1in.am-ը գրում է.
Լինդսի Լոհանը կտեղափոխվի Լոնդոն ապրելու. նրան դեր են առաջարկել տեղի թատրոններից մեկում, որում դերասանուհին դերասանական կարիերային վերադառնալու իր հնարավորությունն է տեսնում: Այս մասին հայտնում է BBC հեռուստաալիքը:
Լոնդոնյան բեմում իր մեկնարկի նախօրեին BBC-ին տված հարցազրույցում 28-ամյա Լոհանը բողոքել է, որ լրագրողներն ու հանրությունը հետաքրքրվում են իր անձնական կյանքով, ոչ թե պրոֆեսիոնալ ձեռքբերումներով. «Մարդիկ իմ հարցում որոշակի նախապաշարմունքներ ունեն: Արդեն երկար ժամանակ իմ մեջ տեսնում են միայն հայտնի մարդու, ինչը ես երբեք չեմ ուզել: Դա այն չէ, ինչի համար ես սկսել եմ աշխատել այս ոլորտում: Ես շոու-բիզնեսում եմ 3 տարեկանից, նկարահանվում եմ 6 տարեկանից: Բոլորը մոռացել են այդ մասին: Ես ուզում եմ շփվել հրաշալի մարդկանց հետ, որոնց հետ ես աշխատում եմ Լոնդոնի բեմում: Եվ ես ուզում եմ, որ լսարանը կենտրոնանա այն փաստի վրա, որ ես աշխատում եմ այս ոլորտում, որովհետև դերասանուհի եմ, այլ ոչ որպեսզի ինձ պապարացիները լուսանկարեն»:
Լինդսիի խոսքով՝ լրագրողները մշտապես տարբեր պատմություններ են հորինում իր մասին. «Չեմ հասկանում այդ ամբողջ աղմուկն իմ անվան շուրջ, այն ինձ վախեցնում է: Նույնիսկ երբ ես ոչինչ չեմ անում, նրանք ինչ-որ նորություններ են հորինում իմ մասին: Բայց հիմա ես արդեն սկսել եմ ավելի հանգիստ վերաբերվել այդ ամենին, ոչ ինչպես նախկինում»:
Լոհանի խոսքով՝ իր անձի նկատմամբ մեծ ուշադրության պատճառով ինքը սկսել է շատ ընտրողաբար վերաբերվել իր շրջապատին և շփվում է միայն սահմանափակ թվով ընկերների հետ:
Լոհանի խոսքով՝ «Բրիտանացիներն այլ տեսլական ունեն: ԱՄՆ-ում այդ բոլոր հեռուստաշոուներում և TMZ-ի նման կայքերում մարդիկ միայն քննարկում են նրանց անձնական կյանքը, ովքեր աշխատում են շոու-բիզնեսում: Այստեղ ես դա չեմ նկատում: Հեռուստացույցով տեսնում եմ հիմնականում նորություններ կամ երաժշտական ծրագրեր: Հաճելի է միացնել հեռուստացույցը և որևէ բամբասանքի չբախվել»:

