Հայտնի է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը հուլիսի 18-ին՝ այսինքն վաղը, հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ կխոսեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ:
Միանգամից ասենք, որ ՕԵԿ-ն այս հանրահավաքով մի քանի խնդիր է լուծում՝ քաղաքական գերեզմանոցում չհայտնվելու համար:
Նախ որպես քաղաքական ուժ ՕԵԿ-ն այսօր հաղթահարում է իր ունիվերսալ մարգինալության բարդույթը, որը դրսևորվել է այս ուժի` թե´ իշխանության մաս կազմելու ժամանակահատվածում, թե´ ընդդիմություն եղած ժամանակ:
Մյուս կողմից, այս հանրահավաքը, որը հայտարարված է իբրև «ոչ կուսակցական», նաև խնդիր ունի գայթակղելու հասարակական սեկտորին, ինչպես նաև բնակչության սոցիալական խնդիրներով մտահոգ ցանկացած քաղաքացու:
Որպես ընդդիմադիր ուժ՝ ՕԵԿ-ն ընկալելի լինելու խնդիր ունի ոչ միայն հանրության, այլ նաև հենց ընդդիմադիր ուժերի, իսկ հայաստանյան իրականության մեջ` ոչ իշխանական ուժերի մոտ: Այդ իսկ պատճառով, եթե նայենք ոչ իշխանական «քառյակին» ու ծանոթ լինենք նրանց քննարկումներին մի որոշ չափով, ապա ՕԵԿ-ը իր բարձրաձայնած խնդիրների առումով ոչ մի նորություն չի ասելու ու չի էլ ասում: Այստեղ կարևորը ոչ թե խնդիրների բարդ կամ պարզ շարահյուսությամբ հանրությանը ներկայացնելն է (առանց դրա էլ հանրությունը գիտի իր խնդիրների մասին, շատ ավելի լավ), այլ լուծումներ առաջարկելը: Ի դեպ, «քառյակի» լուծումը «իշխանափոխությունն» է: Իսկ ի՞նչ է առաջարկում ՕԵԿ-ը: Երևակայի, հանրահավաքից պարզ կլինի (կամ չի լինի):
Ովքեր կմասնակցեն հանրահավաքին: Համենայն դեպս, որքան երևում է տարբեր ուժերի ներկայացուցիչների հայտարարություններից, ապա մասնակցության ցանկություն չունեն, պատճառաբանությունը ոչ թե ՕԵԿ-ն է, այլ շոգը, ինչպես նաև այն հիմնավորումը, որ այդ խնդիրները իրենք էլ են բարձրաձայնել, իսկ կոնսոլիդացման մասին խոսք է գնում «այնքանով-որքանով» սկզբունքով:
Կարծես այս հանրահավաքը ոչ իշխանական ուժերի մոտ ինչ-որ տեղ նաև «դիֆերենցացված ստուգարք» է ՕԵԿ-ի համար:
Ինչպես ասում են` ընդդիմության ոչ իշխանականն է լավը: ՕԵԿ-ի հանրահավաքից հետո, ամենայն հավանականությամբ, ոչ իշխանական «Քառյակը» կդառնա «Հնգյակ»: