Զորավար Անդրանիկի վկայությամբ. «1901թ. տարուան  հոկտեմբեր ամիսն էր: Կելիկուզան գիւղին մեջ մեր զինւորներեն գաղտնի խորհրդակցական ժողով մը գումարեցինք: Ես, Գեւորգը, Վաղարշակը եւ Հաճի Հակոբը: Մեր խորհրդակցութեան նպատակն էր միջոց մը եւ չամփա գտնել, հայ ժողովրդին վրայ ծանրացող տառապանքը մեղմելու եւ թրքական ու քրդական հարստահարություններն ու հալածանքները դադրցնելու …»:

Խորհրդաժողովի միասնակիցները Հաջի Հակոբի առաջարկությամբ որոշում են ֆիդայիններով բարձրանալ ս. Առաքելոց վանքը, ամրանալ նրա  ամրակուռ պարիսպների հետեւում եւ, որպես բողոքի արտահայտություն՝ կռիվ մղել: Ընդունելով համանման որոշում՝ խորհրդաժողովի մասնակիցները հույս ունեին, որ այս ճանապարհով կարելի է.

  1. Սթափեցնել ժողովրդին, որպեսզի նա ոգեշնչվի հայդուկների մղած պայքարից, հրաժարվի դավանափոխ լինելու մտադրությունից:
  2. Երկարատեւ դիմադրությունը կարող է սթափեցնել նաեւ կառավարությանը, որը հարկադրված՝ կմեղմացնի հայության նկատմամբ գործադրվող հալածանքները:
  3. Քրիստոնյա տերությունների հյուպատոսների ուշադրությունը բեւեռել իրենց պահանջների վրա:

Պետք է նկատել, որ Առաքելոց վանքի կռիվը յուրօրինակ ձեռնարկում էր հայդուկային պայքարի մարտավարությունում: Հայդուկների մղած կռիվները մինչ Առաքելոց վանքի կռիվը կրում էին պաշտպանական բնույթ: Որպես օրենք, նախահարձակ կողմը մշտապես հակառակորդն էր, իսկ այս անգամ նախահարձակը հայդուկներն էին:

Կռիվների 11-րդ օրը, հայդուկների հետ բանակցելու նպատակով, վանք եկան Խոսրով եւ Հովհաննես վարդապետերը, ինչպես նաեւ թուրքական կողմը ներկայացնող Մահմեդ եւ Մուխթար կոմիսարները:

Պատվիրակության հետ բանակցությունները վարում էին Անդրանիկը, Գեւորգ Չաուշը (Գեւորգը Չաուշ մականունը ստացել է հենց այս կռիվների ժամանակ) ու Հաջի Հակոբը: Նրանք պատվիրակության անդամներին ներկայացրեցին իրենց ձեռնարկումի շարժառիթները եւ պահանջները:

Ա.  Ազատ արձակվել քաղաքական բանտարկյալներին:

Բ.  Պատժել Սպաղանքի, Հեթինքի, Շուշնամերկի եւ մյուս գյուղերի ավերողներին ու ֆինանսապես հատուցել վնասված գյուղերին:

Գ.  Ըստ կառավարական օրենքի այլեւս գյուղերը չկարողանային վաճառել կամ գնել:

Դ  Հատուցում վճարել Մշո դաշտի 50-60 անմեղ զոհերի ընտանիքներին ու պատժել նրանց սպանող ոճրագործներին:

Իրենց հաստատակամությունն առավելագույնս հաստատելու  եւ պատվիրակության վրա ազդեցիկ տպավորություն գործելու նպատակով՝ վերջում Զորավար Անդրանիկը ավելացնում է, որ «...նպատակներս է անձնազոհ լինել ազգներուս իրավունքը պաշտպանելու համար, եւ եթե պահանջուի, պիտի կռուինք ու մեռնինք»:

 

Մշո ս. Առաքելոց վանքի կռիվը մեծ ազդեցություն ունեցավ ինչպես հայ ժողովրդի համար, այնպես էլ թուրք եւ քուրդ քոչվորների համար: Ժամանակակիցների հավաստմամբ, երբ դեռ հայդուկները վանքի պարսպների մատույցում քաջաբար կռվում էին, դրսում հայ ժողովուրդը արդեն երգեր էր հյուսում եւ երգում նրանց մասին: Մարտերից հետո ժողովուրդը նորից սկսեց երգել իր քաջերի մասին, այլեւս չէր մտածում  ուղղափառ կրոնը ընդունելու մասին եւ իր հույսը նորից կապեց հայդուկների հետ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել