Ինչպես հայտնի է, վերջին օրերին համացանցում տարածվեց մի տեսահոլովակ, որում ներկայացվում էր իբր Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության լրատվական գործակալության լուրերի թողարկման մի դրվագ, ուր հայտարարվում էր, թե ԿԺԴՀ հավաքականը, խոշոր հաշիվներով հաղթելով Չինաստանի, ԱՄՆ և Ճապոնիայի հավաքականներին, նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր, ուր կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ:
Այդ «լուրը» արագորեն տարածվեց ողջ աշխարհով, ինչը բնական է. ԿԺԴՀ-ին և Կիմ Չեն Ընին չսիրողների թիվը քիչ չէ: Սակայն այդ բոլոր լրատվամիջոցների մտքով չանցավ անգամ փորձել պարզել տեղեկատվության աղբյուրը: Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ պնդում էին, որ այդ լուրը հրապարակել է ԿԺԴՀ կենտրոնական հեռագրական գործակալությունը: Սակայն, որքան էլ տխուր լինի տարածողների համար, դա այդպես չէ:
Նախ, ըստ լեզվաբանների, հոլովակում հնչող ձայնի տերը խոսում է հարավկորեական ակցենտով, իսկ որ ամենակարևորն է՝ ԿԺԴՀ-ում, ինչպես և ՖԻՖԱ-ի անդամ բոլոր երկրներում, հեռարձակվում են Աշխարհի առաջնության հանդիպումները և բնական է, հյուսիսկորեացիները մրցաշարի իրական արդյունքներից քաջատեղյակ են:
3 տարի էլ չկա, ինչ իշխանության է եկել Կիմ Չեն Ընը, սակայն այդ ընթացքում իրեն հասցրին վերագրել ինչ ասես: Էլ 200 պաշտոնյաների գնդակահարություն, էլ մի հայտնի երգչուհու մահապատիժ իբր քրիստոնեություն քարոզելու և պոռնկագրություն տարածելու (որքան համատեղելի երևույթներ) համար, էլ սեփական քեռուն շներին կերակրել...
Այս վերջին պատմությունը նույնիսկ Հայաստանում էր պատմվում ու ներկայացվում իբրև հյուսիսկորեական վարչակարգի դաժանության ու կամայականության հստակ ապացույց: Այդպես այդ «լուրը» պտտվեց ողջ աշխարհով մեկ, մինչև չպարզվեց, որ դրա սկզբնաղբյուրն է մի չինացի նմանակող-հումորիստ, որի ձայնը շատ նման է ԿԺԴՀ-ի կառավարության մամլո խոսնակի ձայնին:
Որպես կանոն, նման «լուրերի» սկզբնաղբյուրներն են հիմնականում ճապոնական, իսկ որոշ դեպքերում նաև հարավկորեական լրատվամիջոցները: Սակայն մարդու հոգեբանական նկարագրի կարևորագույն առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հաղորդագրությանը ծանոթացողների թիվը բազմաթիվ անգամ գերազանցում է հերքումից տեղյակների թվին:
Կարող է հարց ծագել՝ իսկ ինչո՞ւ ԿԺԴՀ ղեկավարությունը չի պայքարում նման երևույթների դեմ: Պատասխանը պարզ է՝ իրականում կառավարությանը դա ձեռնտու է: Որքան շատ վատաբանեն իրենց՝ այնքան շատ կտարածվի այն մտածողությունը, որ «դրանց հետ գործ բռնել չարժե»: Իսկ յուրաքանչյուր նման պատմություն նպաստում է այդ կերպարի ամրապնդմանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1444655599133713&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել