...կամ արդյոք սպառվել են բռնաբարողին դիմադրելու բոլոր ռեսուրսները...
Հայաստանում ՏԻՄ ընտրությունների առաջադրումների փուլը տխուր վիճակագրություն է արձանագրում: Քաղաքական այն ուժերը, որոնք մտադիր են նախագահական ընտրություններում հանդես գալու իրենց թեկնածուներով` մեղմ ասած, անլուրջ են վերաբերվում ՏԻՄ ընտրություններին: Եթե նախագահական ընտրություններին նրանց մասնակցությունը ֆարս չէ` ինչու չեն օգտագործում այս բացառիկ հնարավորությունը` ջարդելու ՀՀԿ-ի գրեթե մենիշխանությունը ՏԻՄ համակարգում, չէ որ իշխանության համար այս համակարգը վերարտադրման համար կարևոր ռեսուրս է: Քաղաքական ուժերի մասնակցությունը այս ընտրություններին քաղաքական երանգ կտար, հետևաբար ՏԻՄ-երը կդադարեին լինել խնամիա-քավոր-սանիկա-ընկերախմբային "բեսեդկաներ", որտեղ "սխոդկայի" օրենքներով որոշվում են այս կամ այն ընկերոջ կամ հարազատի հողաբաժնի չափը: Այս առումով Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքացիական նախաձեռնությունը ուղղակի ապտակ հասցրեց Հայաստանի ծերացած և փնթփնթան քաղաքական համակարգին: Հերոսական բալլադների հնչյունների տակ ճեմող քաղաքական լիդերները կարծես հորանջելով սպասում են նախագահական ընտրություններին` որպես մի հերթական միջոցառման, որտեղ մի քանի քոփի-փեստ կկարդան իշխող կոռումպացված ավազակախմբի մասին, կվաստակեն իրենց մի քանի տոկոսը, որպեսզի հնարավորություն ունենան վայելելու Հայաստան այցելող միջազգային պատվիրակություններին հանդիպելու արտոնությունը: Իսկ մինչև վերջ պայքարելու մասին հոխորտացողների համար ՏԻՄ ընտրությունները կարող էին դառնալ հայ ընդդիմադիր ճակատի Ստալինգրադյան բեկումը:
Քաղաքական դաշտի այս ողբալի վիճակը ինձ հիշեցնում է ռուսական ամսագրերից մեկի "Խորհուրդներ կանանց" բաժնի մի գրառումը. "Եթե ձեզ ծովափում ցանկանում են բռնաբարել.
ա/ ոստիկան կանչեք
բ/ եթե տարածքում ոստիկան չկա` օգնություն խնդրեք մյուս հանգստացողներից
գ/ եթե մոտակայքում մարդ չկա` բռնաբարողի գլխին հարվածեք բութ առարկայով
դ/ եթե ձեռքի տակ հարմար բութ առարկա չկա, փրկության որևէ ելք չկա և միևնույնն է` Ձեզ պետք է բռնաբարեն, ապա թուլացեք և մաքսիմալ հաճույք ստացեք..."
Հիմա իմ տպավորությամբ քաղաքական գործիչներից շատերը այդ կոնցեպցիայով են առաջնորդվում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել