1789թ.-ին Եվրոպան ցնցվեց փարիզյան հեղափոխությունից, որը կատարվում էր ազատության, եղբայրության, հավասարության կարգախոսով: Հակաբուրժուական ալիքը տարածվեց ողջ Եվրոպայում: Ամենուրեք դեմոկրատական կարգեր էին հաստատվում: Այս ամենն իր ազդեցությունն ունեցավ նաև գրականության վրա:
Այս ընթացքում ռոմանտիզմն առավել ամբողջականորեն ձևավորվում է իբրև գրական ինքնուրույն ուղղություն, որը, նախևառաջ, հետևանք էր լուսավորական գաղափարախոսության ազդեցության թուլացման, ինչպես նաև մարդկային ոգու անդրադարձն էր պատմությանը, որ մեծ անհատների` հատկապես Նապոլեոնի հանկարծակի հանդես գալով դարձել էր ավելի տեսանելի ու առարկայական: Թեև ռոմանտիզմը զանգվածի ծնունդն էր, այնուհանդերձ իր մեջ կրում էր անհատականության պահանջ, այսինքն` յուրաքանչյուր մարդ ունի անհատական ձգտում բացարձակության հասնելու համար: Ռոմանտիզմն աշխարհընկալում է` հիմնված այն համոզմունքի վրա, որ առաջնայինը հոգևորն է, և ոչ թե` նյութականը: Բուրժուական իրականության նյութը դառնում է մարդկանց օտարացման հիմնական պայման` մարդկային հարաբերությունները հասցնելով ողբերգական իրավիճակի: Ռոմանտիկ գրականության դրական հերոսը ծառայում է ոչ թե նյութին, այլ ոգուն` բարձր կանգնելով իր միջավայրից և արատներից: Այսպիսով` մարդը ռոմանտիզմի գրկում բացահայտում է ոչ միայն դասական աշխարհը, այլև` միջնադարը, Արևմուտքի քրիստոնեական մշակույթը:
Այս գրականության մեջ առաջնային է ֆրանսիացի պոետ և արձակագիր Շատոբրիանը, որին Պուշկինն անվանել է իր ժամանակի առաջին ֆրանսիական գրող և իր ժամանակի գրող սերնդի ուսուցիչ: Նա քրիստոնեական ժառանգությունը դիտարկում է էսթետիկական և գեղագիտական տեսանկյունից, միաժամանակ, նոր խնդիրներ առաջադրելով գրականությանը: «Մարդը, -գրում է նա, – իր տառապանքների ստրուկն է, և գրողը պետք է սանձահարի կրքերը ոչ թե լուսավորական փիլիսոփայությամբ, այլ կրոնի միջոցով: Ոչ թե բանակնությունն է առաջնորդում մարդուն բարոյական կատարելության, այլ աստվածային ճշմարտության ճանաչողությունը: Գրողի կոչումն է պատկերել այն դրաման, որ առաջանում է մարդու հոգու կրոնական զգացմունքի և այլ կրքերի կոնֆլիկտի հետևանքով»: Այդ կարգախոսն ապացուցելու համար Շատոբրիանը գրում է իր «Քրիստոնեության հանճարը» աշխատությունը:
Այս երկը նվիրված է քրիստոնեական կրոնի ջատագովությանը, սակայն այն բոլորովին նման չէ եկեղեցու հին հայրերի դասական գրվածքներին, ուր գերազանցապես իշխում է ջատագովական և ուսուցողական ոգին: Վերջինն, անշուշտ, մասամբ առկա է Շատոբրյանի այս գրքում: Սակայն այստեղ տիրապետողը ոչ այնքան նրա գաղափարներն են, որքան նրա զգացումները: Հեղինակի նպատակն է եղել ապացուցել, որ քրիստոնեությունը բոլոր կրոններից, որոնք երբևէ գոյություն են ունեցել, ամենաբանաստեղծականն է, ամենամարդկայինը, ամենանպաստավորը և օգտակարը արվեստին ու գրականությանը: Արդի աշխարհն ամեն ինչով պարտական է նրան: Ոչինչ չկա ավելի հրաշալի, քան նրա բարոյական ուսուցումը, ոչինչ ավելի սիրելի, ավելի վսեմ ու շքեղ, քան նրա վարդապետությունը, որը նպաստում է մարդու իմացականությանը, նրբացնում ճաշակը, զարգացնում առաքինի ցանկությունները, ազնիվ ներշնչումներ տալիս գրողին, կատարյալ կաղապարներ` արվեստագետին: «Այո,- գրում է նա,- գեղեցիկ է Հոմերոսը, որին մենք բոլորս սիրում ենք, հրաշալի է Վերգիլիոսը, հրաշալի են անտիկ պոեզիայի սկզբունքները, սակայն մի կարծեք, թե դրանց փոխարեն հայտնվեցին քրիստոնեական գրքերը և մշակույթը, ապա եկավ բարբարոսություն և խավար»:
Գրողն, այսպիսով, ցանկանում էր ցույց տալ, որ քրիստոնեությունը Եվրոպա նոր գեղագիտական աշխարհայացք է բերել:
Ինչպես նշվում է տեսական գրականության մեջ` 19-րդ դարի սկիզբը «Փոթորկի և գրոհի» դարաշրջանն է: Այս հատվածում պոետների և դրամատուրգների ուշադրությունը սևեռվում է Հին Կտակարանի վրա: Նրանց ցանկությունն է Հին Կտակարանը տեսնել ռոմանտիզմի լույսի ներքո, քանի որ ռոմանտիկները կյանքի իմաստը փնտրում են Աստվածաշնչի մեջ` ցանկանալով սուրբգրյան պատումներն իրենց պատկերացրած կատարյալ ռոմանտիկ մթնոլորտում տեսնել: Այստեղ հարկ է հիշել անգլիացի մեծագույն դեմքերից մեկին` Ջորջ Բայրոնին: Վերջինս քաջածանոթ էր Սուրբ Գրքին և սիրում էր այն: Ազատատենչ Բայրոնի սիրելի հատվածներից մեկը Դանիել մարգարեի գիրքն էր, որը ըստ նրա, խղճի ազատության աստվածաշնչյան առաջին հռչակն է:
Սուրբ Գիրքը հաճախ է եղել նրա բանաստեղծական ներշնչանքի աղբյուր, որից և ծնվեցին Բայրոնի` աստվածաշնչյան թեմաներով երեք ստեղծագործությունները:
Առաջինը երիտասարդ տարիքում`1814-1815թթ.-ին գրված «Հրեական մեղեդիներ»: Դա բանաստեղծությունների ժողովածու է, որը նախատեսված էր երաժշտական բանաստեղծության համար` ծառայելու իբրև բառեր:
1820-ական թվականներին Բայրոնը գրում է երկու միստերիաններ Ծննդոց գրքի թեմաների վերաբերյալ: Առաջին միստերիան կոչվում է «Կայեն», երկրորդը` «Երկինք ու երկիր»: «Կայեն» միստերայում պոետը հասավ իր գաղափարներն ամենայուրհատուկ ձևով արտահայտելու միջոցին: Նա օգտագործեց աստվածաշնչյան պատումը` իր ստեղծագործությունը զարգացնելու համար: Այստեղ ընթերցողն ականատես է լինում Կայենի հոգևոր ապրումներին, որոնք ստիպում են մարդուն մտածել իր շրջապատող աշխարհի մասին, քանի որ ինքը` Կայենն իր ըմբոստ գաղափարներով հասնում է իր ուզած բացարձակաության: Թեև նա ոչինչ է աստվածային ուժի նկատմամբ, սակայն նա կարողանում է որոշակի փոփոխություններ անել` սպանելով երկնքի ընտրյալին` սեփական եղբորը: Ինչպես աստվածային պատմությունը Կայենի և Աբելի մասին, այնպես էլ բայրոնյան Կայենը ստիպում է ըթերցողին մտածել այն կարևոր բաների մասին, որոնք առկա են մեր կյանքում` այս փոփոխվող աշխարհում մեր տեղի, մեր և մեր սերունդների ապագայի հանդեպ ահնձնական պատասխանատվության և մարդկային բանականության հզոր ուժի մասին, որ թույլ է տալիս մեզ վեր կանգնել իրականությունից:
Այժմ անդրադառնանք լեհ գրող Հենրիկ Սենկեվիչին: Նրա լավագույն գործերից է «Յո՞ երթաս» վեպը, որի համար հեղինակը նոբելյան մրցանակ է ստացել: Վեպը մեզ տանում է Հռոմ` Ներոն կայսեր ժամանակները, ուր իրականության հետ մենք ապրում ենք էքզիստենցիալ զգացմունքներ, որոնք հետագայում վերաճում են ներքին փորձառության: Հիրավի, ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով և ուժով մի խումբ տգետ ձկնորսներ կարողացան սեր դրսևորել իրենց թշնամիների նկատմամբ, կոտրել Հռոմի բաղմաստվածության դիմագիծը ` այն դարձնելով քրիստոնեության կենտրոն: Գրքում ներկայացվող խնդիրը Հռոմի միապետ Ներոնի մեջ չէ: Նա դասական բռնապետ է, որի մեջ ի հայտ է գալիս մարդկային անկյալ բարոյականությունը: Սակայն Ներոնը Սենկևիչի մոտ միայն ուղղակի չարագործ ու եսասեր չարագործ չէ: Վեպում նա աչքի է ընկնում իբրև զգացմունքային պոետ, երգիչ, արտիստ. նրա հիվանդագին փառասիրությունն այս ուղղությամբ է զարգանում: Այն, որ նրա մտքում գաղափար է ծագում այրել Հռոմը, որպեսզի հագուրդ տա իր գեղագիտական ճաշակին և այդ տպավորության տակ գրի հրաշալի պոեմ, վկայում է նրա բնավորության` ինչպես բարոյական, այնպես էլ գեղագիտական ապականման մասին:
Վեպի գաղափարական հիմքը կարելի է տեսնել Քիլոնի կերպարում, որը կարծես մատնիչ Հուդայի արտապատկերն է: Կերտելով այս հերոսի կերպարը` հեղինակը մեկ անգամ ևս շեշտում է քրիստոնեական ներողամտության ազդեցությունը մարդու հոգեբանության վրա: Քիլոնը, տեսնելով քրիստոնյաների հալածանքը և թե ինչպես նրանք չեն հրաժարվում հավատքից Պողոս առաքյալից և դառնում քրիստոնյա: Կարելի է եզրակացնել, որ հեղինակը ցանկացել է ասել, թե, եթե Հուդան էլ զղջար, ապա նույպես կփրկվեր:
Այնուամենայնիվ, եկեք մի պահ ինքներս մեզ հարցնենք, թե ինչի մասին է վեպը, որտեղ ընթերցողը հանդիպում է տարբեր խարդախությունների, կոնֆլիկտների, բախումների, բազմաթիվ դաժան տեսարանների: Մենք կհամարձակվենք ասել, որ այն սիրո մասին է. այն ոչ միայն Վինիկիոսի և Լիգիայի, այլև համամարդկային սիրո մի հոյակապ փառաբանություն է, մի սրտաբուխ պահանջ, որ ժամանակի մարդու անձնական ու հասարակական կյանքը նորոգվի քրիստոնեական ճշմարտության և սիրո պատվիրանների համաձայն: Սա այն սերն է, որն «իրենը չի փնտրում, այլ ուրախանում է ճշմարտության վրա» (հմմտ. Ա Կորնթ. 13.):
Վերոնշյալ անձանց ներկայացնելուց հետո հարկ ենք համարում նշել նաև ժամանակի այլ նշանավոր դեմքերի ևս, ովքեր իրենց ստեղծագործությունները շարադրել են աստվածաշնչային պատումների հիման վրա: Այսպես օրինակ` Գուստավ Ֆլոբերը գրում է «Հերովդիադա» ստեղծագործությունը, Անատոլ Ֆրանսը` «Հրեաստանի կուսակալը», Օսկար Ուալդը` «Սողոմե» դրաման: Ժամանակի ընթացքում գրողների շրջանում հետաքրքրության առարկա է դառնում նաև Քրիստոսի կերպարը: Նրանք փորձում են վերարտադրել Ավետարանը գեղարվեստական մեթոդներով: Դրա ամենավառ օրինակը Էռնեստ Ռենայի «Հիսուսի կյանքը» ստեղծագործությունն է: Թեև այստեղ նկարագրված պատկերները տպավորիչ են, այնուամենայնիվ, ռենանյան Հիսուսը որևէ առնչություն չունի ավետարանական Փրկչի հետ:
Այսպիսով` 19-րդ դարի այս ստեղծագործությունները մեզ ցույց են տալիս, թե որքան հսկայածավալ նյութ է տրամադրում Աստվածաշունչը գրողի համար, թե ինչպես են խոսքի տարբեր վարպետները փորձել են Աստվածաշնչի ճշմարտությունն անցկացնել իրենց գիտակցության լույսի ներքո:
Նյութի աղբյուր՝ http://granish.org/the-bible-and-literature/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել