Պարզվում է «Ազատ դեմոկրատներից» վերջերս պոկված խմբի անդամները միմյանց հետ կապված են սուրբ շղթայով: Այդ շղթան նրանցից երեքի` Կարեն Կարապետյանի, Դավիթ Առաքելյանի եւ Հրաչ Հակոբյանի պարանոցին է գամել քավոր Արարատ Զուրաբյանը: Դեռեւս թաղապետության տարիներից նրանք միասին էին կանաչապատում, աղբահանում Կենտրոն համայնքը: Եվ քանի որ թաղապետարանն արդեն չկա, ուստի նրանք մտմտում են քաղաքական կուսակցություն ստեղծելու գաղափարը: Ո՞վ կարող է օգնության հասնել քաղաքականությունից այնքան էլ գլուխ չհանող այդ խմբին` կուսակցաշինության հարցում: Իհարկե, ոչ ոք այս նրանց վրա խաղադրույք չի դնի: Մնում է նորից ապավինել այն մեկին, ով իր բացակայությամբ ավելի ներկա է այսօրվա հասարակական-քաղաքական կյանքում, քան նրանք, ովքեր իրենց տարիների ներկայությամբ ընդմիշտ բացակա են եղել բոլոր պրոցեսներից:

Վանո Սիրադեղյանի կողքին առանց մտածելու էլ հանգիստ ապրում էին: Շեֆն այնքան խարիզմատիկ գործիչ էր, որ նրա ստվերն անհետանալուց հետո էլ թողել է այնքան քաղաքական կապիտալ, որ դրա շուրջ ոչ թե մեկ, այլ տասը կուսակցություն էլ կարելի է ստեղծել: Եվ քանի որ տղաները, այնուամենայնիվ, խաղալ են ուզում, ուստի աջուձախ արդեն հասցրել են հայտարարել, որ հենց իրենք են այն երեւելիները, որ հենց իրենց է հարիր ԵԼՔ շարժումից «գցել» ստորագրահավաքի նախաձեռնությունը եւ այն ծառայեցնել իրենց նորաթուխ կուսակցության բրենդին: Եվ ով է ԵԼՔ նախաձեռնության հեղինակ Վարդուհի Սիմոնյանը, ով երբեք չի պտտվել վանոյամերձ տարածքներում, չի պարազիտացել նրա հացի վրա: Եվ ամենակարեւորը, չունի կուսակցական պատկանելություն եւ դեռ հավակնել է հարյուրավոր մտավորականների օժանդակությամբ Վանո Սիրադեղյանին հայրենիք հրավիրելու շարժում ծավալել: Վարդուհի Սիմոնյանը հրաժարվեց մեկնաբանել նորաթուխ հասարակական-քաղաքական գործիչների վարքաբանությունը` հիշեցնելով, որ, այնուամենայնիվ, ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի:

Մարինա Բաղդագյուլյան

Աղբյուրը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել