Մաս առաջին 
Մանե
Համակարգչի մկնիկը շարժվում էր ծուլորեն, բայց նպատակին հսանելու ցանկությամբ:
Էկրանին նկարներ էին,տղաներին հատուկ տարբերությամբ:
Հիմար մականուններով ու նաև հիմար նկարներով:
- Էդ կոմպ հնարողի ինչն եմ ասել,կտրվի էլի,աչքերդ ափսո՞ս չեն:
- Մամ կինո եմ նայում,գիտաֆանտաստիկ,- ինչ լավ, է որ մայրը չի հասկանում համակարգչից,մտածեց ու շարունակեց “Ծանոթությունների կայք”-ում իր “ճամփորդությունը”:
Մայրն անաղմուկ մոտեցել ու նայում էր:
- Էս ո՞վ են Ման ջան:
- Դե կինոյի դերասաններն են,իրենց մասին տեղեկություններով:
- Բոլորը տղանե՞ր են,աղջիկ չկա՞ կինոյում,- կասկածանքով հարցրեց մայրը:
- Սկզբից տղաներին են ցույց տալիս….
Մանեն մտածեց,որ երևի կարմրեցի ու ձեռքերով գրկեց այտերը:
Համակարգչի վրա հաղորդագրություն եկավ <Բարև  >
Մայրը հանեց ակնոցներն ու գնաց խոհանոց:
<Բարև,մաման մոտս էր,դրա համար ուշ պատասխանեցի>
<Խնդիր չկա,մամայիցդ քաշվում ես,թե տարիքդ ես սխալ գրել >
<Չէ իրոք 28 եմ,բայց այ անունս ճիշտ չեմ ասել>
<Բա քեզ ո՞նց դիմեմ,ինչպես մի՞շտ,ինչպես նիկու՞մ է գրված “Stella28”>
<Հա, Ստելլա,իսկ քո անկետան ճի՞շտ է լրացրած,նիկդ “Aktiv”,իսկ անու՞նդ,ընտանեկան դրությու՞նդ>
<Չէ,անունս Գևորգ է, դե իրավաբանորեն եմ ամուսնացած,ապրում ենք առանձին առանձին,49 տարեկան եմ,մեծ եմ քո համար >
<Երիտասարդներից պրծում չկա,համ էլ դատարկ են,խոսել չի լինում,մտքներում էլ նույն բանն է >
<Միգուցե հանդիպե՞նք,խոսե՞նք>
<Չգիտեմ,ախր չենք ճանաչում…>
<Կծանոթանանք,մի շաբաթ գրում ենք իրար դա բավակա՞ն չէ,հրավիրում եմ սուրճի…հավատացնում եմ, որ անկեղծ ու ազնիվ եմ>
<Լավ,բայց մեկ ժամով կարող եմ>
< ժամը 19.00 հարմա՞ր է,Իսահակյանի արձանի մոտ,եթե դուրդ չգամ կգնաս երբ ուզես,հակառակ դեպքում կգնանք Մոնումենտից գիշերային Երևանը դիտելու>
<Լու՞րջ>
<Այո մորաքույրս այդտեղ է ապրում,համ լավ սուրճ է պատրաստում,համ էլ իր բալկոնից տեսարանը գժվեցնող է,չասացիր հարմա՞ր է թե ոչ>
Եթե մորաքրոջ տուն է հրավիրում,ուրեմն լուրջ մարդ է,վախենալու բան չկա:
<Հարմար է,ես կապույտ շրջազգեստով կլինեմ,սպիտակ երիզներով>
<Ես էլ սև շալվար ու սպիտակ վերնաշապիկով,կգտնենք իրար,այսքան որ ման ենք եկել հիմա իրար բաց չենք թողնի >
Մանեն անջատեց համակարգիչն ու վեր կացավ:
Դեռ երեք ժամ կա,կհասցեմ ցայվել,մազերս կֆենեմ,-մտածեց ու մտավ իր սենյակը:
- Մանե հաց եմ դնում,-լսվեց խոհանոցից:
- Մամ,մի հատ ցայվեմ դուրս գամ,նոր:
- Տեղ ես գնու՞մ,-մոր թափանցիկ հայացքից միշտ խուսափում էր:
- Հա, Նարինեի տուն, ժամը յոթին հավաքվում ենք:
Մայրը մտավ ննջարան:
- Կապույտի տակ կապույտ լիֆ հագիր:
- Ես սպիտակն եմ սիրում:Մամ տակից պետք է ամեն ինչ սպիտակ լինի:
<Ես բախտ չունեցա,գոնե քո մոտ լավ լինի,Աստված քեզ պահապան,լավ է դեռ որ ինձ նման կրքոտ չէ,օղորմածիկ հորն է քաշել>-մտածեց մայրը: 
Մանեն դուրս եկավ սենյակից,հարդարված,գեղեցիկ,կապույտ շրջազգեստը լավ էր նստած մարմնին:Կրծքերը ձիգ,հայացքը հպարտ,ինչպես մայրը երիտասարդ ժամանակ:
- Ու՞շ ես գալու,Ման ջան,հեռախոսդ չմոռանաս:
- Չգիտեմ մամ ջան,դե հավաքվում ենք էլի:
Մայրը դուռը փակեց Մանեի հետևից,բանալին դիտմամբ թողեց դռան փականի մեջ:
<Հիմա նրա աշխատանքիավ արտի ժամն է>,մտածեց ու վերցրեց իր բջջայինը:
Անհասանելի է,ինչու՞:
Մի քանի անգամ զանգելուց հետո,երբ հասկացավ որ անիմաստ է, մոտեցավ համակարգչին:
Միացրեց:
Մատների վարժ շարժումներով միացրեց Outlook-ը, հավաքեց [email protected]
<Բարև,Գև,որտե՞ղ ես,չես պատասխանում հեռախոսիդ>
Պատասխանը չուշացավ:
<Աշխատանքի,այսօր երկար եմ մնալու,ակկումուլյատորն է նստել>
<Կարոտել եմ,քեզ եմ ուզում:Գնա՞նք մորաքրոջդ տուն…Մոնումենտ,ես չեմ կանչում,մարմինս է քեզ կանչում>:
<Այսօր չէ,թոռանս խոսք եմ տվել այգի տանեմ,համ էլ կարծեմ մորաքույրս վերադարձել է գյուղից> 
<Ուղղակի կզբոսնենք>
<Չէ հաստատ չի ստացվի,լավ Նոն ջան,ուշանում եմ>
<Ինչ որ բա՞ն է եղել:Արդեն մեկ շաբաթ է չենք տեսնվել>
Պատասխանը չեկավ:
Փակեց Outlook-ը:
Կանչող մարմինը կատաղել էր,բարձրացել նստել ուսերին ու իր երկար,կատաղի մատներով չանգռում էր ուղեղը,կուրծքը,փորը,փորատակը…:
Միացրեց “Ծանոթություններ կայք”-ը ու մկնիկի շարժանիվով անիմաստ սկսեց պտտվել հիմար մականունների ու հիմար նկարների վրայով: 
<Անիմաստ է> մտածեց ու ծալեց էջը:
Հետո որոշեց հանգստանալու համար գրել նրան,ուղղակի գրել:
Բացեց մի Word ու ստեղնաշարին սովոր վարժ մատներով սկսեց գրել…
Էկրանի տակ թարթող հաղորդագրություն էր,բացեց.
< <Բարև ,ծանոթանա՞նք,ես Աշոտն եմ >:

Մանեն բացեց դուռը,նայեց ժամացույցին:
Քնա՞ծ կլինի, թե՞ սպասել է:
- Մա՞մ:
Երևի քնել է,ավելի լավ,կասեմ շուտ եմ եկել:
Մտավ սենյակ:Մայրը գլուխը դրած համակարգչի սեղանին քնած էր:
Էկրանին մի բացված էջ էր,ինչ որ տեքստ…
Աչքերին չէր հավատում:
Զգույշ նստեց մոր կողքը ու սկսեց կարդալ:

Մաս Երկրորդ 
Այրու նամակը

Գիրկս լաց է լինում ձագը կորցրած կատվի նման:
Թրջվել է հիշողություններից, թե արցունքներից, արդեն չեմ հիշում:
Շուրթերս ձգվում ու ցանկանում են խաչվել շուրթերիդ,բայց հանդիպում են սիրո հիշողությանը ու համբուրվում նրա հետ:
Ես համբուրում եմ իմ սիրո հիշողությանը երկա~ր-երկա~ր ու հավատում եմ, որ աշխարհի բոլոր ներվերը հանգուցավորվում են իմ կրծքերում:
Մարմինս բղավում է բոլորին, որ եկեք,եկեք, երկրաշարժ է,Մեծ ջրհեղեղն է իր սկիզբն առնում,երբ ծովափի ավազների մեջ եփած ձեռքերով վերցնում ես կրծքերս կամ դեմքդ թաղում աշխարհի հանգույցում:
Մի կողմ շպրտված տխրությունը, թանձր հարսնաքողի նման իջնում է մարմնիս ու դանդաղ չորացնում իմ գիրկը խոնավ,շուրթերը իմ թաց:
Ոտքերով տրորում եմ ու բյուր կտորների վերածում կրքին դիմակայելու պատրանքը,ցրում անկողնովս մեկ,պատկառանքով ու հարգանքով մերկ բայց զուսպ պառկում վրան:
Նոյան ագռավի բոլոր սերունդները լցվում են իմ մեջ,լափում են մարմնիս բարեպաշտ զսպվածության վերջին մասնիկները:
Մարմինս այրվում ,դաղվում է ներսից ու զգում, որ բարձրացել է հաճույքի ամենազոր բաժինը ստանալու խարույկի վրա:
Շուրջն անապատ է արևից կիզիչ:
Քրտինքի ծով է ու օրոր,օրօր և լոկ ութ վայրկյան նավդ կգնա դիվահար մի տեղ,կխարսխի, դանդաղ մորթելով օրօրը:
Սատկած ձկան աչքի նման միակ աչքդ կխամրի,կդողա,կփափկի,կփակվի…
Միթե չես լսում,նորից եմ կանչում:
Ես քեզ եմ կանչում վայրի կարապի տնքոց կռինչով…ա~րի, լացում է գիրկս կատվի պես,մարտյան օրերի բութ գիշերներով,ձագին ման գալիս:
Դե լավ,նորից չես գալիս, բայց գոնե մնա, մնա երկտակված մարմնիս ծալքերում,որ ես վայելեմ վերջը վայրկյանի:
Ծվարած մնա մարմնիս ծալքում,մնա որ պոռնիկ կեցվածքով կանգնեմ աչքերիդ առաջ,գլուխս թաղեմ մերկությանս մեջ,նայեմ քո ձկան կուրացած աչքին,բղավեմ վրադ. 
- Որ է ձագը իմ…հետո լաց լինեմ ու արցունքներս թափելով կրծքիդ շշնջամ սիրով.
- Սերը ոչ միայն հոգով է լինում,այլև մարմնով: 
Հեռացիր հիմա,կրծքերիս տաքը ափերով բռնած,տար թող ջերմացնի երկնքից սանձած ճնճղուկի ձագեր,ու սիրիր այնպես ինչպես սիրեցիր մի պոռնիկ այրու:
Ու սիրիր այնպես, որ նորից սուտը ականջ պայթեցնի,լեզու չորացնի:
Որ չկարողանաս մեկ էլ բարբաջել պապանձված լեզվով.
- Սերը ոչ միայն հոգով է լինում,այլև մարմնով: 

Մաս Երրորդ 
Լուսաբաց

Գրկախառնված լալիս էին երկու Կին:
Մեկը լալիս էր անկարողությունից,որ չպահպանեց կամ չցանկացավ պահպանել կյանքի փոշում կորած,կենգուրուի նման իր փորապարկից դուրս շպրտեց ձագին,երբ վայրի գազանն էր փորձում հոշոտել իր մարմինը: Ու ինքը դեմ չէր:
Մյուսը լալիս էր, հիշելով իր կուսությանը հրաժեշտ տալու վայրկյանին ականջին հնչաց ադամախոսքերը.
- Սերը ոչ միայն հոգով է լինում,այլև մարմնով: 

Մանեն նայեց մոր աչքերին – աչքերը թաքցրել էին միտքը:
Ես նման եմ մորս,կրքոտ ու արևահամ:
Մանեն կռացավ անջատելու համակարգիչը,արցունքների մի քանի կաթիլներ ընկան ստեղնաշարի վրա, որի կոճակներով էր գրվել նամակի վերջին տողերը
- Սերը ոչ միայն հոգով է լինում,այլև մարմնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել