տասներորդը հենց այնպես պետք է տար եկեղեցուն: Բացի այդ Տրդատը եկեղեցուն շնորհեց հսկայական կալվածքներ, որոնց մասին խեղճ հեթանոս քրմերը երազել անգամ չէին կարող: Որպես անսահման երախտիքի նշան՝ Հայ առաքելական եկեղեցին ազգիս մարտունակ հատվածի մի հսկա մասը փակեց վանքերում: Հիշեցնեմ, որ վանականներն այն մարդիկ են, ովքեր մեկուսանում են հասարակությունից, որպեսզի ամբողջովին նվիրվեն Աստծուն եւ ամբողջ օրը աղոթելուց բացի ՈՉԻՆՉ ՉԱՆԵՆ: Նույնիսկ սերունդ չտան: Բայց որպես հասարակ մահկանացու՝ նրանք էլ ,բացի հոգևորից, ունեն նաեւ մարմնական սննդի կարիք: Եվ այդ պահին ո՞վ է հասնում օգնության: Իհարկե. կրկին հասարակ գյուղացին՝ իր բերքով: Այսպիսով ՀԱԵ-ն ստեղծեց պորտաբույծների մի հսկա «բանակ»:
Երբ այս կերպ եկեղեցին մի քանի հարյուրամյակի ընթացքում խժռեց ազգիս բոլոր նյութական եւ մարդկային ռեսուրսները, մենք կորցրեցինք մեր պետականությունը...
Վերադառնանք մեր օրերը: Այսօր Հայաստանում աղքատությունը պաշտոնապես կազմում է 20-22 տոկոս: Ոչ պաշտոնապես այդ թիվը հասնում է 30-ի: Այսինքն` մեր երկրում աղքատ է ամեն երրորդը: Հետաքրքիր է՝ Վեհափառն իր «Մերսեդես»-ի մգեցված ապակիների ետևից տեսնու՞մ է այդ «ամեն երրորդ»-ին: Չեմ հիշում՝ երբ է եկեղեցին վերջին անգամ ծերանոց, մանկատուն կամ ինչու՞ ոչ՝ աշխատատեղ ստեղծել: Ի վերջո, եթե դա է արդիական խնդիրը, և եկեղեցին ունի միջոցներ (իսկ ես ձեզ հավաստիացնում եմ, որ եկեղեցին ունի միջոցներ), կարելի է մի կողմ դնել կարծրատիպերն ու դատարկել դրամապանակը երկրի տնտեսական աճը խթանելու համար: Միգուցե եկեղեցին հենց այդպես էլ վարվում է եւ քրիստոնէաբար լռու՞մ. պարզապես չի ցանկանում պարծենալ: Բա ո՞նց չէ: Սեփական մտքերից ծիծաղս եկավ: Կատակը մի կողմ. այդ դեպքում ու՞ր են գնում եկեղեցու հսկայական ֆինանսները: Այդ հարցի պատասխանն ի զարմանս ինձ վերջերս բավականին կոշտ ձևով տվեց իմ կողմից շատ հարգված մի մարդ, ում, սակայն, երբեք չէի պատկերացնի ՀԱԵ-ի ընդդիմախոսների շարքում: Խոսքս նշանաոր հուշարձանագետ Սամվել Կարապետիանի մասին է: Այո, հենց այն պարոնը, որ ադրբեջանական քարոզչամեքենայի ռազմատենչ պորտը տեղն էր դնում ամեն անգամ, երբ վերջինս փորձում էր հայկական մշակութային որեւէ կոթող «իրենով անել»:Եվ ինչու՞ միայն Ադրբեջանի: Կարապետյանն իր զայրույթն արտահայտեց այն մասին, որ ՀԱԵ-ն անընդհատ նոր մատուռներ ու եկեղեցիներ է կառուցում այնտեղ, որտեղ դրանց կարիքն ընդհանրապես չկա: Պատկերացնու՞մ եք. անգամ հուշարձանագետն է ասւմ. «հերիք է, էլ եկեղեցի մի կառուցեք»: Իդեպ, եթե նկատել եք, նոր կառուցված եկեղեցիների որակը մեղմ ասած այն չէ: Թեկուզ հենց այս պահին համացանցով բացեք եւ համեմատեք Երեւանի նորակառույց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ցանկացած միջնադարյան կոթողի հետ. ուղղակի ծիծաղելի է, որ պետականության եւ տեխնոլոգիաների բացակայության պայմաններում կառուցված մատուռներն ունեն այդքան բարդ ճարտարապետական լուծումներ եւ կրում են գլխապտույտ գեղեցկության զարդաքանդակներ, մինչդեռ 21-րդ դարում ամենաարդիական տեխնոլոգիաներով կառուցված այդ հսկա տաճարը ողորկ պատերից բացի ոչինչ չի կարող առաջարկել իր այցելուներին: Իսկ ինչի՞ համար են այդ անհամար եկեղեցիներն ու մատուռները, որոնք անգամ մշակութային արժեք չեն ներկայացնում: Պատասխանն ակնհայտ է: Երբևէ մտածե՞լ եք՝ օրական քանի մարդ է եկեղեցում մոմ գնում, այդ 50-100 դրամները վերջում ինչ թիվ են կազմում: Պետք չէ հանճարեղ մաթեմատիկոս լինել՝ հասկանալու համար, որ խոսքր միլիոնների մասին է, ու քանի որ հասարակ քահանան աշխատավարձ չի ստանում (նրան վերջերս հաճախ թանկարժեք մեքենայի տեսք ստացող մաղարիչներն էլ են բավարար անդարդ կյանքի համար), այդ ամբողջ գումարը գնում է Մայր աթոռ՝ Նորին մեծություն Գարեգին 2-րդ կաթողիկոսի գրպանը: Ուշադրություն դարձրեք նաեւ այլ, չափազանց կարևոր մի փաստի՝ մոմավաճառության ոլորտում եկեղեցուց բացի այլ նկատելի կառույցներ չկան, ուստի այդ ոլորտը վստահորեն կարելի է անվանել մենաշնորհային: Ավելին. ՀԱԵ-ն լրիվ օրինական հիմքերով խուսափում է հարկերից, քանի որ ՀՀ-ում եկեղեցին անջատված է պետությունից: Այս պարագայում արդար մրցակցության մասին խոսելն անգամ ավելորդ է: Հետևություն. 1700 ամյա կրոնական, կամ միգուցե ավելի ճիշտ կլինի ասել կոմերցիոն կառույցն ընդամենը շատ հաջողված բիզնես է, իսկ նրա առաջնորդը ոչնչով չի տարբերվում «Լֆիկ» Սամոյից կամ «Նեմեց» Ռուբոյից. նրանց պես զենք է կրում,«Մերսեդես»-ով ման գալիս: Թերևս միայն մականունն է պակասում:
Իմ թեկուզ եւ ոչ մասնագիտական դիտարկումով՝ հենց եկեղեցու՝ կրոնականի փոխարեն կոմերցիոն կառույց լինելու հանգամանքն է նրանից տարեցտարի վանում հազարավոր հավատացյալների: Եկեղեցին սովոր է ամեն ինչում մեղադրել «քայքայիչ» աղանդներին՝ ՄԵկ ազգ դաշինքի նման ագրեսիվ կազմակերպություններին օգտագործելով նրանց նկատմամբ ատելություն սերմանելու համար: Միգուցե, եթե ՀԱԵ-ի քահանաներն էլ աղանդավորների պես չզլանային մարդկանց դռները թակել՝ հրավիրելու նրանց կիրակնօրյա պատարագի, շնորհավորելու Զատիկը կամ Սուրբ Ծնունդը, հոգեվոր սնունդ ստանալ ցանկանող այդ հազարավոր մարդիկ հավատի և խղճի ազատ ընտրության իրենց իրավունքն իրականանացնեին այսպես ասած ի շահ Հայ առաքելական եկեղեցու՞...



