Գիշերը մութ է ու տարօրինակ: Ինչ-որ ուժեր են բարձրացել նորից, որ չկային դեռ մինչեւ մայրամուտ: Խլեցին գույները, որ հանգչում էին մուգ կապույտների մեջ: Մի տարօրինակ, անզգամ պատառ կախվեց երկնքից, փակեց գույների ճամփան աննկատ, բայց՝ միանգամից: Մութը դուրս եկավ ու կորավ ամեն ինչ:
Տարօրինակ է: Նման չէ նախորդ օրերին, այսօրը նոր է, գուցե՝ բացահայտում: Բայց մութը խորն է ու անթափանցիկ:Մթի գիշերում շշուկներ որ կային, էլ չկան կարծես, կորել են անհետ, երեւի միանգամից:
Բայց հեռվին մթում մի երկու շշուկ դեռ տարածում են աղմուկը թաքուն: Հավանաբար վերջին հարվածն է, որ պատարաստվում են երկինք ուղարկել:
...Ու հանկարծ տարբեր, մի տարօրինակ ձայնային պայթուն պատռեց մթնային գորշ լռությունը. «Դու դեռ ինձ պետք ես»:
Ավաղ միայն արյան կարմիրն էր, որ մթին գիշերում արեւաթաքուն իր դերը խաղաց: Լուսավորվեց տարածքը մթին ու հոսեց առաջ: Նա դեռ կանգնած էր արյան կարմիրի լույսով ողողված: Տեսածից ապշած ոչինչ չի ասում ու չի էլ զգում:
Նա չկա արդեն: Նա չկար արդեն, երբ պահող խոսքը ուշացավ հանկարծ:
Վարկյանն էր կարեւոր այս պատմության մեջ, ասված բառերի արագությունը: Եթե կես վայրկյան արագ հատեին մթության ուղին՝ գուցե նա լիներ դեռ այստեղ կանգնած:
Կանգնեց աղջիկը մեկ ժամ, գուցե երկու, ինչ կարեւոր է: Հետո շրջվեց, որ էլ չտեսնի կարմիր արեւի մայրամուտը՝ փամփուշտը սրտում, իսկ ատրճանակը հարվածից հեռու, հեռու շպրված:
Մայրամուտն էլ ինքնասպանություն է, հոգին մարմնից ազատելու դանդաղ պարային մերկ գործողություն:
Նյութի աղբյուր՝ http://artsunset11.blogspot.com/2014/07/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել