Հայաստանի ատոմային էլեկտրակայանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի արած հայտարարություններից շատերը լուրջ մտորումների տեղիք են տալիս: 
Մասնավորապես, ՀԱԷԿ-ում կատարած շրջայցից հետո լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նախարարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կստորագրվի պայմանագիր, որի համաձայն՝ Ռուսաստանը հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքների համար կտրամադրի 300 մլն դոլար վարկ: Նրա խոսքով` Ռուսաստանի հետ բանակցությունները մոտենում են ավարտին: 
«Խոսքը գնում է ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկավորման մասին», - ասել է նախարարը:
Երվանդ Զախարյանի խոսքով՝ ՀԱԷԿ-ն այսօր ունի կուտակված ֆինանսական պարտավորություններ: «Դրանց ծավալը շուրջ 9-9,5 մլրդ դրամ է: Ֆինանսական պարտավորություններն առաջացել են փոխառությունների ու վարկային միջոցների կառավարման արդյունքում: Մենք պետք է կարողանանք հետագա տարիներին ավելի արդյունավետ կառավարում իրականացնել»,- ասել է նախարարը:
Այսպիսով, պարզվում է, որ մենք այնքան ձգձգեցինք նոր ատոմակայանի կառուցումը, որ այսօր զբաղված ենք Ռուսաստանին համոզելով տրամադրել 300 մլն դոլարի վարկ:
Ու որքան էլ այն լինի «ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ», այն չի դադարի վարկավորում լինելուց: 
Այլ կերպ ասած՝ մենք, հարցերն արմատական ձևով լուծելու փոխարեն, շարունակում ենք ընկնել վարկերի հետևից՝ մոռանալով, որ աշխարհի 10 մլն հայերի ռեսուրսը պիտի բավականացնի նաև նոր ատոմակայան կառուցելուն:
Ատոմակայանի կառուցման արժեքը գնահատվում է 4,5 մլրդ ԱՄՆ դոլար: Այն տևում է շուրջ 5 տարի: Այսինքն, եթե 10 մլն հայերից յուրաքանչյուրը տարեկան տրամադրի 90 դոլար, հարցը կարելի է համարել լուծված: Իսկ եթե լուրջ նվիրատվություններ կատարեն մեր բարերարները, էլ ավելի լավ:
Իսկ մինչ այդ՝ մեզ մնում է միայն վարկեր փնտրել և էլեկտրաէներգիա թանկացնել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել