Հայլուրիկի լոլո...
Լրատվամիջոցները ալերգիա ունեն լավ, բարի լուրերից,
բնականաբար հեգնում են.
-Բարեբաստիկ լուրեր Հայաստանի տարբեր ծայրերից:
Նրանց կարծիքով վատ, շատ վատ է, երբ հարյուրավոր սիրիահայ երեխաներ հանգստանում են Հանքավանի ճամբարներում, որ «Արի տուն» ծրագրով, «Բազեով» հազարավոր սփյուռքահայ երեխաներ ժամանել են Հայրենիք, բարեկամացել իրենց հասակակիցների հետ, հյուրընկալվել հայ ընտանիքներում, շատ-շատերը գուցե առաջին անգամ հնարավորություն ստացել լինել Հայաստանում՝ հանգստանալ, տեսնել Հայրենիքը, նրա տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները:
Դե իհարկե վատ է, իշխանությունների «ստեղծագործ մտքի» արդյունք, թանկարժեք բեմադրություն, հայլուրիկների լոլո: Ինչ գործ ունեն Հայրենիքում, իշխանությունների ջրաղացին ջուր են լցնում, փոխարեն հանգստսնան Կանարյան կղզիներում կամ մեկ այլ տեղ՝ աֆրիկյան տուարեգ ցեղերի մոտ...
Մարդ այս իշխանություններից բան չի հասկանում, նրանք մոռացել են, որ Արեգակի վրա աննախադեպ բռնկումներ են, Հայաստանում աննախադեպ շոգեր, Եվրոպայում հրդեհներ, Սիրիայում քաղաքացիական պատերազմ, Իրանում երկրաշարժ, որ Գյուլը Մեքքայում հանդիպում է ունենալու Ահմադինեժադի հետ, որ Կանադայում ավտոբուսի վարորդը բռնաբարել է անդամալույծ ուղեւորուհուն...
Լավ, ինչ են մտածում այս ուղղությամբ, թե չէ՝ «Արի տուն»,«Բազե»,«Մեկ ազգ, Մեկ հայրենիք»,«Համահայկական խաղեր»,«Հայաստան-Սփյուռք» համաժողովներ եւ նման կարգի այլ «ներկայացումներ»...
Լավ չի, լավ չի...



