Emedia.am-ը գրում է.
Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունները 65-ն են, իսկ նախորդ տարիներին գրանցված վերջին կազմակերպությունը մալականների համայնքն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը:
«Հայաստանում նոր միավորների ձևավորման և գրանցման շարժում չկա: Դրանք այնքան հասուն չեն, որ դիմեն գրանցման»,-նշեց պաշտոնյան: Նրա խոսքով` առաջարկ կար գրանցել կրոնական միավորներին «խումբ» տարբերակի ներքո, ինչը նշանակում էր, որ նրանք պետք է հաշվառվեին, այսինքն` իրենց մասին հայտնեին ու դա պայման լիներ, որ հետագայում գրանցվեն: «Այդ տարբերակը չանցավ: Ընդունվեց, որ միայն կրոնական կազմակերպությունները դիմեն ու գրանցվեն, իսկ միջազգային նորմով բոլորն ազատ են իրենց համոզմունքն արտահայտելու, դրա համար էլ գրանցման կարիք չի առաջանում այդ նորմի համաձայն»,-տեղեկացրեց Վարդան Ասցատրյանը` նշելով, որ դրանով օրենքը թերանում է ու չի պարտադրում ցանկացած կրոնական միավորի գրանցվել:
Վարդան Ասցատրյանը միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ օրենքի փոփոխված նախագիծը, որը ներկայում գտնվում է ՀՀ արդարադատության նախարարությունում, անցել է Վենետիկի հանձնաժողովի ուսումնասիրությունը: «Նոր նախագիծը «Խղճի և կրոնի ազատության մասին» անվանումն ունի, որն Արդարադատության նախարարությունում է, Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հայտնել դրա մասին. քննադատել է, բայց ասել է, որ ավելի առաջադեմ տարբերակ է»,-նշեց պաշտոնյան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ