Այո, չես ստացել: Բայց ես գրել եմ...Գիտեմ, հիմա ծիծաղում ես խոսքերիս վրա: Բայց զուր է ծիծաղդ` բարձր, լիաթոք եւ իհարկե...քինոտ: Դա արտաքուստ, իսկ ներքո՞ւստ... Որպեսզի հավատաս խոսքիս, ինձ կեղծ ու անսիրտ չհամարես, այս նամակի հետ ես քեզ եմ ուղարկում քո բոլոր նամակների պատասխանները, որոնք ես գրել ու պահել եմ քո նամակների հետ: Ուշադիր նայիր տարեթվերին: Տեսնո՞ւմ ես, մեկ օրվա մեջ որքան նամակ եմ գրել, որոնք վաղուց արդեն խունացած են, քանի որ գրելու պահին թաթախվում էին իմ արցունքներով, իմ ցավով, քեզ անպատասխան թվացող, տեղ չհասնող սիրո խոստումներով...
Որքան էլ փորձում էի ապահով թաքցնել նամակներդ, միեւնույնն է նրանք այնքան լուսավոր էին, որ թվում էր, սենյակ մտնողը նրանց լույսից կարող էր շրջել դեմքը դեպի իմ թաքուն գաղտնարանը, հետաքրքրված յուրօրինակ լույսից` բանալ դարակն ու անշուշտ տեսնել իրար վրա դարսած, կանոնավոր ձեռագրով գրված նամակներդ, որոնք ուղղված էին ինձ, միմիայն ինձ: Նամակներդ վախով ստանում էի, սրտի դողով բացում, կարդում բազում- բազում անգամներ, արցունքներով թրջում, համբույրներով ծածկում ու նորից ծրարելով դնում գրասեղանիս դարակներից մեկում, աչքից հեռու, մի մութ անկյունում: Միայն թե ոչ ոք չնկատեր, իմ «անբիծ» անվան վրա մի փոքրիկ, շատ փոքրիկ բիծ չնշմարվեր:
Ինչպե՞ս, խախտել սահմանված կա՞րգը, դեմ գնալ հանրությա՞նը...Ամուսնացած կին եւ դեռ շարունակություն ունեցող սիրային նամակնե՞ր...Իսկ եթե կան նաեւ հանդիպումներ...Դա սարսափելի է:
Միշտ սիրել ու հիշել եմ քեզ, եւ վախեցել բացահայտվելուց, իմ պահած սիրուց: Ու թեկուզ հեռվից, այդ սիրուց մնացած մի փոքրիկ շողն անգամ, այն ժամանակ կարող էր մի մեծ խարան լինել իմ նման «պարկեշտ», ամուսնացած կնոջ համար:
Սե՞ր...Ա՜, դա անցած-գնացած մի պատմություն է եղել: Դե բոլոր ջահելներն էլ ունեցել են, ապրել` մտածում էին իմ ընտանիքում: Իսկ հիմա՜ դու կին ես եւ մայր, ուրեմն անկարելի է երտասարդ տարիներիդ ունեցածը, ընտանիք բերել ու անշուշտ հիշել: Մոռացիր ընդմիշտ` ասում էր մի ձայն: Ձայնը մարում էր, հիշողություններս`փոթորկվում...Մեր պատմությունն իմ ներսում շարունակվում էր...