Աշոտ Երկաթ ( Արմենակ Լեւոնյան)
Աշոտ-Երկաթ՝ ավազանի Արմենակ Լեւոնյան, ծնվել է 1870 թվականին, Բաղեշի Ծղակ գյուղում: Ուսումնատենչ երիտասարդ՝ պանդուխտ, մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ուր միացել է Հ.Յ.Դ. շարքերին եւ մի շրջանի աշխատկցել է նոր հիմնված «Հայրենիք» օրաթերթին։
Դեպի Երկիր կոչին առաջին ընդառաջողներից եղավ Աշոտ-Երկաթը։ 1903 թ. մասնակցեց Հ.Յ.Դ. երրորդ Ընդհանուր Ժողովին Սոֆիայում: Այնուհետեւ անցաւ Սասուն եւ գործակցեց Հրայր-Դժոխքի ու Վահանի հետ։
Զինատար խումբերի եւ զենքերի փոխադրության գործին նվիրեց իր կյանքը եւ 1904 թվականի հունիս 21-ին, երբ դարձյալ կանցներ սահմանը դեպի Երկիր՝ Արճեշի մերձակա Խոջալլու ձորակի կռվում, զենքը ձեռքին վնկավ ազատության արյունոտ ճանապարհին։ 1904-ին, հայոց հինավուրց քաղաք Արճեշի մերձակայքում, քրդերի կողմից Խոջալլու անվանված ձորակի մէջ, շուրջ երեսուն հոգուց բաղկացած հայդուկների զինատար խումբ կենաց-մահու կռիվ մղեց հարյուրավոր զինյալ քրդերի դեմ:
Իգդիրից ճամփայ ելած ու ռուս-թրքական սահմանը հատելով Սասուն ուղղեւորվող ֆեդայիների խմբապետը Աշոտ-Երկաթն էր, որ պարտականությունը ուներ իր խմբի հետ մեծաքանակ զենք, զինամթերք եւ դրամ հասցնելու Սասնում համաժողովրդային ապստամբությունը նախապատրաստող Հրայր Դժոխքին եւ Վահանին։
Արճեշը պատմական հայկական քաղաք էր, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառում, Վանա լիճի հյուսիսային ափին: Ինչպես նշում է այդ օրերին «Դրօշակ»ը Արճեշի կռվին նվիրված իր թըղթակցության մեջ, հայդուկների խումբը հանգստի կարիք ուներ, բայց չէր ցանկացել գիշերել Արճեշի հայկական գյուղերից որեւէ մեկում, որպեսզի սահմանը հատող հայ ֆեդայիների համար պատուհաս դարձած թալանող քրդերի կողմից նկատվելու դեպքում, ամբողջ գյուղը թիրախ չդառնար քրդերի եւ թրքական կառավարության ջարդարար ախորժակներին։
Աշոտ-Երկաթը Խոջալլու ձորակի մեջ գտնովող քարայր ընտրում է իբրեւ հանգիստի եւ գիշերելու վայր։ Տեղավորվելուց հետո, խմբապետը երեք հայդուկների (Քլեցի Պողոսը եւ երկու Ապրոները) առանց զենքերի ուղարկում է մերձակա հայկական գյուղերը, որպէսզի սնունդ բերեն ուժասպառ խումբին։ Բայց հայդուկները, սնունդ ապահովվելուց հետո, վերադարձի ճամփին հանդիպում են քուրդ թալանչիներին, որոնք հասկանալով որ հայ երիտասարդները պատահական անցորդներ չէին, այլ ֆեդայիներ, Քլեցի Պողոսին տեղում դաշույնով մորթում են, Ապրոներից մեկին ձերբակալում, իսկ երրորդին հաջողվում է փախուստ տալ եւ վերադարնալ քարայր:
Քրդերը պաշարում են հայդուկների թագստոցը։ Մութը հազիվ բացված խմբապետը հայդուկներին դասավորում է այնպես, որ խումբը կռիվ մղելով ճեղքի պաշարման շղթան եւ շարունակի ճամփան։ Այդպես էլ լինում է։ Իսկ ինք՝ խմբապետը երկու ընկերների հետ մնում է քարայրում, ուր փոխադրվող պայթուցիկներից մի մասը թաղում են, որպեսզի քրդերի ներխուժման ժամանակ պայթեցնեն քարայրը:
Արճեշի մերձակա Խոջալլու ձորակի քարայրին պայթումի դարձավ ավելի քան 30 քրդերի մահվան պատճառը, իսկ Աշոտ-Երկաթը, երբ կռիվ մղելով ցանկանում է հասնել արդեն պաշարումը ճեղքած ու ազատված իր խմբին, ճանափարհին թիկունիքց վիավորվում է եւ գլորվում ընկնում ձորը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=387862734614624&set=a.372404676160430.83797.190523497681883&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել