Յուրաքանչյուրը, ով կհարցներ պրոֆեսոր Գաուսին նրա վաղ հիշողությունների մասին, պատասխան կստանար, որ նման բան գոյություն չունի: Հիշողությունները, ի տարբերություն քանդակների և նամակների, չեն թվագրվում: Ինչ-որ մեկը հանկարծակի մեկի հիշողություններում հանդիպում է ինչ-որ բաների, որ մեկ ուրիշը կարողացել է մի լավ մտածելով ճիշտ կարգով կազմակերպել:
Նա հիշում էր, որ հաշվել սկսել է մինչև խոսել սովորելը: Մի անգամ նրա հայրն իր ամսական աշխատավարձը հաշվելիս սխալ է թույլ տալիս, Գաուսը սկսում է լաց լինել և չի կտրում ձայնն այնքան ժամանակ, մինչև որ հայրը չի գտնում սխալը:
Բայց նույնիսկ այդ օրվա հիշողությունը մի տեսակ կյանքից զուրկ ու երկրորդական էր թվում: Միգուցե նա այդ պատմությունն այնքան հաճախ էր լսել, որ այն արդեն թվում էր անիրական մի բան: Մնացած բոլոր հիշողությունները մոր հետ էին կապված: Նա ընկել է՝ մայրը մխիթարել է, լաց է եղել՝ սրբել է արցունքները, չի կարողացել քնել՝ մայրը նրա համար երգել է, հարևանի տղան փորձել է ծեծել նրան, բայց մայրը տեսել է, ընկել է տղայի ետևից և հաջողացրել բռնել նրան. ոտքերի արանքն է խցկել և այնքան հարվածել դեմքին, մինչև որ նա լրիվ արյունլվա ու խուլ խարխափելով հազիվ տուն է գնացել: Բառերով հնարավոր չէ նկարագրել, թե Գաուսն ինչքան էր սիրում մորը, եթե մոր հետ մի բան պատահեր, կմեռներ: Դա ամեն տեսակի խոսքից վեր է, երբեք չէր կարող դիմանալ այդ ցավին: Այդպես էր, երբ նա երեք տարեկան էր, և երեսուն տարի անց էլ չկար ոչ մի տարբերություն:
Գաուսի հայրն այգեպան էր, նրա ձեռքերը գրեթե միշտ կեղտոտ էին, նա առանձնապես շատ գումար չէր վաստակում և եթե ինչ-որ բան էր խոսում, ապա դա կամ բողոք էր կամ հրաման: Երեկոյան մի տեսակ ալարելով ուտում էր կարտոֆիլի ապուրն ու շարունակ կրկնում՝ գերմանացին մեկն է, ով երբեք չի ծուլանում: Մի անգամ Գաուսը հարցրեց. «Եվ վե՞րջ: Սա՞ է այն ամենը, ինչ պետք է գերմանացի լինելու համար»: Նրա հայրը երկար մտածեց, այնքան երկար, որ խելքից դուրս էր նույնիսկ: Հետո գլխով արեց:
Նրա մայրը հաճելի արտաքինով մելամաղձոտ կին էր, և եփել-թափելուց, լվացք անելուց, երազելուց ու լաց լինելուց բացի, այլ բան անելիս երբեք նրան չէր տեսել: Անգրագետ կին էր, ո՛չ կարդալ գիտեր, ո՛չ գրել: Գաուսը գիտակցում էր, որ մայրը ժամանակից շուտ է ծերանում: Մոր մաշկը թուլացել էր, մարմինը՝ տձևացել, աչքերը, ինչ խոսք, կորցրել էին իրենց վաղեմի փայլը, և տարին տարվա վրա ավելանում էին դեմքի գծերը: Նա շատ լավ գիտեր, որ բոլորն էլ վաղ թե ուշ ծերանում են, բայց իր մոր պարագայում դա անտանելի էր. աչքի առաջ կորցնում էր նրան և ոչինչ չէր կարող անել:
Իր հետագա հիշողությունների մեծ մասը վերաբերում էր դանդաղամտությանը: Երկար ժամանակ նա հավատացած էր, որ մարդիկ ինչ-որ ծես են կատարում կամ հետևում ծեսին, և այդ արարողությունը պարտավորեցնում է նրանց խոսելուց կամ ինչ-որ բան անելուց առաջ դադար տալ: Նույնիսկ ինչ-որ մի ժամանակահատված նա փորձել էր դրան հարմարվել, սակայն հետո դա նորից անտանելի է դարձել: Միայն աստիճանաբար էր սկսել հասկանալ, որ նրանք իսկապես ունեն այդ դադարների կարիքը: Ինչո՞ւ էին նրանք այդքան դանդաղ մտածում, այդքան դժվարությամբ: Կարծես նրանց մտքերը ինչ-որ մեքենայից դուրս գալուց լինեին, դրանք նախ պիտի ստիպված ծռմռվեին և հետո միայն նյութականացվեին, իրենց կամքով շարժվող կենդանի բան լինելու փոխարեն: Նա նկատել էր, որ մարդիկ զայրանում էին, երբ ինքը չէր կարողանում կանգ առնել: Նա անում էր հնարավոր ամեն ինչ, բայց դա չէր օգնում:
Նա նախ նյարդայնանում էր գրքերի միջի սև նշաններից, որ թվում էր ինչ-որ բան էին ասում մեծահասակներին, բայց ոչ իր մորը կամ իրեն: Մի կիրակի կեսօրին «ինչի ես այդտեղ այդպես կանգնել, տղա՛»-ին ի պատասխան նա համոզեց հորը բացատրել այդ նշաններից մի քանիսը՝ այն մեկը՝ մեծ ձողով, մյուսը, որի կեսն է կլոր, և հաջորդը, որ ամբողջությամբ կլոր է: Հետո նա այնքան նայեց էջին, մինչև որ այդ անհասկանալի նշանները սկսեցին ինքնակամ լրացնել մեկը մյուսին, և հանկարծ հայտնվեցին բառերը: Նա էջը շրջեց, այս անգամ այն ավելի արագ էր գնում. մի քանի ժամից նա արդեն կարողանում էր կարդալ, և հենց այդ երեկո ավարտեց գիրքը, որն, ի դեպ, շատ ձանձրալի էր, և որտեղ շարունակ խոսվում էր Քրիստոսի արցունքների և մեղավոր սրտերի ապաշխարության մասին: Գաուսը գիրքը մոր մոտ տարավ, որ նրան նույնպես կարողանար բացատրել այդ նշանները, բայց մայրը ծիծաղեց և տխուր շոյեց գլուխը: Հենց այդ պահին էր, որ նա հասկացավ՝ մարդիկ չեն ուզում օգտագործել իրենց մտքերը: Մարդիկ խաղաղություն են ուզում: Նրանք ուզում են ուտել, քնել և ուզում են, որ մյուսները սիրալիր լինեն իրենց նկատմամբ: Իսկ ինչ չեն ուզում անել՝ մտածելն է:
Անգլերենից թարգմանեց Արփինե Խեչիկյանը
Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2014/07/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել