Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Գարեգին Նժդեհի և Արցախի փողոցների խաչմերուկում բախվել են 2 ավտոմեքենա: Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, վթարի հետևանքով վարորդներ Ս. Գրիգորյանն ու Տ. Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ստացել է վթարի մասին տեղեկությունը, վարորդների մտերիմներն ավտոմեքենաները տեղափոխել էին վթարի վայրից: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Պարզվել է, որ «Ֆոլքսվագենի» վարորդը երգիչ-հաղորդավար Սամվել Գրիգորյանն է: Վերջինս վնասվածք է ստացել «ազդրի կոտրվածք՝ տեղաշարժով», և պետք է վիրահատվի: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ:
Իհարկե, սիրելի երգչին մաղթենք քաջառողջություն և շուտափույթ ապաքինում: Սակայն այս պարագայում հարկ է ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա: Հաղորդագրությունից ակնհայտորեն երևում է, որ վարորդները քարշակների օգնությամբ մեքենաները դեպքը վայրից հեռացրել են մինչև ճանապարհային ոստիկանության վերակարգերի ժամանումը:
Տարօրինակ է, որ 21-րդ դարում իրավապահ մարմինները կարող են գործել այդչափ ոչ օպերատիվ: Ընդ որում, պիտի հաշվի առնել հանգամանքը, որ ի հավելումն իրազեկման ավանդական եղանակների, առկա է նաև գերժամանակակիցը՝ Երևանի խաչմերուկներին տեղադրված տեսախցիկների տեսքով: Իհարկե, կարող են լինել առարկություններ առ այն, որ դրանք նախատեսված են իրավախախտումների հայտնաբերման համար, սակայն դժվար թե որևէ բան խանգարի դրանք նաև օպերատիվ իրազեկման և արձագանքման նպատակով օգտագործելուն: Առավել ևս՝ եթե խոսքը Երևանի ամենաբանուկ խաչմերուկներից մեկի մասին է, որը գտնվում է տեսախցիկների ուղիղ տեսադաշտում:
Սակայն այս գիշեր տեղի ունեցածը հակառակ փաստի ուղղակի ապացույց է: Ստացվում է, որ պատկան մարմիններին, հավանաբար, հետաքրքրում են բացառապես ֆինանսական մուտքերը:
Ինչպես կասեր մեծ դասականը՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան այնպես չէ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1444798915786048&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել