Նոր աշխատավայրում առաջին աշխատանքային օրը երկար է հիշվում. հիշում եք ոչ միայն Դուք, այլ նաև Ձեր ղեկավարն ու կոլեգաները, հատկապես նրանք, ում հետ նույն սենյակում եք աշխատում: Շատերն այդ օրը մեծ սթրես են ապրում: Դա կապված է ոչ թե դժվարությունների, այլ վախի, կոմպլեքսների ու երևակայության հետ: Եթե կարողանաք հաղթահարել Ձեր մտավախությունները, ուրեմն գործի կեսն արված է:
Առաջին աշխատանքային օր
Եթե Դուք սկսել եք աշխատել մեծ կազմակերպությունում, գուցե ամբողջ շաբաթը դառնա «առաջին աշխատանքային օր». մեկ օրվա ընթացքում բոլորի ու ամեն ինչի հետ չեք հասցնի ծանոթանալ: Նոր աշխատավայրում Դուք օտար եք, Ձեր ամեն քայլին հետևում են: Հենց այդ պատճառով այս փուլում հոգեբանորեն ճիշտ կլինի ցույց տալ, որ Դուք ազատ եք շփման մեջ, բայց պետք չէ սա շփոթել, օրինակ, կոլեգաներին հումորային հաղորդագրություններ ուղարկելու հետ, Ձեզ հետաքրքրում է կազմակերպության հետ կապված ամեն ինչ (օրինակ՝ ինչպես են ընթացել աշխատանքները նախկինում). մի՛ խուսափեք հարցեր տալուց:
Դուք նույնացնում եք Ձեզ և կազմակերպությունը, օրինակ՝ կարելի է օգտագործել նմանատիպ արտահայտություններ՝ մենք, մեր հաճախորդները, մեր աշխատանքը և այլն. մի՛ օգտագործեք այսպիսի արտահայտություն՝ «Իսկ իմ նախկին աշխատավայրում…», Դուք լավ հարաբերությունների մեջ եք նախկին ղեկավարի ու կոլեգաների հետ. սա Ձեզ կբնութագրի որպես կոնֆլիկտների մեջ չմտնող անձնավորություն, ով «այրված կամուրջներ» չի թողնում:
Այսպիսով, առաջին աշխատանքային օրը բոլորը Ձեզ են նայում, հետևում են Ձեր գործողություններին. նույնը արե՛ք նաև Դուք, հաճա՛խ ժպտացեք, եղե՛ք անմիջական, աշխատե՛ք մտապահել Ձեր կոլեգաներին՝ նմանեցնելով նրանց ծանոթ կամ հայտնի մարդկանց (օրինակ՝ ֆինանսների բաժնի պետն իր բեղերով հիշեցնում է Վիլյամ Սարոյանին):
Եթե Ձեզ պաշտոնապես ներկայացնում են կազմակերպության աշխատակիցներին, հետաքրքրությո՛ւն ցուցաբերեք, մի քանի բա՛ռ ասեք, կարևոր չէ՝ ինչ կասեք («հաճելի ծանոթություն է», «ուրախ եմ ձեզ հետ աշխատելու համար»), կարևորը Ձեր պահվածքն է, ինքնավստահությունը մի քանի տասնյակ անծանոթ ու հետաքրքրասեր մարդկանց ուշադրության կենտրոնում: Իսկ եթե Ձեզ պաշտոնապես չեն ներկայացնում, ինքներդ փորձեք ծանոթանալ կամ խնդրեք ղեկավարին ծանոթացնել Ձեզ աշխատակիցների հետ, խոսեք նրանց հետ:
Ձեր առաջին աշխատանքային օրը պետք է հետաքրքիր, հագեցած ու դինամիկ լինի: Եվ հիշե՛ք՝ մարդիկ Ձեր մասին կարծիք են կազմում հենց առաջին տպավորությունից:
Աղբյուր