Առաջարկ ՀՀ ոստիկանությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Հայ Առաքելական եկեղեցուն.
Տարբեր հարթակներում այս երեք կառույցների համագործակցությունը շատ արդյունավետ է ստացվում, ու այս իսկ պատճառով ևս մեկ առաջարկով եմ ուզում հանդես գալ:
Մեր երկրում ամենախոցելի խմբերից են երեխաները, հատկապես՝ մանկատան և գիշերօթիկ դպրոցների սաները: Ինչքան էլ մանկատունն ու գիշերօթիկը լավը լինի, միևնույնն է, երեխաները հոգեբանական լուրջ աջակցության կարիք ունեն: Ականատես եղել եմ, թե ինչպես են ՀՀ ոստիկանության և սոցապ նախարարության աշխատակիցները, Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները ուշադրության կենտրոնում պահում այս կառույցները, այդուհանդերձ, ցանկանում եմ, որ այս ոլորտը առավելապես վերցվի հոգածության ներքո.
1. Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները ամեն շաբաթ անձամբ զրուցեն մանկատան ու գիշերօթիկների ոչ միայն սաների, այլև դայակ-դաստիարակների ու ուսուցիչների հետ` անընդհատ հիշեցնելով, որ որքան էլ դժվար լինի նրանց գործը ու նյարդայնացնող, այդ գործը նրանք պիտի նվիրումով անեն, այլապես, ևս մեկ անգամ կոտրում են երեխային: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ նյարդերն էլ կարող են տեղի տալ ու ակամա թիրախը դառնա երեխան, որը զրկված է ամեն ինչից...
2. ՀՀ ոստիկանությանն ու սոցապ նախարարությանն առաջարկում եմ՝ համատեղ պայմանավորվածության արդյունքում կիրառեն վերահսկողական տեսախցիկների գործարկումը նման կենտրոններում՝ խուսափելու հնարավոր ու անհնար դրվագներից, որոնց մասին լսում ենք...գուցե հաճախ սուտ, այնուամենայնիվ, ավելորդ բամբասանքներից խուսափելու համար...Ի դեպ, հրաշալի է մտածված ՀՀ ոստիկանության Հրեշտակների խումբը...հիմա այդ հրեշտակներն առավել քան պետք են մեր երեխաներին...Մանուկներն անմեղ ու մաքուր էակներ են ու մեր հոգածության կարիքն ունեն ...